«...մարգարեությունը խորհուրդ է տվել շուկայի հրապարակում ողջ-ողջ թաղել երկու գալլի և երկու հույնի։ Մագիստրատները հետևել են խորհրդին՝ ցույց տալով, որ իրենք կարող են ցանկացած բարբարոսությունը գործել, եթե խոսքը վերաբերում է Հռոմի անկախության պաշտպանությանը»: *** Սերվիուս Տուլլիուսի բարեփոխումներից Հռոմի վերնախավի՝ պատրիկների դժգոհությունն այնքան մեծ է եղել, որ թագավորը զրկվել է Սենատի աջակցությունից։ Լյուսիուս Տարկվինիուսն օգտվել է դրանից և փորձել է գահընկեց անել իր աներոջը։ Առաջին փորձը չի հաջողվել. ըստ առասպելի, ժողովուրդը ոտքի է կանգնել ի պաշտպանություն թագավորի, և Լուսիուս Տարկվնիուսը ստիպված է եղել փախչել Հռոմից։ Ձախողումից ճիշտ հետևություններ անելով՝ նա հաջորդ անգամ համարձակվել է վճռական գործողությունների դիմել այն ժամանակ, երբ ժողովուրդը զբաղված է եղել դաշտային աշխատանքներով. Սենատի նիստ է գումարել (Սենատի նիստ կարող էր գումարել միայն թագավորը) և հայտարարել է, թե ինքն է գահի օրինական ժառանգորդը։ Երբ Սերվիուս Տուլլիուսը (այդ ժամանակ արդեն շատ ծեր մարդ) հայտնվել է Սենատում՝ խաբեբային վռնդելու համար, Տարկվինիուսը նրան աստիճաններից հրելով նետել է քարե հարթակի վրա։ Մի կերպ ոտքի կանգնելով՝ Սերվիուս Տուլիուսը փորձել է փախչել, սակայն փողոցում սպանվել է Լուսիուսի համախոհների կողմից։ Իսկ հետո թագավորի կիսամեռ մարմնի վրայով անցել է նրա դուստր Տուլիա Կրտսերի կառքը՝ հենց Տուլիայի կարգադրությամբ: Թագավորությունում իր ընտրվելուց անմիջապես հետո Լուսիուս Տարկվինիուսն իրեն շրջապատել է լիկտորներով և սկսել է բռնաճնշումների քաղաքականություն վարել մահացած Սերվիուս Տուլլիուսին հավատարիմ պաշտոնյաների նկատմամբ։ Սենատի կազմը, որի անդամները հույս են ունեցել, թե Լյուսիուս Տարկվինիուսը կվերականգնի պատրիկների երբեմնի արտոնությունները, ինտրիգների և մատնությունների արդյունքում գրեթե կրկնակի կրճատվել է։ Թագավորը ոչ միայն չի համալրել Սենատի կազմը, այլև Սենատի նիստեր շատ հազվադեպ է գումարել։ Սենատի գործառույթները փաստացի փոխարինվել են թագավորի մերձավորների խորհուրդներով։ Պատերազմներում ձեռք բերած ռազմական մեծ ավարի շնորհիվ Լուսիուս Տարկվինիուսը կարողացել է ակտիվ շինարարություն ծավալել Հռոմում։ Նրա օրոք Կապիտոլիումի բլրի վրա ավարտվել է Յուպիտերի տաճարի կառուցումը, ավարտվել է կոյուղու շինարարությունը։ Տարկվինիուս Հպարտը ոչնչացրել է սաբինացիների սրբավայրերը և հարթեցրել է ֆորումի վերևում հառնած Թարպեյան ժայռը, որտեղից մահվան դատապարտվածներին նետելիս են եղել Տիբր գետը: Տարկվինիուս Հպարտին է վերագրվում նաև Կումայի սիբիլայի մարգարեությունների հավաքածուի մի մասի գնումը. սիբիլան ինքը ներկայացել է թագավորին և առաջարկեց նրան շատ թանկ գնով ձեռք բերել 9 գլանափաթեթ: Թագավորն այդ ժամանակ զբաղված է եղել Յուպիտերի տաճարի կառուցմամբ և քանի որ շինարարության ծախսը մեծ է եղել, սիբիլայի առաջարկից հրաժարվել է։ Որոշ ժամանակ անց սիբիլան կրկին հայտնվել է և առաջարկել է նույն գնով գնել ոչ թե 9, այլ 6 գլանափաթեթ: Մնացած փաթեթները նա այրած է եղել։ Հպարտ Տարկվինիուսն այս անգամ էլ է հրաժարվել։ Երբ սիբիլան դարձյալ նույն գնով առաջարկել է գնել Հռոմի ճակատագիրը կանխատեսող ընդամենը երեք փաթեթ՝ սպառնալով չգնելու դեպքում դրանք նույնպես այրել, թագավորը համաձայնել է։ Սիբիլայի մարգարեությունները հրահանգված է եղել պահել Կապիտոլիումի զնդանում և դարնց օգնությանը դիմել միայն արտակարգ դեպքերում: Օրինակ՝ այդ մագաղաթներում պարունակվող խորհուրդներին հռոմեացիները դիմել են Կաննի ճակատամարտում Հաննիբալից պարտվելուց հետո։ Այդ ժամանակ մարգարեությունը խորհուրդ է տվել շուկայի հրապարակում ողջ-ողջ թաղել երկու գալլի և երկու հույնի։ Մագիստրատները հետևել են այս խորհրդին՝ դրանով իսկ ցույց տալով, որ իրենք կարող են ցանկացած բարբարոսությունը գործել, եթե խոսքը վերաբերում է Հռոմի անկախության պաշտպանությանը: (շարունակելի) |
Subscribe to the news feed