Մի հուսահատ մարդ, ինքնադատաստանի թելադրանքով ու նաև իր շրջապատին ցավ պատճառելու ցանկության դրդմամբ, ու նաև զայրույթից, որ իր կանչին ոչ ոք չի արձագանքում, մի օր ինքն իրեն կախեց: Նրան կախաղանից արձակեց այդտեղով անցնող մեկը: Բացելով աչքերը՝ փրկվածն ասում է. -Շա՜տ ուշ է, դուք ինձ պիտի նախապես օգնեիք: -Բայց ես ձեզ չեմ ճանաչում, - ասում է անծանոթ փրկարարը: -Դա կապ չունի, դուք ինձ մինչև կախվելս պիտի օգնեիք: -Ես նոր էի այստեղով անցնում: -Պետք չէր, որ այստեղով անցնեիք: -Մտածեցի բարի գործ անել: -Ովքեր ասում էին, թե ինձ սիրում են, ոչինչ չանելով՝ նույնպես մտածում էին, թե բարի բան են անում…: -Ուրեմն ես պիտի թողնեի, որ դուք մեռնեի՞ք, չմիջամտեի՞: -Ո՛չ, կախվելուցս առաջ միջամտեիք, ինձ հետ խոսեիք, ինձ լսեիք, ինձ համոզեիք, կարիքիս մեջ ինձ սիրեիք: Այդ ամենն առաջ պետք է արվեր, որպեսզի իմ հուսահատությունն ինձ չհասցներ ոչնչի չհավատալու վիճակի: -Ուզո՞ւմ եք պարանը նորից ձեր պարանոցը գցեմ, - առաջարկեց անծանոթը: -Ո՛չ, ես մեռնելու ցանկություն չունեմ, ես խոսքի կարիք ունեմ: -Բայց ես ժամանակ չունեմ, ես շտապում եմ: -Այո, դուք միայն ինձ կախաղանից ազատելու և կախաղանի օղակը նորից պարանոցս գցելու ժամանակ ունեք, բայց ինձ լսելու ժամանակ չունեք: -Այդպես է, որ կա: Չէ՞ որ ինքս էլ եմ շտապում, որ հասցնեմ ապրել: |