MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +2 °C ... +10 °C Tomorrow:+11 °C
Հեղափոխական պրոլետարիատի տասներկու սեռական պատվիրանները. առաջին, երկրորդ և երրորդ պատվիրաններ
12:48, 18.11.2023
536 | 0

1. Պրոլետարիատի միջավայրում սեռական կյանքի չափազանց վաղ զարգացում չպիտի լինի. սա հեղափոխական բանվոր դասակարգի առաջին սեռական պատվիրանն է:

Մանկական կոմունիստական շարժումը, վաղ տարիքից իր հունի մեջ առնելով մանկական բոլոր հետաքրքրությունները, լավագույն պայմաններ ստեղծելով մանկական ինքնուրույնության զարգացման, ֆիզիկապես ինքնաառողջացման, հետաքրքրասիրության, հասարակական, արկածային-հերոսական ձգտումների համար, իր վրա է կենտրոնացնում մանկական ամբողջ ուշադրությունը և հնարավորություն չի տալիս սեռական վաղ գրգռումի մակաբույծ սարդին ի հայտ գալ: Այստեղ դեր ուն և՛ ֆիզոլոգիական վարժանքը, և՛ մարտական կոփվածքը, և՛ դասակարգային վառ գաղափարախոսությունը, և՛ տարբեր սեռերի վաղ, իրավահավասար ընկերական շփումը. այսպիսի պայմաններում վաղաժամ սեռական զարգացումը տեղի չի ունենա:

Այդ իսկ պատճառով պրոլետարիատի խնդիրն է՝ ընթացք չտալ մանկական սեռականությանը, իսկ դրա համար անհրաժեշտ է՝

-ծնողներին և դպրոցին ցույց տալ երեխայի սոցիալական և կենսաբանական շահերին ճիշտ մոտեցում, ամեն կերպ նպաստել այդպիսի մոտեցմանը և գործի դնել դասակարգային ամբողջ էներգիան զանգվածային մանկական կոմունիստական շարժման լավագույն կազմակերպման համար, այդ շարժումը մանկական, դպրոցական և ընտանեկան բոլոր ծակուծուկերում ներդնելու համար: Մանկության սեռական կյանքի առողջացումը հետագայում ավելորդ կդարձնի ներկայիս այնքան դժվարին պայքարը հասուն տարիքի սեռական խառնաշփոթության դեմ:

2. Անհրաժեշտ է սեռական զսպվածություն մինչև ամուսնանալը, իսկ ամուսնությունը պետք է լինի միայն սոցիալական և կենսաբանական լիակատար հասունության (այսինքն 20-25 տարեկան) պարագայում. սա պրոլետարիատի երկրորդ սեռական պատվիրանն է:

Իսկ ի՞նչ վնասակար բան կա, կասեն մեզ, մինչև ամուսնությունը սեռական ակտիվության մեջ: Վնասակար է այն, որ այդպիսի սեռական ակտիվությունն անկազմակերպ է, կապված է պատահական սեռական օբյեկտի հետ, չի կարգավորվում զույգերի միջև ամուր համակրանքով, ենթակա է ամենամակերեսային գրգիռների, այսինքն բնութագրվում է հենց այն գծերով, որոնք, ինչպես կտեսնենք ստորև, պիտի պրոլետարիատի կողմից անգթորեն ու անվերապահորեն ոչնչացվեն իր միջավայրում: Քաոսային կերպով զարգացող այդպիսի հարաբերության սեռական բովանդակությունը երբեք չի սահմանափակվում զուտ սեռական կենցաղի նեղ ոլորտով, բայց անպատկառորեն ներխուժում է մարդկային ստեղծագործական աշխարհի այլ ոլորտներ՝ անպատժելիորեն դրանք կողոպտելով: Թույլատրելի՞ է դա արդյոք հեղափոխական նպատակահարմարության տեսակետից:

3. Սեռական կապը սեռական սիրո օբյեկտի նկատմամբ խորը համակողմանի համակրանքի և կապվածության լոկ վերջնափուլ է:

Հաճախ ֆիզիկական սեռական հակումն անթույլատրելի է հեղափոխական-պրոլետարական տեսակետից: Մարդն այլ կենդանիներից տարբերվում է հենց նրանով, որ նրա կենսաբանական բոլոր ֆունկցիաները ներծծված են հոգեբանական, այսինքն սոցիալական, բովանդակությամբ: Սեռական հակումը դասակարգային առումով թշնամական, բարոյապես արգահատելի, արժանապատվություն չունեցող օբյեկտի նկատամամբ նույնպիսի այլասերվածություն է, ինչպես մարդու սեռական հակվածությունը կոկորդիլոսի, օրանգուտանգի նկատմամբ: Ճիշտ զարգացած կուլտուրական մարդու սեռական հակվածությունն իր մեջ ներծծում է շրջակա կյանքից բազում արժեքավոր տարրեր և դառնում է դրանց հետ անխզելիորեն կապված: Եթե սեռական կապի հակում է դրսևորվում, դա պետք է նշանակի, որ սեռական ձգողության օբյեկտը հրապուրում է նաև իր էության այլ կողմերով, և ոչ թե իր ուսերի կամ կոնքերի լայնությամբ:

Ըստ էության, ինչ տեղի կունենար, եթե սեռական զուգընկեր դառնար դասակարգային-գաղափարական առումով բոլորովին օտար մարդը: Նախ՝, դա, իհարկե, լինելու էր չկազմակերպված, արտաամուսնական կապ՝ պայմանավորված մակերեսային զգացմունքա-սեռական գրգռվածությամբ (ամուսնանում են միայն այն մարդիկ, որոնք նպատակադրված են երկարատև համատեղ կյանքի, այսինքն այն մարդիկ, ովքեր իրենց մեկմեկու բոլոր առումներով համապատասխան են համարում), երկրորդ՝ դա կարող է լինել սեռական հակում դրա ամենակոպիտ ձևով, որն իր մեջ չի պարունակում քնքշություն, համակրանք և սոցիալական առումով չկարգավորվող է. այդպիսի հակումը հարուցելու է մարդկային հոգեկանի ամենաստորին հակումների արթնացում, տալու է դրանց լայն ասպարեզ,

երրորդ՝ երեխան, որը, չնայած նախազզգուշական բոլոր միջոցներին, այնուամենայնիվ ծնվելու է, ունենալու է մեկմեկու նկատմամբ բոլորովին օտար ծնողներ և ինքն էլ վաղ տարիքից հոգեպես բաժան-բաժան եղած վիճակում է հայտնվելու,

չորրորդ՝ այդ կապը շեղելու է ստեղծագործ աշխատանքից, քանի որ զուտ զգացմունքայինի վրա կառուցվածը կախված է լինելու պատահական պատճառներից, զուգընկերների տրամադրության մանր-մունր տատանումներից, և, առանց որևէ ստեղծագործական ջանքի բավարարելով, այն շոշափելիորեն արժեզրկելու է հենց ստեղծագործական ջանքի բուն նշանակությունը, այն ստեղծագործությունից խլելու է նրա խոշոր գրգռիչներից մեկը, էլ չասած այն մասին, որ այդպիսի կապի պայմաններում սեռական ակտի մեծ հաճախականությունը, որը չափավորված չէ բարոյական մոտիվներով, մեծապես հյուծելու է և այն ուղեղային էներգիան, որը պիտի ծախսվի հասարակական, գիտական և այլ աշխատանքների վրա: Այդպիսի սեռական վարքը, ինչ խոսք, հեղափոխական նպատակահարմարության հետ ընդհանուր ճանապարհ չունի:

(շարունակելի)

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
to top