MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +24 °C Tomorrow:+26 °C
Կայսրուհին պահանջել է, որ իր ծննդաբերությանը ներկա լինի փոքրիկ քաղաքի ցանկացած կին
11:50, 08.02.2024
423 | 0

1212 թվականից Գերմանիայի թագավոր, 1220 թվականից Հռոմեական սրբազան կայսրության կայսր և Սիցիալիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդի հայրը եղել է Հենրիխ 6-րդ Հոհենշտաուֆենը՝ հռչակավոր Ֆրիդրիխ Շիկամորուսի (Բարբարոսա) որդին: Ֆրիդրիխ Շիկամորուսի մահվանից հետո, 1190 թվականին, Հենրիխը դառնում է Գերմանիայի թագավոր և Հռոմեական սրբազան կայսրության կայսր:

Ֆրիդրիխ 2-րդի մայրը եղել է Սիցիլիայի թագավոր Ռոժե 2-րդի դուստրը՝ Կոնստանսը: Ռոժեի մահից հետո Սիցիլիայի գահաժառանգն է դարձել նրա որդին՝ Վիլհելն 1-ին Չարը, հետո իշխանության է անցել Ռոժեի թոռը՝ Վիլհելմ 2-րդ Բարին, որն իր հորաքրոջը՝ Կոնստանսին, կնության է տվել Հենրիխ 6-րդ Հոհենշտաուֆենին: Հենրիխն ու Կոնստանսն ամուսնացել են 1185 թվականին, ընդ որում կինն ամուսնուց 11 տարով մեծ է եղել: Հենրիխ 6-րդը հորից ժառանգել էր Գերմանիայի թագը, իսկ կնոջ միջոցով իրավունք էր ստացել լինելու նաև Սիցիլիայի թագավորը:

Երբ 1189 թվականին մահացել է Վիլհելմ Բարին, Կոնստանսը դարձել է Սիցիլիական թագավորության միակ օրինական ժառանգորդը, բայց քանի դեռ նա և իր ամուսինը Սիցիլիայում չեն եղել, Իտալիայի հարավում իշխանությունը զավթել է Ռոժե 2-րդի թոռն ու Ռոժե Ապուլինցու ապօրինածին որդին՝ Տանկրեդը: Հենրիխ Հոհենշտաուֆենը Տանկրեդին և նրա որդուն՝ Վիլհելմ 3-րդին, ուզուրպատորներ է համարել և Կոնստանսի անունից նրանց պատերազմ է հայտարարել: 1194 թվականին նա ներխուժել է Սիցիլիական թագավորություն: Մանկահասակ Վիլհելմ 3-րդի մայրը որդու անունից հրաժարվել է գահից և հանձնվել է Հենրիխի ողորմածությանը: 1194 թվականի դեկտեմբերի 25-ին Կոնստանսի ամուսինը Պալերմոյի տաճարում թագադրվել է: Այսպիսով, Հենրիխ Հոհենշտաուֆենի իշխանության ներքո են հայտնվել Հռոմեական սրբազան կայսրության և Սիցիլիական թագավորության տիրույթները:

1194 թվականին Կոնստանը հղի վիճակում մեկնել է Իտալիա՝ ամուսնու մոտ, որը նրա համար նվաճել էր Սիցիլիական թագավորությունը: 1194 թվականի դեկտեմբերի 26-ին Անկոնիի մերձակա Եզի քաղաքի մատույցներում թագուհու երկունքի ցավերն սկսվել են: Կոսնտանսը կարող էր տեղավորվել քաղաքի տներից ցանկացածում, բայց նա կարգադրել է բաց դաշտում կայսերական վրան խփել և վրանում էլ ծնել է իր որդուն: Նրա հրամանով ծննդաբերությանը կարող էր ներկա լինել քաղաքի ցանկացած կին: Նորածին որդուն բոլորի աչքի առջև դնելով կրծքին՝ թագուհին ցույց է տվել, որ ինքը կաթ ունի և իր կաթով կարող է կերակրել իր զավակաին: Հնարավոր է, որ Կոնստանսն այդ կերպ ցանկացել է բոլորին վստահեցնել, որ ծննդաբերությունը կեղծ չէ: Նա հասկացել է, որ Ֆրիդրիխի ծնվելու հանգամանքները կասկածելի են համարվել, քանի որ ինքն արդեն 40-նն անց է եղել, իսկ Հենրիխի հետ ամուսնանալուց հետո նրանք 10 տարի զավակ չեն ունեցել: Չնայած ձեռնարկված վերոհիշյալ միջոցին, կայսրի թշնամիները միևնույն է, տարածել են նրան վարկաբեկող շշուկներ: 12-13 րդ դդ. ժամանակագիր Սալիմբենե Պարմեցին գրել է.

