MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Tomorrow:+16 °C
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ՝ կրթություն հանուն ապագայի
16:19, 12.12.2022
1349 | 0

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ՝ կրթություն հանուն ապագայի



ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․Նաիրա Գասպարյան՝ հատուկ «Նիդերլանդական Օրագրի» համար


Տարածաշրջանում արդի աշխարհաքաղաքական զարգացումներով և միտումներով պայմանավորված՝ առանձնակի կարևորություն է ձեռք բերել քաղաքագիտության, դիվանագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտը, ոլորտ որի էական յուրահատկությունն ուղղակիորեն առնչվում է հայ մարդու ազատասիրական ոգուն, որը դժվար կաղապարելի է դիվանագիտական օրենքներով։ Սակայն գիտության և կրթության նկատմամբ մեծ հակումները, աշխատասիրությունն ու սթափ մտածողությունը օգնել են հային հրաշալի դիվանագետներ ու դպրոցներ ձևավորել ոչ միայն Հայաստանում (Արևմտյան Հայաստանում մեծ հռչակ ու մասսայականություն էին վայելում Գրիգոր Զոհրապն ու Վարդգես Սարինգյուլյանը), այլև աշխարհի հեռու-մոտիկ անկյուններում՝ իրենց նպաստը բերելով թե՛ այդ երկրների, թե՛ աշխարհի առաջընթացին։ Անգամ տարբեր երկրների միջև առևտրական հարաբերությունները զարգացնելիս, շուկաների շահերն ապահովելիս վաճառական հայերը ստեղծած հարստություններն օգտագործել են կրթական նպատներով՝ շփվելով հռչակավոր անձանց հետ հարել են զանազան դիվանագիտական շրջանների ու դպրոցների Հնդկաստանում, Չինաստանում, եվրոպական ու ասիական երկրներում, ստեղծել են նպաստավոր պայմաններ ու միջավայր դիվանագիտական կրթություն ապահովելու իրենց ընտանիքի օժտված անդամների համար։ Հիշենք քաղաքագիտական-դիվանագիտական բնագավառի մի քանի նշանավոր հայ գործիչների՝ քաղաքական դեմքերի, ովքեր իրենց վառ օրինակով այսօր էլ ոգեշնչում են հայ երիտասարդներին՝ շարունակելու հայ դիվանագիտական դպրոցի սովորույթները։ Հայ դիվանագիտության պատմության ամենահիշարժան դեմքերին անդրադարձ է կատարել Հ․ Ազատյանը իր «Հայերը դիվանագիտական խաչմերուկներում» աշխատության մեջ՝ հարգանքի տուրք մատուցելով Արևելքը՝ Եգիպտոս, Պարսկաստան, Թուրքիա, Խորհրդային Ռուսաստանն ու Խորհրդային Միությունը, Եվրոպան, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրները ներկայացնող հայ դիվանագետների՝ արտաքին գործերի նախարարների և դեսպանների։ Այդ անունները շատ են․ նշենք միայն մի քանիսին՝ Ադեմար Գաբրիել Բահադյան՝ Բրազիլիայի գլխավոր հյուպատոս Բուենոս Այրեսում, Հորասիո Անդրանիկ Չալյան՝ Արգենտինայի ԱԳ և պաշտամունքի նախարարության մրցույթով անցած դեսպանատան կցորդ, Հովհաննես Մասեհյան՝ դիվանագետ, ով ավելի հայտնի է իր Շեքսպիրյան թարգմանություններով, հայազգի իրանական ականավոր գործիչ, դիվանագետ, լուսավորիչ, հրապարակախոս, գրող Հովսեփ Հակոբի Մելքումյան (Մելքում խան), ով պարսկական պատվիրակության կազմում Փարիզում մասնակցել է Մեծ Բրիտանիայի հետ հաշտության պայմանագրի կնքմանը՝ թարգմանչի անվան տակ՝ որպես քաղաքական հարցերի, խորհրդատու, գործիչ, ում գործունեությանն է անդրադարձել Րաֆֆին, Ժան Կոկիյան՝ Լիբանանի դեսպանը Կամերունում, Պերուում, Էկվադորում և Բոլիվիայում, չմոռանանք նաև Թավրոշյանին՝ Լիտվայում, Նիկոլա Պաշիչին (Փաշայան), ով եղել է դեսպան Ռուսաստանում, ապա Սերբերի, Հորվաթների և Սլովենների Միացյալ Թագավորության վարչապետ։

