Բառերը միջուկ ունեն, Ունեն նրանք շապիկ, Որպեսզի սաղմին հասնես, Սերմիր այն հատիկ-հատիկ: Շաղ տուր դու նրանց հողին, Թող վրան անձրև տեղա, Արևը շողերը փռի, Տաքը հունդերին տա: Ցերեկը գիշեր դառնա, Երկուսը միասին` օր, Լինի լուսինը վկա, Բառի ծնունդին նոր: Մայրացող հողում ծիլը Թող որոշ դարձյալ մնա, Որպեսզի պատեհ պահին, Երբ կանչեն, արձագանք տա: Գուղձերը մի կողմ հրի, Տեղ բացի ձեռաց համար, Կախվի մահիկից կեռ, Ուժ տա թևքերին բարակ: Իսկ հենց օրն աչքը բացի, Արեգն ընկնի ճամփա, Բռնվի արդեն շողքից, Եվ ելնի հողից կամաց: Եվ ելնեն հերթով, հուշիկ, Շարվեն մեկմեկու դիմաց, Թիկունքով իրար, մոտիկ, Հագած հանդերձներ կանաչ... Գորգն այս ո՞ւմ կամքով հյուսվեց, Սերմին ո՞վ ընծայեց կյանք, Որպեսզի Էությունը տեսնենք, Իմաստին հասու դառնանք: |