«Իսկ Եզին այն քաղաքն է, որտեղ ծնվել է Ֆրիդրիխ 2-րդ կայսրը: Եվ ժողովրդի մեջ շշուկներ տարածվեցին, որ իբր Ֆրիդրիխը եղել է Եզի քաղաքի ոմն մսագործի որդի, քանի որ տիկին Կոնստանսը՝ կայսրուհին, երբ կայսր Հենրիխն ամուսնացել է նրա հետ, շատ երիտասարդ է եղել, և խոսում էին, թե նա երբեք ո՛չ որդի է ունեցել, ո՛չ դուստր, բացի այդ տղայից. ահա՛ թե ինչու ասում էին, թե նա, սկզբում հղի է ձևացել, տղային վերցրել է նրա հորից և իր տակն է դրել, որպեսզի մտածեն, որ նա իրենից է ծնվել»:

Կոնստանսը մանկության բազում տարիներ մենաստանում է ապրել, և ամուսնացել է, ինչպես վերն ասվեց, բավականին պատկառելի տարքում: Թեպետ նա 40 տարեկանում է ծննդաբերել, բայց Եվրոպայում առասպել է շրջանառվել, թե նա 52 տարեկանում է ծննդաբերել:

Հանգամանքների բերումով Ֆրիդրիխը ծնվել է իր հոր՝ Սիցիլիայի թագավոր թագադրվելու հաջորդ օրը: Ծննդյան օրից երկու գահերի (Սիցիլիայի և Գերմանիայի) ժառանգորդը «Ռոժե Կոստանդին» անունն է ստացել, չնայած հետո նրան, ի պատիվ նրա երկու թագավոր պապերի, «Ֆրիդրիխ Ռոժե» անվամբ են կնքել: Ծնվելուց անմիջապես հետո երեխային հանձնել են հերցոգ Սպոլետո ընտանիքի դաստիարակությանը, որտեղ ապրել է մինչև երեք տարեկանը:

1196 թվականին մանկան հոր պահանջով գերմանական իշխանները երկամյա Ֆրիդրիխին հռչակել են Գերմանիայի թագավոր: 1197 թվականին Հենրիխը՝ երեխայի հայրը, Իտալիա է կանչել իր եղբորը՝ Ֆիլիպ Շվաբիացուն, որպեսզի նա տղային Գերմանիա տանի: Հենրիխը հույս է ունեցել, թե նրան կներկայացնի իշխաններին, և երեխան կթագադրվի: Սակայն նոյեմբերի 8-ին Հենրիխը Մեսսինայում հանկարծամահ է եղել: Իրավիճակը սրվել է. կայսրության իշխանները պատրաստ են եղել մանկանը թագավոր ճանաչել այնքան ժամանակ, քանի դեռ ողջ է նրա հզոր հայրը: Գերմանիայի թագը Հոհենշտաուֆենների ձեռքում պահելու համար Ֆիլիպը վերադարձել է Գերմանիա, որտեղ ընտրվել է թագավոր և սեպտեմբերին թագադրվել է:

Հենրիխի մահից հետո Կոնստանսը Ֆրիդրիխին Սպոլետոյից տարել է Սիցիլիա՝ Պալերմո, որտեղ 1198 թվականի մայիսին նրան թագադրել են: Նույն տարվա նոյեմբերի 27-ին Կոնստանսը մահացել է՝ թագավորությունը կտակելով Հռոմի նորընտիր պապին՝ Ինոկենտիոս 3-րդին: Որդու խնամակալությունը հանձնարարելով պապին՝ նա պահպանել է Ֆրիդրիխի համար գահը: Բացի այդ, մահանալուց առաջ Կոնստանսը որդու դաստիարակության համար ստեղծել է «ընտանեկան խորհուրդ», որի անդամներն են դարձել Կալաբրիայի, Պալերմոյի և Կապուայի արքեպիսկոպոսները: Քանի որ պապը Հռոմում է եղել, չի կարողացել անձամբ կառավարել Սիցիլիան, այդ իսկ պատճառով Կատանիայի եպիսկոպոսին նշանակել է կանցլեր, որպեսզի նա կարողանա պապի անունից կառավարել:

Երեխան հուսալի ձեռքերում մեծացել է ու դարձել «Մեծ» հռչակված Ֆրիդրիխ 2-րդ կայսր:

Ֆրիդրիխ 2-րդ Մեծ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
337 | 0
09:44, 13.04.2024
430 | 0
11:39, 08.04.2024
415 | 0
09:16, 06.04.2024
361 | 0
08:44, 03.04.2024
295 | 0
to top