Մի տիրակալ երազում տեսնում է, որ իր բոլոր ատամները մեկը մյուսի ետևից թափվում են: Նա այն աստիճան է անհանգստանում, որ իր մոտ է կանչում արքունիքի երազներ մեկնողներից մեկին ու պատմում է երազը: Ուշադիր լսելով տիրակալին՝ երազներ մեկնողն ասում է. -Տե´ր իմ, ես, ցավոք, պիտի վշտալի լուր հայտնեմ: .Դու մեկը մյուսի հետևից կորցնելու ես քո բոլոր մերձավորներին: Այս խոսքերը չափազանց զայրացնում են միապետին, և նա կարգադրում է դժբախտին բանտ նետել և կանչել մյուս մեկնիչին: Սա ևս լսում է թագավորի պատմածն ու ասում է. -Ես երջանիկ եմ քեզ ուրախ լուր հաղորդել. դու քո բոլոր հարազատներից ու մերձավորներից երկար կապրես: Տիրակալն ուրախանում և առատորեն վարձատրում է այս մեկին իր բարի կանխագուշակության համար: Պալատականները շատ են զարմանում և հարցնում են երկրորդ մեկնողին. -Չէ՞ որ դու ինքնակալին նույն բանն ասացիր, ինչ քեզանից առաջ ասաց ասաց այն խեղճը: Ուրեմն ինչո՞ւ նա պատժվեց, իսկ դու պարգևատրվեցիր: -Այո´, մենք երկուսս էլ երազը նույն կերպ մեկնաբանեցինք: Բայց շատ բան կախված է ոչ միայն նրանից, թե ինչ ես ասում, այլև նրանից, թե ինչպես ես ասում և ինչը չպիտի ասես: |
Subscribe to the news feed