Հերթական կանգառներն էին Նոր Գեղին, Արգելը, Թեղենիքն ու Քարաշամբը: Նոր Գեղի համայնքի դպրոցում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռոմանոս Պետրոսյանն առանձնացրեց սկզբունքային երկու կետեր, որոնք կարևոր են դպրոցների արժանապատիվ աշխատանքի և որակյալ կրթություն ապահովելու համար: «Դպրոցներում այլևս ոչ ոք չպետք է խոսի քաղաքականությունից, սա կրթօջախ է: Եվ երկրորդը, օրենքով արտաբյուջետային միջոցներ դպրոցներում լինել չեն կարող, սա նշանակում է, որ ցանկացած լումա հավաքելը հակաօրինական է», - ասաց Ռոմանոս Պետրոսյանը: Հանդիպումների ընթացքում մարզպետը խոսեց յուրաքանչյուրի՝ սեփական դերի կարևորության գիտակցման մասին, քանի որ բոլորն այսուհետ առաքելություն իրականացնող են: «Տքնաջան պետք է աշխատենք բոլորս՝ ամենքս մեր տեղում, արդյունքների համար էլ լինենք պատասխանատու: Ոչ ոք չպետք է ուղղակի գնա «գործի» . դա այլևս անթույլատրելի է», - ասաց Ռոմանոս Պետրոսյանը: Շրջայցի ընթացքում հանդիպումներ եղան Նոր Գեղիի «Ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում» -ում, բոլոր մշակույթի կենտրոններում, դպրոցներում, համայնքապետարաններում, որոնց ներկա էին նշված կառույցների աշխատակիցները և քաղաքացիներ: Ամենատարբեր ոլորտներին առնչվող մի խումբ հարցեր, մարզպետի հանձնարարականով, կլինեն պաշտոնատար անձանց ուշադրության կենտրոնում: «Ես տեսնում եմ, որ փոքր շրջանակներում դեռ երբեմն ճիգեր են գործադրվում մեղմելու դժգոհությունները, բայց վստահեցնում եմ. այլևս որևէ մեկին լռեցնելու ջանքերն ապարդյուն են լինելու», - ասաց մարզպետը, երբ դժգոհություններով հանգես եկող քաղաքացուն սաստելու փորձ եղավ: Այցի պահին Արգել համայնքի մշակույթի տանն աշխատում էր «Լուսաբաց» պարի համույթը, ինչը կարևորվեց՝ գյուղաբնակ երիտասարդների կրթամշակութային դաստիարակությունը գործնականում տեսնելու և գնահատելու տեսանկյունից: Մարզպետը նաև ծաղիկներ դրեց Արգելի զոհված ազատամարտիկների պուրակում ամփոփված շիրիմներին: http://kotayk.mtad.am/news/item/ |