MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Tomorrow:+28 °C
Հերետիկոսն ու այլասերվածը, ֆալոսական պաշտամունքի գերագույն քուրմը, արվամոլը, տրանսգենդերն ու մազոխիստը (1)
22:12, 15.09.2024
799 | 0

Այս բոլոր որակումները վերաբերում են Հռոմի կայսր Մարկուս Ավրելիուս Անտոնինուս Էլագաբալուսին կամ Հելիոգաբալուսին, որը կառավարել է 218 թվականի հունիսի 8-ից 222 թվականի մարտի 11-ը:

Իր կարճատև կյանքի ընթացքում նա այնքան մեղքեր է գործել, որ գերազանցել է տարատեսակ կալիգուլաներին ու ներոններին, որոնց, նրա համեմատ, կարելի է ընդամենը չարաճճի մանուկներ համարել:

Դառնալով կայսր՝ նա փոխել է իր անունը և դարձել է Վարիուս Ավիտուս Բասիանուս, որպեսզի ամրապնդի կապն իր ենթադրյալ հոր՝ Կարակալայի և Անտոնինոսների կայսերական տոհմի հետ: Էլիոգաբալուս անունը, որը բխեցվել է իր պաշտելի Բաալ աստծու անունից, կայսրին է տրվել նրա մահից տարիներ անց:

Էլիոգաբալուսը կամ Հելիոգաբալուսը իշխանության է հասել զինվորական հեղաշրջմամբ կայսր դարձած և ընդամենը մեկ տարի կառավարած Մարկուս Ապպելիանուս Մակրինուսի սպանությունից հետո: Քառամյա կառավարումը բավական է եղել, որ հռոմեացիներն ատելությամբ համակվեն Հելիոգաբալուսի նկատմամբ, որն էլ հանգեցրել է նրա սպանությանը:

Հելիոգաբալուսի անունը զուգորդվել է Հռոմեական կայսրությունում տիրած սանձարձակության և արևելյան մշակութային վայելքների մեջ ընկղմվելու արատավոր երևույթի հետ: Նրա կառավարման շրջանում մեծապես սրվել է պայքարը հռոմեական պահպանողականության և սիրիական կրոնական ավանդության միջև:

Անտոնինուս Հելիոգաբալուսը ծնվել է 204 թվականին, ենթադրաբար, Հռոմում, որտեղ այդ ժամանակ ապրելիս են եղել նրա ծնողները։ Հայրը՝ Մարցելլուսը, Հյուսիսային Սիրիացի Ապամեա քաղաքի բնակիչ է եղել: Կայսր Սեպտիմիուս Սևերուսի օրոք նա կարողացել է շահել հեծյալների դասի բարեհաճությունը և վարչական պաշտոն ստանալ Հռոմում, իսկ Կարակալա կայսրի օրոք հաջողացրել է սենատոր դառնալ։ Այնուհետև նշանակվել է Հյուսիսային Աֆրիկայում գտնվող Նումիդիա պրովինցիայի կառավարիչ՝ պաշտոնավարելով մինչև իր մահը (217 թ.) ։ Հելիոգաբալուսի մայրը՝ Յուլիա Սոեմիա Բասիանան, կայսրուհի Յուլիա Դոմնայի քրոջ՝ Յուլիա Մեսայի ավագ դուստրն է եղել։ Յուլիա Դոմնան կայսր Սեպտիմիուս Սեվերուսի կինն էր և Կարակալայի մայրը։ Յուլիա Դոմնայի և Յուլիա Մեսայի հայրը՝ Հուլիոս Բասիանուսը, փյունիկյան արևի աստված Բաալի տաճարի քրմապետի ժառանգական պաշտոնին է եղել, իսկ այս աստվածը համարվել է Սիրիայի Էմես քաղաքի հովանավոր աստվածը։ Այս Բասիանուսից է արտածվել Բասիան անունը (արևելյան Բասուս աստծու քրմի անունից), որը կրել է ոչ միայն Հելիոգաբալուս կայսրը մինչև իր գահակալումը, այլև Կարակալլան և Հելիոգաբալոսի զարմիկը և իրավահաջորդը՝ Ալեքսանդր Սևերուսը։ Այսպիսով, Հուլիոս Բասիանոսի ընտանիքը Էմեսում ունեցել է արտոնյալ դիրք և մեծ ազդեցություն ամբողջ տարածաշրջանում։ Բասիանոսների ընտանիքը արաբական ծագում է ունեցել: Նրանք, հավանաբար, եղել են Էմեսի արաբ կառավարիչներից սերված: Այդ կառավարիչները կամ շեյխերն Էմեսում իշխել են մինչև մ.թ. առաջին դարը և եղել են Հռոմեական կայսրության վասալներ։

Հնարավոր է, Հելիոգաբալուսի կապը Սևերուսների ընտանիքի հետ ավելի սերտ և անմիջական է եղել. ապագա կայսրի մայրն իր երիտասարդության տարիներին սիրային կապ է ունեցել Կարակալլայի հետ, այդ իսկ պատճառով էլ լուրեր են պտտվել, թե նրա որդին ծնվել է հենց կրտսեր Սևերուսից, և ոչ իր օրինական ամուսնուց:

(շարունակելի)

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
10:32, 03.10.2024
166 | 0
20:45, 22.09.2024
330 | 0
to top