Աշխարհաքաղաքականության այս հսկայական զարգացումների ֆոնին, իր առաջընթացն է ապրում հայաստանյան դիվանագիտական դպրոցը։ Համոզված ենք, «Նիդեռլանդական Օրագրի» ընթերցողները, իրոք, հետաքրքրված են Հայաստանում դիվանագիտության, հանրային կառավարման և քաղաքագիտության բնագավառների արդի զարգացումների միտումներով։ Գաղտնիք չէ, որ մեր բոլոր դեսպաններն ու դեսպանատների աշխատակիցները, քաղաքագետները իրենց դժվարին, բայց գերազանց աշխատանքի շնորհիվ գտնվում են աշխարհի հայության տեսադաշտում, որոնք բացի աշխատանքն իրենց աշխատավայրերում իրականացնելուց դասավանդում են նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ ԵՊՀ շրջանավարտ միջազգայնագետ-դիվանագետ դեսպանները, ինչպես օրինակ Արտակարգ և լիազոր դեսպաններ Վարուժան Ներսեսյանը, Տիգրան Բալայանը, Հասմիկ Տոլմաջյանը փայլում են իրենց ազգանպաստ գործունեությամբ։ Այսօր «Նիդեռլանդական օրագրի» ընթերցողին որոշեցինք ներկայացնել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որովհետև ՀՀ առջև ծառացած խնդիրների մեծ մասը իրենց լուծումն են գտնում ֆակուլտետի շրջանավարտերի ջանքերի շնորհիվ։ Առիթից օգտվելով շնորհավորենք ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում ամենաբարձր ու պատշաճ մակարդակով Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանին՝ գործունեության 4 տարին լրանալու կապակցությամբ։

ԵՊՀ ֆակուլտետներից համեմատաբար երիտասարդ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ դեկան Գեղամ Պետրոսյան, 1993 թվին բացվել է իբրև բաժին Պատմության ֆակուլտետում, ապա 1998 թվից գործել է իբրև ֆակուլտետ և այսօր հասարակությանն է ներկայանում իբրև կայացած ֆակուլտետ, որի գործունեությունը լի է հիշարժան փաստերով ոչ միայն քաղաքականության մեջ ներգրավված իր շրջանավարտներով, այլև քաղաքագիտական և դիվանագիտական բնագավառներում կատարած հսկայածավալ աշխատանքով։ Ֆակուլտետի պատմությանը, կառուցվածքին, գիտական հրապարակումներին կարելի է ծանոթանալ ԵՊՀ կայքում (Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ (ysu.am) ) ։

Ֆակուլտետի շրջանավարտները միշտ աչքի են ընկել արդյունավետ և օրինակելի, ազգանպաստ և հետևողական աշխատանքով։ Արտաքին հարաբերություններում իրենց նպաստն են բերել բազմաթիվ դիվանագետներ, միջազգայնագետներ, դեսպաններ, ֆակուլտետն օգնել է համալրել և երիտասարդացնել ՀՀ Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների կազմը՝ այս մասին մեզ տեղեկացրեց ֆակուլտետի ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․դոկտոր պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը, ով հեղինակ է 10 մենագրությունների և ավելի քան 100 գիտական հոդվածների, ում ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական ատենախոսություն: Պարոն Գ․ Պետրոսյանը 2011 թվականին գրած իր աշխատություններից մեկում, զանազան արխիվներից հավաքելով տեղեկատվություն փորձել է ամբողջացնել և ընթերցողին ներկայացրել աշխարհում առաջին կին բարեգործ պատվո հյուպատոսին՝ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Դիանա Աբգարին, ով Ճապոնիայում աչքի էր ընկնում իր ակտիվ հասարակական գործունեությամբ, սակայն նրա կյանքի ու գործունեության մասին տեղեկությունները սահմանափակ էին (մասնավորապես, հայտնի էր, որ նա ամուսնու հետ բնակություն է հաստատել Չինաստանում, ապա Ճապոնիայում, որտեղ ամուսինը զբաղվում էր մետաքսի վաճառքով, տարբեր ապրանքների ներմուծման և արտահանման գործերով՝ զարգացնելով նշված երկրների շուկան) ։ Առաջիկայում պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը պատրաստվում է ընթերցողի և մասնավորապես արհեստավարժ միջազգայնագետների դատին հանձնել իր նոր աշխատությունը նվիրված արդի քաղաքագիտական զարգացումներին։ Պարոն Գ․ Պետրոսյանը, զանազան աղբյուրների մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում հավաքած և մշակած տեղեկատվությունը պատրաստվում է ներկայացնել ամենամոտ ժամանակներում, քանզի գիրքը գտնվում է տպագրության մեջ։ (Հետաքրքրվողները կարող են ԵՊՀ կայքում առկա կոնտակտային տվյալների օգնությամբ դիմել հարգարժան պրոֆեսորին։)

Զրույցի ընթացքում պարոն Պետրոսյանը նշեց, որմիայն 2021-2022 ուս․ ֆակուլտետում տարում հրատարակվել է 2 մենագրություն, 81 հոդված, որից 21-ը՝ անգլերենով և ռուսերենով։

Ֆակուլտետի դեկանի տեղակալ պ․գ․թ․ Ժակ Մանուկյանը հավելեց, որ ֆակուլտետի առօրյայում իր ուրույն տեղն ունի մագիստրոսների համար առցանց դասընթացների կազմակերպումը ինչպես ուսումնական ծրագրի մաս, այնպես էլ ամառային դպրոցների շրջանակում, որը մեծ խանդավառություն է առաջացնում Միջազգային հարաբերություններ, Համաշխարհային քաղաքականություն, Հանրային (պետական) կառավարում, Ազգային Անվտանգություն, Հանրային (պետական) քաղաքականություն մագիստրոսական ծրագրերով սովորող և գիտական հետազոտություններ կատարող ուսանողների շրջանում, ովքեր հաջողությամբ ավարտելուց հետո աշխատանքի են անցնում իբրև պետական պաշտոնյաներ զանազան պետական կառույցներում՝ ԱԺ, ԱԳՆ, ԱԱԾ և այլն։ Նշվեց նաև, որ Հանրային կառավարման բաժնում այս ուսումնական տարում մագիստրոսի կրթական ծրագրում ներդրվել են նոր դասընթացներ, որոնցից վեցը դասավանդվում են անգլերենով, և որոնց թեմատիկ և մեթոդական հիմքը համապատասխանեցված է արտասահմանյան առաջատար ԲՈՒՀ-երում ընդունված ժամանակակից չափանիշներին և չափորոշիչներին։ Քաղաքագիտության բաժնում գործում է «Ազգային անվտանգություն» ծրագիրը՝ երեք կիսամյակով։ Դիվանագիտական Ծառայության և Մասնագիտական հաղորդակցման ամբիոնը ուսուցումն իրականացնում է ամբիոնի դասախոսների հեղինակած հատուկ ծրագրերով, ուսումնամեթոդական գրականությամբ, դասագրքերով՝ համահունչ միջազգային չափորոշիչներին։ Դիվանագիտական ծառայության տարբեր ոլորտներում ֆակուլտետի 10 ից ավելի շրջանավարտներ գործող արտակարգ և լիազոր դեսպաններ են, փոխդեսպաններ, առաջին և երկրորդ քարտուղարներ, հյուպատոսներ։ Ֆակուլտետի երեք բաժինների ուսանողների արտադրական պրակտիկան նախատեսվում է անցկացնել ՀՀ ԱԳՆ-ում, ԱԺ-ում, Կառավարությունում, Սփյուռքի բաժնում, քաղաքապետարանում, Սահմանադրական դատարանում, տարբեր նախարարություններում, տեղական կառավարման մարմիններում։ Հարկ է նշել, որ 1998 թվականից գործող ֆակուլտետի դասախոսների մի մասը արդեն ֆակուլտետի շրջանավարտներ են գիտական աստիճանով ու կոչումներով։ Նշենք, որ ֆակուլտետում են դասավանդել նաև հարգարժան Արման Կիրակոսյանը, Շավարշ Քոչարյանը։

