MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Tomorrow:+26 °C
Բայց աղքա՞տ է Հայաստանի բնակչությունը
19:53, 06.08.2022
1130 | 0


ՄՏՈՐԵԼՈՒ, ԽՈՐՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

05.08.2022 Elen Harutyunyan-Amatuni




Երեկ բարեկամներիցս մեկի հետ եմ խոսում, ով Մոսկվայում է ապրում և մի քանի օրով եկել է Հայաստան։ Ասում է․
- Բայց աղքա՞տ է Հայաստանի բնակչությունը։ Ախր Երևանի սրճարաններում, կինոթատրոններում, ժամանցի վայրերում տեղ ու դադար չկա։
Ասում եմ, դե Երևանի մեկ միլիոնանոց բնակչության մեջ, բնական է, որ շատ պիտի տեսնենք տեղ ու դադար չունեցող ժամանցի վայրեր։ Ընդ որում, տեղ ու դադար չկա նաև հիվանդանոցներում, վերականգնողական կենտրոններում, մանկական կլինիկաներում...
Իսկ երբ խոսում ենք մանկական աղքատության մասին, շատերի մոտ տպավորություն է, որ խոսում ենք միայն երեխաների՝ թերսնված լինելու կամ սեզոնային հագուստ չունենալու մասին, բայց իրականում պետք է դիտարկել նաև բազմաչափ աղքատության համատեքստում․․․իսկ Հայաստանում բազմաչափ աղքատության/զրկվածության ցուցանիշը 57% է․․․պատկերացնում եք, չէ՞, յուրաքանչյուր երկրորդ երեխան աղքատ է...
Իսկ թե ինչպիսի՞ տեսք ունի Հայաստանում մանկական աղքատությունը, պատմեմ իրական պատմություններով․
«Մենք 6 հավ ենք պահում, ամեն օր 3-4 ձու են ածում, ու ընտանիքի 5 անդամներով բաժանում ենք մեր միջև և կշտանում։ Այսօր մեր հավերից միայն մեկն էր որոշել ձու ածել, մաման ձուն բաժանեց 3 մասի, և ես քույրիկների հետ կերա, վրայից էլ շատ ջուր խմեցինք, որ հագենանք։ Հետո տեսա, որ մաման մի անկյունում նստած լաց է լինում, ինձ թվում է, համ նեղված էր, համ էլ սոված էր․․․»:
«Փոքր աղջիկս դարձավ 5 տարեկան ու մեր նպաստի միավորը 1500 դրամով իջավ։ Մեր ամբողջ ամսվա ծախսերը մենք հաշվարկել էինք ու հազիվ էինք տեղավորվել այդ նպաստի գումարի և ամուսնուս՝ սեզոնային աշխատանքից եկած աշխատավարձի մեջ։ Երեկ ամուսնուս հետ որոշեցինք նորից վերահաշվարկ անել, թե ոնց կարող ենք տեղավորվել ծախսերի մեջ, երբ 1500 դ պակաս ենք ստանում» ։
«Դե էրեխեք են, տեսնում են հասակակիցներին, իրենց սիրտն էլ է պաղպաղակ ուզում։ Շաբաթը մեկ կարողանում եմ 4 էրեխեքիս 1-ական պաղպաղակ առնել, բայց շաբաթը մեկ մի հատ մատնաքաշ պակաս ենք առնում․․․ ես ու ամուսինս այդ օրը մատնաքաշ չենք ուտում, որ էրեխեքը պաղպաղակ ուտեն, չնեղվեն․․․»:
«Մեր բակ մի հատ ժիգուլի եկավ, խնձոր էր վաճառում։ Ես ու քույրիկս էլ էնքա՜ն ենք սիրում խնձոր։ Վարորդը երևի հասկացավ, որ շատ եմ սիրում, բայց չենք կարող գնել, հանեց 1 հատ տվեց։ Սկսեցի հավեսով ուտել, հետո հիշեցի, որ ախր քույրիկս էլ է շատ սիրում։ Արագ բարձրացա վերև ու կերածս կիսատ խնձորը տվեցի քույրիկիս, որ ինքն էլ ուտի․․․․»:
Այսպիսի պատմությունները հազարավոր են, բայց աշխատանքիս ընթացքում եկել եմ մի եզրակացության. աղքատությունը դատավճիռ չէ․․․ եթե իհարկե աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքը ուզում է բարելավել իր կյանքի որակը...եթե չի ուզում, ապա մասնագետը կախարդական փայտիկ չունի:
Այս նույն ընտանիքներն այնքա՜ն լուսավոր են, պարզապես պետք է «մի քիչ հրել», չկորցնել մասնագիտական լավատեսությունն ու ամեն ինչ կընկնի իր տեղը: Այսօր 9-ամյա մի երեխա ինձ ասում է․ «Գիտե՞ք, մենք ընտանիքում մի կարևոր օրենք ունենք․ երբեք ու երբեք միմյանց չենք խաբում, ամեն ինչ իրար հետ կիսվում ենք» ։ Աչքերս կլորացրած հիացած նայում էի, թե որքա՜ն կազմակերպված ու լուսավոր ընտանիք է, և որքա՜ն պայծառ ապագա ունեն երեխաները:
Աղքատության խնդիրը չի լուծվի բարեգործությամբ․․․շատ բարերաների թվում է, որ իրենց տված լվացքի մեքենան, կովը, կարի մեքենան պիտի հրաշքներ գործեն, բայց ամեն ինչ այդքան պարզունակ ու հեշտ չէ․․․․ընտանիքները աղքատությունը հաղթահարելու համար «դրական ուղեկցման» կարիք ունեն, որը միայն մասնագետը կարող է ապահովել․․․բարերարները կարող են հրատապ աջակցության կարիք ունեցող դեպքերին արձագանքել, բայց դրանք «սոցիալական ասպիրին» -ի էֆեկտ ունեն ու երբեք չեն բուժի «ցավի» պատճառը։ Մասնագետն է, որ կկարողանա տեսնել երկարաժամկետ հեռանկարում ընտանիքի աջակցության ձևը․․․սարսափելի դժվար է, բայց անհնար չէ․․․
Մի բան, որ հիմա փորձում է անել պետությունը՝ անցում կատարելով պասիվ սոցիալական քաղաքականությունից ակտիվ սոցիալական քաղաքականության՝ զուտ բաշխման ծառայությունից անցնելով ակտիվացման քաղաքականության։
Այնուամենայնիվ
Հրատապ աջակցություն պահանջող դեպքերը շատ են և ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ․․․ շուտով սեպտեմբերն է, երեխաները պիտի գնան դպրոց, բայց չունեն դպրոցական հագուստ, կոշիկ, պայուսակ, գրենական պիտույքներ։ Եթե պատրաստ եք աջակցել (թեկուզև օգտագործված, բայց լավ պահպանված՝ առանց լաքաների, ոչ հնամաշ), ապա խնդրում եմ ցանկացած աշխատանքային օր 09։30-18։00-ի ընթացքում մոտեցնել հետևյալ հասցեներից որևէ մեկը․
1․ ԵՐԵՎԱՆ․ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամ, հասցե՝ Քանաքեռ-Զեյթուն, Կ․ Ուլնեցի 64, հեռախոսահամար՝ 060540150
2․ ՄԵԾԱՄՈՐ․ Ընտանիք և համայնք ԲՀԿ, Սուրբ Ղազար եկեղեցու հարևանությամբ, հեռախոսահամար՝ 094731306
3․ ԱՐՄԱՎԻՐ․ Ընտանիք և համայնք ԲՀԿ, Գրիգոր Նարեկացի եկեղեցու հարևանությամբ՝ Առաջնորդարանի շենք, հեռախոսահամար՝ 094195239
4. ԱԲՈՎՅԱՆ. Երեխաների աջակցության կենտրոն, նախկին Պիոներ պալատի շենք, 077 599434
Հ.Գ. լուսանկարը մի սիրուն ու լուսավոր ընտանիքից, որը տան գորշ պատերն այնքա՜ն սիրուն էր նկարել, որ միայն ջերմություն ու սեր էր փոխանցում:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
293 | 0
00:09, 09.03.2024
801 | 0
to top