ԱՆԴՐԱՆԻԿԸ ՀԱՎԵՐԺ Է, ՄԵՆՔ ԷԼ ՆՐԱ ՀԵՏ ՀԱՎԵՐԺ...
Դարեր ի վեր պետականությունից զուրկ, երկիրն ասպատակող արյունածուծ ցեղերի ճիրաններում գալարվող ու ծվատվող մեր նախնիները ՍԱՍՈՒՆ այրեր են երազել, Սանասար, Բաղդասար, մեծուփոքր Մհերներ ու Սասունցի Դավիթ են արարել՝ երկնելով մեր Հավատի ու Ազգապահպանության հզորազոր Էպոսը՝ «Սասունցի Դավիթը»: Հարյուրամյակներ անց, վերջապես, մարմին առավ հայ ժողովրդի դարերի երազանքը՝ ծայրահեղ ծանրածանր պահի վերջապես ծնվեց ոչ թե երևակայության ծնունդ, զուտ հեքիաթային, էպոսային Հերոսը, այլ իրական, մարմին ու արյուն ունեցող Այրը, ում ողջ կյանքը հայրենիքի ազատագրության սուրբ գործին անմնացորդ նվիրաբերումի փառահեղ օրինակ է: Այդ Նա դարձավ անցյալ դարասկզբի մեր հերոսամարտերի մասին Նոր Էպոսի առասպելական, բայց ոչ մտացածին հերոսը, ով թշնամուն ծվատելու պատրաստ արծվի պես սավառնեց ոչ միայն հայոց լեռուսարերում, այլև ազգային-ազատագրական պայքարի շիկացած երկնակամարում: Նա աննկուն, իմաստուն զորավար էր, պարտություն չկրեց և ոչ մի ճակատամարտում, նրա կռնակը երբեք չտեսավ թուրքական կանոնավոր բանակի ոչ մի ասկյար: Նա, միայն նա կարող էր Բուլղարիայում փոքրաթիվ մի ջոկատով հանկարծակի հարձակվել և խորահմուտ հրամանատարությամբ գերեվարել թուրքական 11 հազարանոց մի ամբողջ զարաբանակ: Նրա հավատամքն էր՝ զենք ունես՝ ուժեղ ես, ուժեղ ես՝ արդար ու ազատ ես: Խաղաղություն ես մուրում, արհամարհանքի ես արժանանում, չի կարելի հավատալ թշնամու մարդասիրությանն ու խղճմտանքին: Նա Հայոց զորական մտքի ու ուժի, աննկուն կամքի ու հավատամքի խորհրդանիշը դարձավ, ու որպես մեր Մեծերի մեջ Մեծագույն աստղ՝ նրա փառքն ու հմայքը շողշողալու են հավետ: Այդ Մեծագույն աստղը, հայ, բուլղար, ֆրանսիացի /Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» ի շքանշանակիր է/ ժողովուրդների Ազգային Հերոս, ռուսական բանակի գեներալ, աննկուն զորահրամանատար Անդրանիկ Օզանյանն է, ով իր մահկանացուն միայնության մեջ կնքեց շատ հեռու՝ Ամերիկայում, 1927թ. օգոստոսի 31-ին՝ հայրենիքի կարոտը սրտում: Նրա հիշատակը խնկարկելու նպատակով Վանաձորում Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում կառուցված, երկրում Անդրանիկի առաջին բրոնզաձույլ արձանի մոտ (քանդակագործ՝ Գեղամ Բեգջանյան, ճարտարապետ՝ Սուրեն Աբովյան) հավաքվեցին, պատվանդանին ծաղկեպսակ, ծաղիկներ խոնարհեցին մի խումբ հայորդիներ: Ավելի ճիշտ՝ հայորդիների սակավաթիվ մի խումբ: Չնայած կազմակերպիչները՝ «Ինտերկապ» Բկ-ի /նախագահ Նորայր Զուլոյան/ նախաձեռնող խմբի անդամները, պատշաճ ծանուցել էին միջոցառման անցկացման մասին: Մտածելու տեղիք է տալիս, թե ինչու՞ այդքան քիչ մարդիկ: Դեռ անհայտ է, թե հանրապետության տարբեր բնակավայրերում, քաղաքամայր Երևանում հարգանքի տուրք մատուցե՞լ են Զորավարին: Մի՞թե քիչ են անդրանիկասեր հայորդիները, մարե՞լ է զորավարի փառքը: Իհարկե՝ ոչ: Իրենց հիանալի, բազմախորհուրդ տեղեկություններ պարունակող ելույթներում անուղակիորեն նաև այդ հարցերին պատասխանեցին Գուգարաց թեմի քահանա տեր Տաճատ Բարսեղյանը, գրող, գրականագետ, պատմաբան, ԲԳ թեկնածու Կարո Վարդանյանը, պատմաբան Ռուբեն Պարսամյանը: Հիշվեց. Զորավարի մահվան օրը մեծագույն ցնցում է ապրել մեր ժողովուրդը, շատերին անհավանական է թվացել նրա մահը՝ ախր նա հավերժական էր, չէ՞: Բայց ցնծություն է եղել թուրքական աշխարհում, օրեր շարունակ Թուրքիան «տոնախմբում» էր այդ մահվան կապակցությամբ, թերթերը ողողված էին «աչքալուսանքային» հոդվածներով, ոչ մի տոն այնպիսի ցնծություն չի պատճառել, որքան իրենց «հոգեառի» մահը: Իր վերաբերմունքը չի թաքցրել անգամ բազմաթիվ փաշաներ /զորահրամանատարներ/ ունեցող Աթաթուրքը, ով բազմիցս Անդրանիկից «դաղված» լինելով՝ մի առիթով իր զարմանքն է հայտնել՝ «Այս ի՞նչ զարմ են հայերը, որ Անդրանիկներ են ծնում»: Եվ նրա երազանքը, նրա գլխավորագույն խնդիրը՝ «Մեր գործն այն է լինելու, որ այս հողուն վրա Անդրանիկներ այլևս չծնվեն»: Այս երազանքը այսօր էլ կա և իշխում է հարևան երկրում: Այո, նրանց Անդրանիկներ պետք չեն: Ու ձգտում են դրան հասնելու: Կարծես թե ...նաև մեր միջոցով: Մինչդեռ իսկական հայրենասեր ու ազգասեր մարդիկ համոզված են՝ Անդրանիկը հավերժ է, մենք էլ նրա հետ ենք հավերժ: Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ |