MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+19 °C
«Անտեսելով վտանգը՝ նա հարձակվել է սրբապղծություն կատարած նախկին հոգևորականի վրա և թրով կտրել է նրա գլուխը»
16:07, 08.08.2022
2849 | 0

Բազում տարիներ Իսպանիայի Գրանադա երկրամասի մավրիտանացի կառավարիչ Մուհամմեդ իբն Յուսուֆ իբն Նասրին (1194 - 1273) ծառայած կաթոլիկ հոգևորական դոն Լորենսո Սուարես Գալինատոն 1245 թվականին ծառայության է անցել Կաստիլիայի և Լեոնի թագավոր Ֆերնանդո 3-րդին և արագ նվաճել է իր նոր տիրոջ վստահությունը:

Մի օր էլ Ֆերնանդո թագավորը դոն Լորենսո Սուարեսին հարցրել է, թե նա չի՞ վախենում արդյոք, որ իր հոգին ծախել է ու կործանել է, քանի որ բազում տարիներ ծառայել է անհավատներին և նրան օգնել է քրիստոնյաների դեմ պայքարում:

Դոն Լորենսոյի պատասխանն ապշեցրել է թագավորին, քանի որ նա ասել է, թե չի վախենում, որովհետև հույս ունի, որ արժանանալու է Տիրոջ ողորմածությանը, քանի որ մի անգամ ինքը կաթոլիկ հոգևորականի է սպանել: Ֆերնանդո թագավորը դոն Լորենսո Սուարեսին խնդրել է բացատրել իր ասածը, և վերջինս թագավորին հետևյալն է պատմել.

Գրանադայի ամիրային ծառայելու ամբողջ ընթացքում դոն Լորենսոն, թեպետ քրիստոնյա լինելու համգամանքին, իր մահմեդական տիրոջ կատարյալ վստահությանն է արժանացած եղել: Ամիրան նրան այնքան է վստահել, որ նրան նույնիսկ նշանակել է իր անձնական թիկնազորի պետ: Եվ մի անգամ, երբ նա ամիրային ուղեկցել է Գրանադայի փողոցներով անցնելիս, մարդկանց ինչ-որ աղմուկ է լսվել: Դոն Լորենսոն, որպես թիկնազորի պետ, անմիջապես սուրացել է այնտեղ, որտեղ աղմկել են, որպեսզի պարզի, թե ինչ է տեղի ունենում:

Պարզվել է, որ երբեմնի քրիստոնյա հոգևորականը, որ իսլամ է ընդունած եղել, հիմա զվարճացնում է իր նոր հավատակիցներին. նախկին քրիտոնյա հոգևորականը զոհասեղան է սարքել և համապատասխան զգեստավորմամբ պատարագ է մատուցել ու հաղորդության ծես է կատարել: Օծելով Հիսուսի մարմինը՝ նա այն հանձնել է մահմեդական մավրերին, որոնք այն ցեխն են նետել: Երբ դոն Լորենսոն տեսել է այդ անարգանքը, արյունը գլուխն է տվել. նա հիշել է, որ ինքը նախկինում քրիստոնյա է եղել, և որոշել է նախկին հոգևորականին պատժել այդ սրբապղծության համար: Անտեսելով վտանգը՝ նա հարձակվել է սրբապղծություն կատարած նախկին հոգևորականի վրա և թրով կտրել է նրա գլուխը: Այս հանդուգն արարքը, բնականաբար, կատաղեցրել է մավրերի ամբոխին, և նրանք քարերով ու փայտերով զինված, հարձակվել են նրա վրա: Դոն Լորենսոյի բախտից Մուհամմեդը ժամանակին դեպքի վայր է հասել, հրամայել է անմիջապես դադարեցնել հարձակումը և մավրերին հարցրել է, թե ինչու են նրանք ցանկանում սպանել դոն Լորենսոյին: Կատաղած մավրերն ամիրային պատմել են տեղի ունեցածը, և զայրացած Մուհամմեդը դոն Լորենսոյին հարցրել է, թե ինչպես է նա համարձակվել առանց իր հրամանի այդպիսի արարք կատարել: Այդժամ դոն Լորենսո Գալինատոն պատասխանել է.

«Գրանադայի տիրակալին քաջ հայտնի է, որ ես իր հավատակիցը չեմ, որ ես քրիստոնյա եմ, և, այնուամենայնիվ, նա ինձ վստահել է իր կյանքը, քանզի գիտի, որ սենյոր Սուարեսն ամիրային չի դավաճանի, և որ իր կյանքի նկատմամբ ոչ մի սպառնալիք նրան ետ չի պահի իր պարտքի կատարումից: Բանն ինչո՞ւմն է: Եթե ես այդքան նվիրված եմ մավրին ու մահմեդականին, ապա մի՞ թե ես, ամիրայի կարծիքով, չպիտի քրիստոնեական նվիրվածություն դրսևորեմ՝ պաշտպանելով Տիրոջ՝ բոլոր թագավորների թագավորի ու բոլոր տիրակալների տիրակալի մարմինը: Եթե ամիրան կհրամայի սպանել ինձ իմ այս արարքի համար, ես ուրախությամբ կընդունեմ այդ մահը»:

Լսելով դոն Լորենսոյի խոսքերը, Մուհամմեդ Առաջինը հավանություն է տվել ասպետի արարքին և այդ օրից էլ ավելի է վստահել նրան:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
207 | 0
to top