Տասնմեկ տարեկանում հեղափոխական Ֆրանսիայի հանրապետական բանակին կամավոր անդամագրված Պիեր Բելը ծառայել է որպես թմբկահար: Պիեռ Բելը ծնվել է 1783 թվականի փետրվարի 2-ին Տուրեյում, փոքրիկ գյուղում, որը գտնվում է Լիմուից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, այսօր Օդ դեպարտամենտում: 1793 թվականի սկզբին Կոնվենտը հրամայել է 300, 000 տղամարդ հավաքագրել՝ կռվելու հեղափոխությանն սպառնացող հարևան երկրների, այդ թվում՝ Իսպանիայի դեմ, որը մտադիր է եղել ներխուժել Ռուսիլյոն: Պահանջվել է, որ Լիմու քաղաքից ոչ հեռու գտնվող փոքրիկ գյուղը՝ 250 բնակիչ ունեցող Տուրեյը, որտեղ ծնվել էր Պիեր Բելը, Օդ դեպարտամենտի գումարտակին հինգ կամավոր տրամադրի ։ 45-ամյա Ժան-Բատիստ Բելը և նրա որդին՝ 17-ամյա Գիյյոմը, որոնք նոր էին վերադարձել Առաջին Սավոյական արշավից, նորից զինվորագրվել են: Ժան-Բատիստի երկրորդ որդին՝ Պիերը, որը հազիվ 10 տարեկան է եղել, նույնպես զինվորագրվել է գումարտակին որպես թմբկահարի աշակերտ: Նույնն է արել նաև ընտանիքի մայրը՝ Մարգրետը՝ ծառայելով որպես «վիվանդիեր» («Vivandière» եզրույթը, գործածվել է Առաջին կայսրության օրոք՝ հատկանշելու այն կանանց, որոնք իրենց զինվոր ամուսիններին են հետևել և ծառայել են գնդերում որպես սպասարկող անձնակազմի անդամ: Նրանց գործառույթն է եղել լվանալ զինվորների սպիտակեղենը և նրանց վաճառել ծխախոտ, կոնյակ և առօրյա կյանքում անհրաժեշտ նյութեր ու առարկաներ) ։ Օդ դեպարտամենտի դիվիզիան մարտական գործողությունների մեջ է մտել 1793 թվականի ապրիլի 15-ին, երբ իսպանացիները անցել են Պիրենեյան լեռները և փորձել են գրավել Պերպինյանը։ Հակառակորդին ետ մղելուց հետո էլ ֆրանսիական բանակը ծանր մարտեր է մղել, բայց առանձնակի հաջողության չի հասել: Միայն1794 թվականի ապրիլին, երբ զորքերը գլխավորել է գեներալ Դյուգոմիեն, իսպանացիները ջախջախվել են Սերետում: Այնուհետև ֆրանսիացիները գրավել են Բելեգարդ ամրոցը, ազատագրել են Կոլիուրը և Պորտ-Վենդրեսը։ Պիեր Բելը կցված է եղել գեներալ Օժերոյի ղեկավարած զորամասին: Զորամասն Արես լեռնանցքով մտել է Իսպանիա և իջել է Մուգայի հովիտ: Որպես Սիերա Նեգրայում տեղի ունեցած վճռորոշ ճակատամարտի նախերգանք, որը սկսվել է նոյեմբերի 17-ին, Օժերոյին հանձնարարված է եղել ճեղքել թշնամու բնագծերը Բյուրեի մոտ, Ֆիգերասից արևմուտք: Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը նա իր զորքն ու թեթև հրետանին, թմբուկների բարձրացրած աղմուկի ներքո (քողարկելու համար հրետանու բաղկացուցիչ մասերի տեղափոխման աղմուկը) ծածուկ մոտեցրել է մարտադաշտին։ Լուսադեմին թնդանոթներն սկսել են կրակել, և պատանի թմբկահար Պիեր Բելին արկերից մեկը սպանել է: Նոյեմբերի 10-ին գեներալ Դյուգոմիեն, որը մի քանի օր անց նույնպես զոհվելու էր մարտում, Հասարակական փրկության կոմիտեին ուղարկած զեկուցագրում գովաբանել է Պիեռ Բելին. «Հայրենիքի կողմից ներշնչված նվիրվածության բազմաթիվ դրսևորումներից մեկն էլ, որը մեծ հետաքրքրություն և հիացմունք է հարուցում, առավել հազվադեպ հանդիպող և անսովոր մանկական նվիրվածությունն է: Այս ամսվա11-ին տեղի ունեցածի մասին իմ զեկույցում ես ձեզ պատմել էի, որ տասը-տասնմեկ տարեկան մի պատանի թմբկահար սպանվել է բեկորից, բայց այդ ժամանակվանից առնչվելով մեր պատերազմի տարեգրության որոշ արժանի հանգամանքներին, ես կարծում եմ, որ ես պետք է դրանք փոխանցեմ ձեզ: Պիեռ Բել անունով այս պատանի հանրապետականը, Օդի ութերորդ գումարտակի թմբկահարը, պարեկում էր մեր դիրքերից մեկում, որտեղ, չնայած իր տարիքին բնորոշ ֆիզիկական թուլությանը, նա անհավանական եռանդով անդադար թմբկահարեց, որպեսզի խլացնի մեր հրետանու տեղափոխումը. նա կատարեց այն, ինչ նախօրեին ասել էր դիրքապահ գեներալին: Երբ վերջինս պատանուն հարցրել է, թե բավականաչափ ուժ ո՞ւնի արդյոք, որպեսզի առավոտյան ինչպես հարկն է թնբկահարի և թույլ չտա, որ թշնամին լսի մեր թեթև հրետանու տեղաշարժը։ Տղան պատասխանել է. «Մի՞թե կարող է ուժը չբավականացնել, երբ կարելի է օգտավետորեն ծառայել սեփական երկրին»: Ահա թե ինչպես տասնմեկ տարեկանում երիտասարդ Բելը, Բարրայի արժանի ընդօրինակողը (Ֆրանսիայի հանրապետական բանակի 14-ամյա զինվոր Բարրան զոհվել է Վանդեայի հակահեղափոխականների դեմ մարտում), արդեն գիտեր գնահատել, թե որքան քաղցր է Հայրենիք ունենալը, ապրելն ու մեռնելը դրա համար։ Արդար է նաև այս երեխայի փառքին ավելացնել, որ նա ուներ ոչ այնքան բախտավոր ընտանիք, որը հեղափոխությունից ի վեր ամբողջությամբ նվիրվել է հայրենիքի ծառայությանը, որի քառասունհինգամյա հայրն իր տասնյոթամյա ավագ որդու հետ մասնակցել է առաջին արշավին դեպի Սավոյա, և այժմ նրանք ծառայում են Օդի ութերորդ գումարտակում... իսկ նրանց մայրը երբեք չի դադարել օգտակար աշխատանք կատարել կորպուսում…։ Այս բոլոր հանգամանքները միասին՝ Բեյլի ընտանիքին ազգային ճանաչման իրավունք ապահովելով, արժանի են հրապարակման: Նրանք սերունդներին կսովորեցնեն այն առաքինությունը, որը ծնվում է բոլոր հոգիներում, և հատկապես աղքատների մեջ՝ Ազատության սերը: *** 1998 թվականի մայիսի 23-ին ֆրանսիական բանակը հանդիսավոր արարողությամբ հարգանքի տուրք է մատուցել Պիեռ Բելին, որի արձանը կանգնեցված է Տուրեյի հրապարակում՝ Օդ դեպարտամենտի իր հայրենի գյուղում: Պիեռ Բելի մի արձան էլ կանգնեցված Արևելյան Պիրենեյ դեպարտամենտի Բուլու գյուղում: 2016 թվականի մայիսի 28-ին Կատալոնիայի Բիուր քաղաքը (Իսպանիա) կազմակերպել է արարողություն՝ հարգանքի տուրք մատուցելով փոքրիկ թմբկահար Պիեռ Բելին, որը զոհվել է գյուղի մոտ, 1794 թվականի նոյեմբերի 1-ին, Բուլուի ճակատամարտին հաջորդած մարտերի ժամանակ: Նրա պատվին փակցվել է զբոսաշրջային ցուցանակ և մի փողոցի նրա անունն է տրվել: |
Subscribe to the news feed