(Առցանց համագործակցության, դասընթացների և դասախոսությունների մասին նյութերին կարելի է ծանոթանալ այստեղ

http://www.ysu.am/newspaper/hy/1447408436#.Y4B--b1BzIU

http://www.ysu.am/news/hy/Armenia-Iran-lecture-hall

http://www.ysu.am/news/hy/Summer-school-at-the-faculty-of-International-Relations

http://www.ysu.am/news/hy/online-lecture-at-YSU

http://www.ysu.am/news/hy/online-lecture-at-YSU-1595343289

Վերջին առցանց դասախոսությունը 30․11․2022, անդրադարձ էր հայ-իսպանական կապերին և դիվանագիտական հարաբերություններին։ «Հայ-իսպանական հարաբերությունները և դիվանագիտական ծառայության առանձնահատկությունները» թեմայով առցանց դասախոսությունը վարում էր Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, ով հորդորեց ուսանողներին մասնագիտական գրականության ուսումնասիրությունը երբեք չսահմանափակել սակավաթիվ հոդվածներով, հետևողական կերպով պարզաբանել առաջացած հարցերը, չամաչել հարցեր տալ, քանզի արհեստավարժ մասնագետ են դառնում հիմնականում հարցասերները: Քննարկմանը մասնակցում էին նաև «Դիվանագիտական գրագրություն (իսպաներեն)» գիտակարգն ուսումնասիրող մագիստրոսներ, ովքեր լեզուներին տիրապետում են ամենաբարձր մակարդակով, և դասախոսներ ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտներ։ Նշված առցանց դասախոսության մասին մանրամասները տե՛ս այստեղ:

Միջազգային հարաբերություններ բաժնում գործում են «Միջազգային հարաբերություններ» և «Համաշխարհային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրերը, էական փոփոխություններ են կատարվել մասնագիտական պարտադիր կամ ընտրական դասընթացներում։ Ֆակուլտետի մի շարք ծրագրերով ներմուծվել և իրականացվում է հետազոտական /պիլոտային/ բաղադրիչ (համակարգող՝ պրոֆեսոր Աշոտ Ենգոյան) ։ Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում ներմուծված են առարկաներ, որոնց քննությունից բացահայտվելու է ոււսանողների գիտահետազոտական աշխատանք կատարելու ունակությունը։ Որակի ապահովման շրջանակում Մոսկովյան ԲՈՒՀ-եր են գործուղվել ֆակուլտետի երկու ուսանող «Համաշխարհային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրով։

Ֆակուլտետում իրականացվող գիտա-մանկավարժական աշխատանքների շրջանակում հատկապես կարևորվում է որակյալ մասնագիտական քաղաքագիտական տեսա-գործնական գիտելիքի որոշակի ձգտումներ ունեցող, դիվանագետի վարք ու կեցվածք ունեցող անհատի ձևավորումը, որի համար ֆակուլտետի և համալսարանի ղեկավարությունը ոչ մի ջանք չի խնայում։ Մագիստրոսների համար ստեղծված է ամառային առցանց դպրոցի եզակի հնարավորություն, որն իրականացվում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների մասնակցությամբ։ ՀՀ ԱԳՆ-ի միջև հաստատված համագործակցության շրջանակում «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային դպրոցի աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել դեսպաններ Վարուժան Ներսեսյանը, Հասմիկ Տոլմաջյանը, Աշոտ Սմբատյանը, Վարդան Տողանյանը, Սոս Ավետիսյանը և ուրիշներ։ Քաղաքագետներ, պետական ծառայողներ, ԱԳՆ, ԱԱԾ աշխատակիցներ Աժ-ում, քաղաքագիտության և հանրային կառավարման բնագավառներում արհեստավարժ մասնագետներ ձևավորող ֆակուլտետը ունի գիտելիքի փոխանցման հաջողությամբ գործող սեփական աշխատանքային մեթոդները։ Ֆակուլտետում 2-րդ կուրսից դասավանդվող մասնագիտական լեզուները իրենց որակական հատկանիշներով համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Անգլերենին և եվրոպական՝ ռուսերեն, գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն լեզուներին զուգահեռ դասավանդվում են նաև արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, չինարեն, կորեերեն, ճապոներեն։ Մեծ պատասխանատվությամբ է լեզուներին առնչվող աշխատանքը կազմակերպվում Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի կողմից, որը գործում է 2010 թվից։ Ֆակուլտետում հրավիրյալ օտար դասավանդողների հետ համագործակցությունը դրված է բարձր հիմքերի վրա։ 4-րդ կուրսից ուսանողները խորանում են դասավանդվող լեզուների երկրագիտության մեջ, ուսումնասիրում են լեզուն` արդեն որոշակի նպատակներով։ Մագիստրոսների համար կան փոխանակման ծրագրեր, հաջողությամբ են գործում հարակից ամերիկագիտության, որի կամընտրական դասընթացները դասավանդվելու են անգլերենով, ռուսաստանյան հետազոտությունների, չինարենի և չինական մշակույթի կենտրոնները, որոնք գոյության կարճ ժամանակաշրջանում հասցրել են կայանալ և իրենց նպաստը բերել նշված երկրների հետ համագործակցության բնագավառում։ Համագործակցությունը տարբեր երկրների հետ իրականացվում է դեսպանատներից գրականության, գրքերի նվիրատվությամբ, ֆակուլտետ են այցելում դեսպաններ, հանդիպում են ուսանողների հետ, ծանոթացնում իրենց երկրների մշակույթին, սովորություններին, քաղաքական մշակույթին, պատմությանը, դիվանագիտական և սոցիալ-քաղաքական զարգացումներին, պատասխանում նրանց հուզող հարցերի։ Ֆակուլտետում աշխահա-քաղաքական և տարածաշրջանային զարգացումների հետ համահունչ սկսել են գործել նոր դիվանագիտական դասընթացներ, ծառայություններ, ծառայողակարգ, դասավանդվում է ադրբեջաներեն՝ թուրքերենին զուգահեռ։ Ֆակուլտետի բազմամյա փորձառու դոցենտ Տ․ Չալըմյանը կարևորում է դիվանագիտական ճիշտ վարքի, պահվածքի ձևավորումը ապագա դիվանագետների մոտ, ուսանողների համար սովորական են դարձել նրա հետ զրույցներն ու խորհուրդներն այն մասին, թե դիվանագետի պահվածքին որ գործելակերպն է հարիր և որը՝ ոչ, ինչն է կարելի, ինչը՝ չի կարելի։

