Mamul.am
Full version
USD 476.26, EUR 522.98, RUB 7.44, GBP 592.56
+14 °C, +8 °C ... +23 °C Tomorrow:+25 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
14:20, 28.01.2019
ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Շնորհավորում ենք աշխարհասփյուռ հայությանը Հայոց Բանակի վերակազմավորման 27 ամյակի կապակցությամբ: Հիրավի, Բանակը յուրաքանչյուր ազգի դեմքն է ու ինքնության թերևս ամենակարևոր բաղադրիչը: Ազգերի ինքնության պահպանման և պաշտպանության ամենաէական և ամենակարևոր մեխանիզմը՝ Ընտանիք-Դպրոց-Ազգ-Բանակ քառամիասնությունն է, որի խաթարումը հղի է ամենաանկանխատեսելի վտանգներով:
Յուրաքանչյուր տարի, գուցե յուրաքանչյուր օր, միայն բաժակաճառային և դեկլարատիվ հայտարարություններ կատարելով, մենք չենք կարող ապահովել Հայոց Բանակի հզորությունը, եթե հիմքում չունենք իրական ջանք ու եռանդ:
Որևէ մեկի համար կարծում ենք գաղտնիք չէ, որ Հայ Ազգի և Հայաստանի Հանրապետության համար միակ անդավաճան դաշնակիցը եղել է և կա, և կարծում ենք ապագայում էլ կմնա Հայոց Բանակը: Եւ ուրեմն մենք վստահ ենք, որ Հայոց Բանակը պետք է շարունակական զարգացում ունենա, վերածվելով տարածաշրջանի անպարտելի ուժին: Դրան հասնելու համար, բացի տնտեսական զարգացումը, մենք կարևոր ենք համարում Բանակի հետ անմիջապես առընչվող մի շարք ոլորտների զարգացումը:
Եվ ուրեմն.
1.Նպաստել Ընտանիքի, իբրև գերագույն արժեքի բացարձակացմանը, և Ընտանիք ինստիտուտը դարձնել անձեռնմխելի ցանկացած ոտնձգությունից: Խթանել բազմազավակությունը, բազմազավակ ընտանիքներին դարձնելով հանրային հոգածության առարկա: Բազմազավակ ծնողներին պետական պարգևներ սահմանելով, ընդհուպ մինչև հերոս-մայր բարձրագույն կոչման սահմանում:
2.Դպրոցներից դաստիարակել Բանակի համար Հայրենասեր, բանիմաց և անձնվեր մարտիկներ, ԲՈՒՀ-երում պատրաստել Հայոց Բանակի համար պիտանի և անշահախնդիր մասնագետներ:
3.Զարգացնել ռազմաարդյունաբերական համալիրը, ստեղծելով պետական պահանջարկ ռազմաարդյունաբերության ոլորտում, հատկապես գերժամանակակից և գերհզոր զինատեսակների մասով, աստիճանաբար հասնել հատկապես ստրատեգիական զինատեսակների մասով ինքնաբավության:
Ստեղծել ժամանակի պահանջներին համահունչ նոր զինատեսակներ և զորատեսակներ:
4.Հնարավոր բոլոր ճանապարհներով ապահովել Հայոց սպայի և զինվորի անհրաժեշտ նյութական և սոցիալական կարիքները, այսպիսով ամրացնելով մարտնչող զինվորականի թիկունքը:

Ահա այսպիսի միջոցառումների շնորհիվ է, որ մենք կկարողանանք ժամանակի ընթացքում հզորացնել Հայոց Բանակը, այն վերածելով տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորի:
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք աշխարհասփյուռ հայությանը իր հոգեզավակի՝ Հայոց Փառապանծ Բանակի վերակազմավորման 27 ամյակի կապակցությամբ: Հայ զորականներին մաղթում ենք խաղաղ և անվտանգ ծառայություն, Ոգու ամրություն, արիություն:
Նորահաստատ տոնդ շնորհավո՛ր հազարամյակներով անցած, մեր 27 ամյա Հայո՛ց Բանակ:

Արմենական կուսակցության նախաձեռնող խմբի
Մամլո Դիվան
28.01.2019թ.
Share with friends
| |
MediaPress լրատվական
to top