MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+19 °C
Դվին մայրաքաղաքի պատմական ակունքներից .«Հայորդի» ամսաթերթ
22:15, 25.06.2017
7368 | 0

Դվինը (արաբ. Դուին, հուն. Դուվիյ) IV դարի առաջին կեսին եղել է Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկը: Ըստ պատմահայր Մ. Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր: Փավստոս Բուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանում է (այժմ էլ Իրանում մի լեռ կա՝ Դվին անունով):

Դվինը հիմնադրվել է 330-338 թթ. Մեծ Հայքի թագավոր՝ Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակի կողմից: Ըստ պատմիչների, այդ ժամանակ Արաքս գետը փոխել է իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել է Արտաշատի ռազմական պաշտպանությունը: Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս Արտաշատի շուրջը և երեք կողմերից պաշտպանում այն, բացի այդ, Արաքսի ընթացքը փոխելու հետևանքով մայրաքաղաք Արտաշատի շուրջ ճահճուտներ էին առաջացել և ըստ Մ. Խորենացու, օդը դարձել էր վատառողջ: Այս ամենը հաշվի առնվելով՝ անտառատնկումներ են սկսվում քաղաքի մոտակայքում, որը պահպանվում է մինչ այժմ «Խոսրովի անտառ» անունով: Նոր մայրաքաղաքը կառուցվում է առավել առողջ, չոր կլիմայով, բարձրադիր բլուրի վրա՝ Արտաշատից ոչ հեռու, և կոչվում է Դվին: Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում է արքունական ապարանքներ ու շենքեր: 428 թ. Դվինը մեծանալով դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը: 450 թ. Բերդապահ պարսիկ Վնդոն հայերին ձուլելու նպատակով Դվինում հիմնել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն, Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը: Բյուզանդացիների ու պարսիկների կրոնադավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով քաղաքի կենտրոնում՝ եռանավ եկեղեցու մոտ, կառուցվում է վեհարան, բարձրագույն դպրոցներ և այլն:

VII դարի վերջին Դվինի տնտեսական զարգացմանը մեծ վնաս են հասցրել ասորական արշավանքները: Արդյունքում Դվինից հեռացած հայերին փոխարինում են իսլամադավան ցեղերը, թուլանում են արհեստներն ու առևտուրը:

885 թ.-ին Հայաստանի անկախության վերահաստատումից հետո Դվինը կրկին վերելք է ապրում:

XI դարի վերջին և XII դարի սկզբին Դվինը հետզհետե կորցրել է իր դերը, որին նպաստել են Դվինի արհեստավորների և վաճառականների Անի տեղափոխվելը, ինչպես նաև օտարազգի և հարևան իշխանությունների հաճախակի ապստամբությունները և ավերածությունները:

Քաղաքը վերջնականապես կործանվեց 1225 թ. Ջալալ Էդ Դինի արշավանքների հետևանքով, իսկ 1236 թ. մոնղոլ-թուրքական արշավանքներից հետո Դվինի տարածքում առաջացան մի քանի գյուղեր: Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան, Գետազատ գյուղերի տարածքում՝ Երևանից 30 կմ դեպի հարավ:

Շարունակելի...

Պատրաստեց Անուշ ԱՍԼԱՆՅԱՆԸ

«Հայորդի» լրագրողական ակումբ



«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 3, մարտ 2017թ.

The article published in the Spokesperson project.
Share with friends
Հայորդի ամսաթերթ
to top