1178 թվականի դեկտեմբերի 22-ին ծնված Անտոկու Տեննոն կամ Օկիխիտոն մեկ տարեկանում կայսր է հռչակվել և Ճապոնիան կառավարել է 1180 թվականի մարտի 18-ից 1185 թվականի ապրիլի 25-ը: Նա Ճապոնիայի կայսր է հռչակվել այն բանից հետո, երբ նրա հայրը իր պապի՝ Տայմա նո Կիյոմորի ճնշմամբ, ստիպված է եղել հրաժարվել գահից: Վերջինս այս ներքին հեղաշրջմաբ ցանկացել է դառնալ երկրի կառավարիչը ոչ պաշտոնական խնամակալի կարգավիճակով: Բայց այս իշխանազավթումը չի ընդունել նախկին կայսր Գո Սիրակավայի որդին՝ Մոչիխիտոն, և, բնականաբար, երկիրն ընկղմվել է քաղաքացիական պատերազմի հորձանուտը: Անկոտուի թագադրման տարում երկրի մայրաքաղաքը, Կիյոմորիի պահանջով, տեղափոխվել է Ֆուկուհարա (ներկայիս Կոբե), բայց դա երկար չի տևել, և մայրաքաղաքը վերստին դարձել է Կիոտոն: 1183 թվականի, երբ Մինամոտո նո Յոսինական գրավել է մայրաքաղաքը, Կիյոմորիի Տայրա ընտանիքը մանուկ կայսրի հետ փախել է: Շուտով կայսրը հրաժարվել է գահից հօգուտ Գո Տոբայի, իսկ «Երեք սրբազան գանձեր» -ը տեղափոխվել են Յաշիմու: 1185 թվականի մարտին Յասիմեի ճակատամարտում պարտություն կրելով Մինամոտո նո Եսիցունեից՝ նրանք նորից են փախել դեպի երկրի արևմուտք, բայց վերջնականապես ջախջախվել են ապրիլի 25-ին տեղի ունեցած ծովամարտում: Պարտվածներից շատերն ինքնասպանություն են գործել՝ նետվելով ծովը: Ծովում իր վախճանն է գտել նաև մանուկ կայսրը. տատը՝ Տայրա նո Կոկիկոն, նրան գիրկն է առել ու հանձնվել է ամենակուլ ջրերին: Համաձայն ավանդապատման՝ «Սրբազան գանձեր» -ը՝ «մահամատա» -ն և Կուսանագի սրբազան սուրը, Ճապոնիայի երեք սրբազան գանձերից երկուսը, կայսրի հետ միասին ծովի տակն են անցել, և թեպետ թանկարժեք իրերը հայտնաբերվել են, բայց սուրը կորսվել է: Տոկոկոն՝ Անտոկուի մայրը, նույնպես ծովն է նետվել, բայց նրան թիակների օգնությամբ մազերից բռնելով դուրս են քաշել ու գերի են տարել: Հետագանում նա Կիոտոյի տաճարում դարձել է բուդդայական միանձնուհի: Դան ծովածոցում տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ ութամյա կայսր Անտոկուի և նրա տատի կործանման տեսարանը գունեղ նկարագրված է «Տայրա տան մասին» պատումում: «Տիկին Նիիդոնոն վաղուց իր սրտում որոշում էր կայացրել: Հագնելով սգո սև զգեստ և բարձր պահելով ոլորված մետաքսից պատրաստված իր հակամայի ծայրը, նա սուրբ հասպիսով փոքրիկ սնդուկը թևի տակն առավ, սուրբ սրով գոտևորվեց, գրկեց մանուկ կայսր Անտոկուին և ասաց. «Ես ընդամենը կին եմ, բայց չե´մ հանձնվի իմ թշնամիներին»: Եվ ես չե´մ բաժանվի իմ տիրոջից: Մի´ հապաղեք, հետևե´ք ինձ բոլոր նրանք, ովքեր համարձակ են»: Անտոկ կայսրը ութ տարեկան էր դարձել, բայց նա շատ ավելի մեծահասակի տեսք ուներ։ Նրա գեղեցիկ սև մազերն ուսերից ներքև էին հասել։ Նա այնքան գեղեցիկ էր, որ թվում էր, թե նրա գեղեցկությունը ճաճանչի պես լուսավորում էր շուրջբոլորը։ -Ո՞ւր ես տանում ինձ: - հարցրեց նա զարմացած, և Նիիդոնոն, սրբելով արցունքները, պատասխանեց երիտասարդ տիրակալին. - Ինչպե՞ս, դեռ չգիտե՞ք, տեր իմ: Ձեր նախորդ կյանքում դուք պահպանել եք Բուդդայի բոլոր Տասը պատվիրանները, և որպես վարձատրություն ձեր առաքինության՝ ձեր նոր ծնունդով դարձել եք կայսր, տասը հազար մարտակառքերի տիրակալ: Բայց հիմա չար կարման ավերել է ձեր երջանկությունը: Նախ, շրջվեք դեպի արևածագը և հրաժեշտ տվեք Իսեում գտնվող Մեծ աստվածուհու տաճարին, իսկ հետո, դառնալով մայրամուտ, ձեր սրտում աղոթք կարդացեք Բուդդային, որպեսզի նա հանդիպի ձեզ Մաքուր երկրում՝ դրախտային բնակավայրում։ Մեր երկիրը ողորմելի երկիր է, վշտի հովիտ, վատ, գարշելի տեղ: Եվ ես ձեզ կտանեմ մի գեղեցիկ երկիր, որը կոչվում է Մաքուր երկիր, դրախտային կացարան, որտեղ հավիտյան մեծ ուրախությունն է թագավորում, - այսպես ասաց նա և լաց եղավ: Կայսրը...արցունք հեղելով՝ փոքրիկ ափերը իրար սեղմեց, նախ խոնարհվեց արևածագին, հրաժեշտ տվեց Իսե աստվածուհու տաճարին, ապա., դառնալով դեպի մայրամուտը, աղոթեց, և այդժամ Նիիդոնոն, փորձելով մխիթարել նրան, ասաց. - Այնտեղ, ներքևում, ալիքների տակ, մենք մեկ ուրիշ մայրաքաղաք կգտնենք, - և տիրակալի հետ միասին սուզվեց ծովի խորքերը: Նկարում՝ Ճապոնիայի 81-րդ կայսր Անտոկուն: |