MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -3 °C ... +4 °C Tomorrow:0 °C
Կաթողիկոսի փոփոխությունը կարող է հաջողվել, եթե այն վայելում է տվյալ պահի քաղաքական իշխանության աջակցությունը
00:11, 27.02.2019
3891 | 0
Կարելի է ասել, որ 2001-ին քրիստոնեության՝ որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի տոնակատարություններից հետո առաջին անգամն է, որ հասարակությունը նման ակտիվություն է ցուցաբերում ազգային եկեղեցու հանդեպ։ Եվ դա դրական ազդակ է Հայաստանում հոգևոր վերազարթոնքի համար։ Սակայն սրանով հանդերձ, պետք չէ մոռանալ, թե ո՛րն է այս շարժման հիմնական շարժառիթը։ Պահանջը ձևակերպվում է որպես Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարական և Եկեղեցու վերադարձ իր ավանդական կարգերին։ Այլ ձեւակերպումներ էլ կան, ինչպես օրինակ՝ եպիսկոպոսների իրավազուրկ վիճակ, հատկապես հեռավոր շրջաններում ծառայություն իրականացնող քահանաների սոցիալական պաշտպանվածություն եւ այլն։
Սակայն պետք է մի շարք հանգամանքներ արձանագրել.
1. Հայաստանում թավշյա հեղափոխությունը կարողացավ հաղթել, որովհետեւ երկու բաղադրիչները այդ հաղթանակի ապահովման գործում համընկան։ Խոսքը ժողովրդական լայն ներգրավվածության և միջազգային հարմար պահն ու արտաքին աշխարհի, թեկուզ չերևացող, աջակցության մասին է։ Բացի այդ, թավշյա հեղափոխության օրերին բոլորը զբաղված էին սիրիական հերթական ռմբակոծությամբ, իրանական խնդիրներով, և նախկին իշխանություններին միջազգային քաղաքական ասպարեզում հիմնական աջակցություն ցույց տվող ուժային կենտրոն Մոսկվան, ըստ ամենայնի նախ ժամանակ չուներ Սերժ Սարգսյանին աջակցություն ցուցաբերելու և ապա նաև ցանկություն չուներ երկրորդ Յանուկովիչ ստեղծելու, ինչի մասին ոչ թե հայկական, այլև ռուսական և արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցները, փորձագետներն ու վերլուծաբաններ էին խոսում։
2. Հայոց պատմության վերջին 1700-ամյա ընթացքը փաստել է պարզ իրողություն. Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրման օրվանից ի վեր քաղաքական իշխանությունները մեծ ազդեցություն են ունեցել եկեղեցական գործերի վրա, ազդել եկեղեցական բոլոր առանցքային կամ կարևոր որոշումների վրա՝ լինեն դրանք դավանաբանական, թե կենցաղավարական։ Քաղաքական իշխանությունները հրավիրել են ըստ էության բոլոր եկեղեցական ժողովները, մասնակցություն ունեցել գրեթե բոլոր կաթողիկոսների գահ բարձրանալուն՝ սկսած Գրիգոր Ա Պարթևից։ Ավելին, պետականություն չունեցած շրջանում էլ մշտապես ազդել են այս հարցերի վրա, լինի դա պարսիկ շահ, թե ռուսական ցար կամ սովետական ղեկավար։ Հետևաբար, որևէ եկեղեցական բարեկարգության շարժում կարող է հաջողվել՝ ընդհուպ մինչև կաթողիկոսի փոփոխություն, եթե այն վայելում է տվյալ պահի քաղաքական իշխանության աջակցությունը։ Ուստի «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման նախաձեռնողները պետք է փորձեն հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական խաղացողների մոտ բարձրաձայնել հարցը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է արդեն, որ, պահպանելով Սահմանադրությունը, պետությունը չի միջամտի եկեղեցու ներքին գործերին։ Այս հայտարարությամբ հանդերձ, եթե ակտիվ քննարկումներ լինեն քաղաքական հիմնական ուժերի հետ և ձևավորվի այնպիսի հարթակ, որ, որպես համազգային ու համահայկական նշանակության կառույց, եկեղեցում հասունացել է բարեփոխումների փուլը, ապա թեկուզեւ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, հաշվի առնելով պետություն-եկեղեցի առանձնահատուկ հարաբերությունները, որն ամրագրված է նաեւ օրենսդրությամբ, պետությունը կարող է միջամտել։
3. Վերստին վերադառնալով թավշյա հեղափոխությանը, որի ողջ ընթացքում Փաշինյանն ու նրա թիմը մնացին օրենսդրության դաշտում, դրանով ապահովելով իրենց համար լեգիտիմություն արտաքին աշխարհում։ Նույնն է նաեւ եկեղեցական համակարգը։ Ցանկացած գործընթաց պետք է իրականացվի նախ ՀՀ Սահմանադրության եւ օրենքների խստագույն պահպանմամբ եւ նաեւ Եկեղեցու՝ արդեն ունեցած կանոնական ճանապարհին հետեւելով...
Ավելի պարզ. եթե եկեղեցա-իրավական ճանապարհով չլինի կաթողիկոսի հրաժարականը եւ նոր կաթողիկոսի ընտրությունը, անկախ այն հանգամանքից, թե ժողովրդական ինչպիսի հոծ բազմություն նրան կհռչակի կաթողիկոս, միեւնույնն է՝ քրիստոնյա աշխարհը, միջազգային հանրությունը, համակրոնական աշխարհը նրան կընկալի որպես սովորական ուզուրպատոր եւ որպես Առաքելական եկեղեցու միակ լեգիտիմ գահակալ կճանաչի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին։ Հիշենք, թե ինչպես քաղաքական հարթության մեջ Նիկոլ Փաշինյանն անցավ Սահմանադրությամբ սահմանված պարտադիր ընթացակարգը ԱԺ-ում՝ վարչապետ ընտրվելու համար։ Իհարկե, կարող էր բավարարվել հրապարակում իրեն վարչապետ հռչակելով, սակայն գոնե ֆորմալ առումով պահպանվեց ընթացակարգը։

Տիգրան Վահանե

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում:
«Պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին». Նիկոլ Փաշինյան
Spokesperson: Ազատ Խոսք
The article published in the Spokesperson project.
Share with friends
| |
Ազատ Խոսք
to top