Ֆակուլտետի ուշադրության կենտրոնում են նաև այն հատուկ դասընթացները, որոնք առնչվում են գերտերություններին և նրանց վերաբերող հետազոտություններին։ Ընթացիկ մասնագիտական ուսումնասիրությունները և գիտական աշխատանքները համահունչ են արդի զարգացումներին։ Ֆակուլտետին կից գործող գիտական խորհրդում պաշտպանվում են թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ տարբեր մասնագիտացումների գծով։ 2019 թվից ԵՊՀ-ում գործում է ՀՀ ԲՈԿ-ի 056 «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհուրդը։ Ֆակուլտետի պրոֆեսորա-դասախոսական կազմի ուժերով հրատարակվում են «Բանբեր Երևանի համալսարանի․ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն» հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսկ 2022 թվից «Քաղաքագիտություն» անգլերեն գիտական հանդեսները։ Ֆակուլտետի գիտնական քաղաքագետներն ու դիվանագետները համոզված են, որ մասնագիտական որակը պարտադիր պիտի հաշվի առնվի քաղաքագիտական ու դիվանագիտական աշխատանքի համար սահմանված օրենքներով, քանի որքանի որ ֆակուլտետում պատրաստվող մասնագետները, անկասկած, զինվոր են, և նրանք պետք է կարողանան գործել ռազմական և էքստրեմալ իրավիճակներում։

Ֆակուլտետի պրոֆեսորներն ու դոցենտները, դասախոսներն ու աշխատակիցները ակտիվորեն մասնակցում են միջազգային գիտաժողովների ու ֆորումների, կոնֆլիկտաբանության, մարդու իրավունքների և այլ բնույթի վերապատրաստման դասընթացների արտասահմանյան երկրներում, ունեն բազմաթիվ հետաքրքիր հրապարակումներ, որոնց հիմնական մասի հետ կարելի է ծանոթանալ ԵՊՀ Միջազգային հարաբերություններին վերաբերող կայքում, որտեղ առկա համապատասխան կոնտակտային տվյալների միջոցով կարելի է լրացուցիչ տեղեկատվություն ստանալ հետաքրքրող տարբեր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ գիտա-ուսումնական։ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը սիրով կընդունի բոլոր հայ երիտասարդներին, ովքեր իրենց կոչումը և ապագան տեսնում են այդ բնագավառում։

Կրթություն հանուն ապագայի: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ

Образование во имя будущего. Факультет международных отношений ЕГУ

Education for Future. YSU Faculty of International Relations

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
561 | 0
to top