Մայրը տեսավ որ դուստրը շատ երկար նայում է հեռախոսի էկրանին ու հասկացավ, որ նայածը կինոնկար չէ: Թե ի՞նչպես հասկացավ, ինքն էլ չիմացավ: - Ի՞նչ ես նայում այդքան ուշադիր: - Իմ ու Արամի նկարն է, մտածում եմ գցել էկրանիս: - Հարսանիքից առաջ վատ նշան է, - մայրն անհանգիստ շարժվեց տեղում: Անհանգիստ բառը այստեղ տեղին չի, քանի որ այդ ե՞րբ է մայրը հանգիստ եղել: - Ի՞նչ նշան, մամ ջան, այս ո՞ր թիվն է, մոռացե՞լ ես, 2016 թիվն է դրսում, ընդամենը սնահավատություն, ի՞նչ պետք է լինի որ… - Ամեն դեպքում վա՛տ նշան է, վեճ կարող է լինել, իրարից նեղանալ, դե՜ նման բաներ, որ կխանգարեն հարսանիքին: - Ես թույլ չե՛մ տա ինձ հետ վիճի, ո՛չ էլ առիթ կտամ: - Ով վիճում է նրան թույլտվություն հարկավոր չէ: Դուստրը իր վարակիչ ծիծաղով սպանեց սենյակի լարված մթնոլորտը: Եղավ հարսանիք իր բոլոր ավանդական ծեսերով, բազմաթի՜վ նկարներ հարսի շորերով, բայց դստերը այն նկարն էր դուր գալիս, որ մինչ հարսանիքը նկարվել էին Արամի հետ՝ Արամը զինվորական համազգեստով ինքը սպիտա՜կ - բաց կապույտ փոքրիկ ծաղիկներով շրջազգեստով: Հենց ա՛յդ նկարն էլ դուստրը մեծացնել տվեց ու կախեց հետուստացույցի վերևում: Հետո հեռուստացույցով ասացին, որ պատերազմ է… հետո ճշտեցին որ …քառօրյա՜… հետո չգիտես ի՞նչու նկարից անհայտացավ Արամի պատկերը կամ չանհայտացավ ուղղակի չգիտես ինչու չէ՛ր երևում: |