MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+19 °C
«Երևանյան ամառ 2018». Հյուսիսային պողոտայում մեկնարկել է ավանդական դարձած «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը
09:16, 06.08.2018
6487 | 0

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Հյուսիսային պողոտայում մեկնարկել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը: Ավանդույթի համաձայն, առաջին հատվածը ցուցահանդես-տոնավաճառն էր:

Փառատոնի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի օգնական, զբոսաշրջության ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ովքեր շրջել են տաղավարներում, ծանոթացել ներկայացված հայկական ազգային և այլ երկրների նմուշներին:
Մարիա Բարաղամյանը, կարևորելով փառատոնի դերը մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման գործում, նշել է. «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը, զբոսաշրջային բաղադրիչ պարունակող մյուս երկու փառատոնների հետ միասին, մեր կողմից առանձնահատուկ ուշադրության տակ են, քանի որ նախորդ տարիների ընթացքում արդեն հասցրել են ապացուցել, որ գրավիչ են աշխարհի տարբեր երկրներից Երևան ժամանած զբոսաշրջիկների համար: Քանի որ տարին հոբելյանական է մեր մայրաքաղաքի համար, փառատոնում ներառված են շատ ավելի հետաքրքիր անակնկալներ և նորամուծություններ» :
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը բաղկացած է երկու հատվածից. ցուցահանդես-տոնավաճառից հետո կներկայացվեն հայ դիզայներների նոր հավաքածուները:
Այս տարի փառատոնին մասնակցել է 25 տաղավար: Իրենց պատրաստած տարազները, զարդանախշերը, գործերն ու այլ նմուշները ներկայացրել են «Տերյան մշակութային կենտրոնը», «Տարազ և արտ» ֆոտոլաբը, Ասեղնագործ վարպետները, «Tashir Street» առևտրի կենտրոնը, «Հայկական ապրանքանիշեր» ընկերությունը, «Ֆոտո ատելիե Մարաշլեանը», «Անահիտ Սիմոնյան ֆեյշն» նորաձևության տունը, «Տարազ ԷյԷմ» ազգային նորաձևության սրահը, «Տարազ» ընկերությունը, «Շուշան-Տաթև» ձեռագործ զարդերի ընկերությունը, «Hand made by Arus» ընկերությունը, «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամը, «Հայտիկնիկ» ընկերությունը, «Մեգերյան կարպետը», «Շադոյան Ֆեյշն» նորաձևության տունը, ինչպես նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը:
Բարի ավանդույթ է դարձել նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը փառատոնին: Իրենց ազգային մշակույթը տաղավարներում ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունները, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, «Տևտոնիա» գերմանացիների մշակութային ՀԿ-ն, «Պոլոնիա» Հայաստանի լեհերի միությունը, Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիան:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը նշել է. «Մենք կարևորում ենք փառատոնում այլ ազգերի մշակույթի ներկայացումը: Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի փառատոնին մասնակցում են այլ ազգերի ներկայացուցիչներ՝ ներկայացնելով իրենց ազգային, մշակութային առանձնահատկությունները: Ինչպես զբոսաշրջիկներին են հետաքրքրում մեզ ազգային տարազն ու ավանդույթները, այդպես էլ Հայաստանի բնակիչները մեծ սիրով մոտենում են այլ ազգերի տաղավարներին, հետաքրքրվում նրանց մշակույթով: Սա կարելի է համարել մշակութային հարաբերությունների ստեղծում հայ և այլ ազգերի միջև» :
Այս տարի փառատոնին մասնակցելու նպատակով Իսպանիայից Երևան է ժամանել Վիյենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար Մերսեդես Մենոր Սեզպեդեսը, ով խոստովանել է, որ հիացած է հայկական տարազների գեղեցկությամբ: «Շատ ուրախալի է, որ Երևանում կարևորում են ազգայինը, ավանդականը և համադրում են այն ժամանակակից ոճերին: Ստացվում է շատ գեղեցիկ և ինքնատիպ դիզայն: Ինձ և հազարավոր այլ զբոսաշրջիկների համար սա իսկական տոն է և առիթ՝ ծանոթանալու հայկական բազմադարյա մշակույթին», - նշել է Մերսեդես Մենոր Սեզպեդեսը: Հատկանշական է, որ փառատոնի ընթացքում նա ներկայացրել է նաև իր ազգային տարազները, որոնք բերել էր Իսպանիայից:
Փառատոնի ընթացքում հանդիսատեսի համար ելույթ են ունեցել «Տարոնցիներ» ազգագրական երգի-պարի համույթը, «Միլեն» պարային համույթը: Հետաքրքիր ելույթներով են հանդես եկել նաև ազգային փոքրամասնությունները ներկայացնող մասնակիցները:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

The article published in the Spokesperson project.
Share with friends
Yerevan info
to top