MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.15, EUR 415.38, RUB 6.32, GBP 481.02
+1 °C, 0 °C ... +6 °C Tomorrow:+7 °C
Գարեգին Բ-ն իր կամակատար եկեղեցականների միջոցով խոշոր գումարներ է վաստակում՝ Մեծ Պահքի օրերին թույլատրելով Պսակադրություններ կատարել
00:10, 01.04.2019
4330 | 0
Մեծի Պահոց շրջանում եկեղեցական կանոններով արգելված է Սուրբ Պսակի արարողությունը: Հակառակ այս իրողությանը՝ եկեղեցական բոլորը կանոնները ոտքի կոխան դարձրած Գարեգին Բ-ն իր կամակատար եկեղեցականների միջոցով խոշոր գումարներ է վաստակում՝ Մեծ Պահքի օրերին թույլատրելով Պսակադրություններ կատարել։
Վերջին ժամանակներում շատ է խոսվում այդ մասին, սակայն գործնական քայլեր չեն ձեռնարկվում ո՛չ եկեղեցականների և ո՛չ ժողովրդի կողմից: Մինչդեռ Եկեղեցու Հայրերի հորդորը շատ հստակ է այդ մասին։
«Մեծ պահքի ընթացքում փակվում են եկեղեցու խորանների վարագույրները և դռները, և սպասավորներից ու պատարագողից բացի ուրիշ ոչ մի մարդ չի մնում ներսում: Եվ այսպես շարունակ՝ մինչև Ծաղկազարդի կիրակի օրը, երբ կատարվում է «Դռնբացեք» -ի արարողակարգը» (Վարդան Այգեկցի):
«Բուն Բարեկենդանի օրվանից մինչև Պահքի ավարտը և տարվա բոլոր կիրակի օրերին ոչ մի քահանա տգիտությամբ չպսակադրի որևէ մեկին, քանի որ Պահքի օրերը սգի և տրտմության օրեր են և խորհուրդն են պարունակում Տիրոջ չարչարանքների: Դրա համար արգելվում են հարսանյաց ուրախությունները և գինարբուքները, ինչպես պատվիրեցին մեզ մեր Սուրբ Հայրերը» (Սբ. Ներսես Շնորհալի):
Չգիտես ինչու, այսօր մոռացության են մատնվել Սուրբ Հայրերի կողմից դրված կարգ ու կանոնները, որոնք միշտ հանդիսացել են ուղեցույց ամբողջ ազգին: Պատկերացրեք՝ ի՛նչ է կատարվում. սգի և տրտմության օրեր, և փակ վարագույրի առաջ, առանց Աստծո երկյուղի, երգում են «Ուրախ լեր Սուրբ Եկեղեցի»:
Պսակի արարողության ժամանակ քահանան պարտավոր է զույգերին խրատել, ինչպես ասում է Հովհաննես Երզնկացի վարդապետը. «Քահանանե՛ր, եթե դուք անփույթ վարվեք կամ ամաչեք խրատել, ապա ո՞վ պիտի ասի ժողովրդին»: Եվ հորդորում է՝ ասելով. «Իմ որդյակնե՛ր և Քրիստոսի հավատացյալնե՛ր, ամուսնությունը որդեծնության համար է և ոչ թե՝ հեշտասիրության։ Ուստի պատվիրվում է պահքի օրերին հեռու մնալ մարմնավոր մերձեցումից: Քանզի զույգերի ոչ ժամանակին մերձեցումից, եթե սաղմնավորվում է կինը, նրա պտղի հետ կլինեն և՛ հոգևոր, և՛ մարմնավոր արատներ»:
Նայեցե՛ք մեր չորս կողմը, սիրելի՛ ժողովուրդ, ժամանակն է սթափվելու և դադարեցնելու պահոց օրերին պսակադրվելը: Ադամը և Եվան դրախտում գտնվում էին պահքի մեջ և նրանց կողմից պտղի անժամանակ ճաշակումը հանգեցրեց Կայենի լույս աշխարհ գալուն, որը դարձավ եղբայրասպան: Պտուղը, որ ճաշակեցին մեր նախնիները, բարի էր, սակայն անժամանակ ճաշակելը դարձավ չարության պատճառ: Նույնպես և այսօր պահքի օրերին ուտել և գործել այն, ինչն արգելված է, դժվար թե հանգեցնի բարի ավարտի:
Պսակը մեր Սուրբ Եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է, որի օրհնությամբ կազմավորվում է ընտանիք` սիրո մեջ միության և որդեծնության համար: Ըստ Պողոս առաքյալի՝ «Պատվական է ամուսնությունը և սուրբ է անկողինը» (Եբր. 13: 4): Եվ այսպիսի բազում օրինակներ կարելի է բերել Սուրբ Գրքերից, սակայն բնության մեջ ամեն ինչ ունի իր ժամանակը։
Չմոռանա՛նք երբեք, որ Տերն օրհնում է բոլորին իր գործերի համեմատ: Պահե՛նք այն, ինչ պատվիրված է մեզ, որ երբևէ առիթ չտանք մեղադրելու ինքներս մեզ կամ մեր կողքիններին, կամ պատճառաբանելով, թե չգիտեինք, կամ արհամարհանքով չլսենք ու քմծիծաղենք: Քանզի չարի պայմանն է կորստյան մատնել մեկին հավատքով, մեկին՝ անհավատությամբ, մեկին՝ գիտենալով, մեկին՝ չգիտենալով, կամա և ակամա, ծիծաղելով, զազրախոսելով և այլն:
«Ամենողորմ Տե՛ր, ողորմի՛ր բոլոր Քեզ հավատացողներին, յուրայիններին ու օտարներին, ծանոթներին և անծանոթներին, ողջերին ու մեռյալներին: Թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ատողներին իմ դեմ գործած հանցանքների համար և հե՛տ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ, որպեսզի Քո ողորմությանը արժանի լինեն. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս (Սբ. Ներսես Շնորհալի) ...
Spokesperson: Ազատ Խոսք
The article published in the Spokesperson project.
Share with friends
| |
Ազատ Խոսք
to top