MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
… Ձայն Արթնացումի
10:48, 24.04.2019
3342 | 0


* * *

Զանգակատունդ լո՛ւռ է…

Վաղո՜ւց,

Արդեն քանի՜ տարի:

Ժամհարդ արթո՞ւն է, թե՞ քնած՝

Գլուխը տապանաքարիդ…


Լսո՞ւմ ես, Պոե՛տ,

Աշխարհում հո՛ւր է…

Ժամհարդ խո՛ւլ է,

Հոգի՛ն է ավեր,

Զանգիդ լեզվակին վայրկյանն է մեռել…


Զանգակատանդ ճաքած տանիքին,

Աղավնու փոխարեն -

Ագռավ է թառել:


Գլուխդ բարձրացրո՛ւ, սիրելի՜ Պոետ,

Զանգակատունդ չի՛ կարող լռել,

Պոետին վայել մատներով քո նուրբ

Հիշատակարժա՛ն,

Շուրթերով քո սուրբ,

Բանաստեղծակա՜ն,

Մկրտիր ժամհար

Նո՛ր Զանգակատան:


* * *

Զանգի ղողանջից ականջ չի՛ ցավում.

Ականջ ցավում է մահվան լուռ լացից,

Մոր անօգնական խաչված ձեռքերից,

Քրոջ կամ եղբոր, դստեր կամ թե հոր

Մի կետի նայող սառա՜ծ հայացքից,

Ականջ ցավում է այրու արցունքից,

Դագաղը ձգող պտուտակների անխի՜ղճ ճռինչից…


Զանգի ղողանջից ականջ չի ցավում …


Ղողանջը զանգի

Նո՛ր կյանք է կոչում,

Մի նո՛ր զարկերակ,

Նո՛ր շնչառություն,

Մի նոր աղմուկ է երակով վազում,

Կարծես թե սիրտդ վերանորոգված

Նոր թափ է առնում՝

Ելնում է վե՛րև՝ ամպերին հեծած,

Արևը սանձած…

Հետո ընկնում ցած՝

Երգեր է երգում վաղո՜ւց մոռացված…


Զանգի ղողանջը

Նո՛ր բառ է ծնում շրթունքի եզրին,

Մի նոր հնչյուն է մխրճում հողին,

Որ հետո ծիլ տա,

Բողբոջի՜, ծաղկի՜…


Զանգի ղողանջից ականջ չի ցավում …


Զանգի ղողանջից հո՛ղն է բղավում…

Տարագիր որդուն իր տուն է կանչում,

Փոքրիկ առվակը դառնում է գետակ,

Սիրո պոետը դառնում է կոչնակ:


Զանգերի ձայնի՜ց…

Ջերմ խլրտոց է ծնվում սրտիդ տակ:

… Խո՜ւլ, համր զանգը նմա՛ն է մահճի,

Հանո՛ւն մարդկության,

Հանո՛ւն Արարչի,

Ժամհա՛ր արթնացի՛ր,

Զա՛նգդ Զարկի՛ր,

Ձե՛ռքդ հավետ լինի Զանգին..

Քո ձեռքն ուրիշ է՝ Ձե՛ռք է Ժամհարի…


* * *

Ձե՜ռք…


«Ձե՞ռք» պետք է ասի իր վերջույթներին,

Արնահամ կաթով սնված, մեծացած

Այն վայրագ ցեղի լպիրշ լամուկը,

Որ մագաղաթ էր գցում խարույկը,

Որ սուր բարձրացրեց` փորձեց լռեցնել

Ոսկեղենիկը…

… «Հայրի՛կ, հայրիկ քո Հայրենիք» -ը,

«Անտունի՜ն»,

«Կաքավի՜կ» -ը…


Ձե՜ռքդ կոտրվի…


Իր վերջույթներին «Ձե՞ռք» պետք է ասի…

«Ձե՞ռք», որ

… սրով ստինքերն էր կտրտում հարսի,

որ հետո կանգնի իր կեղտոտ լեզվով աշխարհին ասի.

- Ես մեղավո՜ր չէի, պաշտպանվու՜մ էի…


Ձե՜ռքդ կոտրվի…

Լեզո՛ւդ պապանձվի:


Լեզո՜ւ…

Ցանկացած լեզվով կարող ես

Գրե՛լ, պատմե՛լ, համոզե՜լ,

Ինչպես զոհվեցին Ռոմեո՛ն, Ջուլիե՜տը,

Ինչպես սաստեցին հողամաղացներին

Սանչո՛ն, Ասպե՜տը,

Ցանկացած լեզվով կարող ես

Գրե՛լ,

Թե ինչպե՞ս էր հոր ուրվականի հետ

Խոսո՜ւմ – զրուցո՜ւմ

Ազնիվ Հա՜մլետը…


Այդ լեզուներով կարո՞ղ ես գրել

Ի՞նչպես խենթացավ սուրբ Վարդապետը,

Թե՞ ինչպես Աստծո աչքերի առաջ,

Առանց պատանքի հողին խառնվեց.

Հո՜ւյսը,

Հավա՜տը,

Սե՜րը:


Ո՞ր լեզվով կարող ես գրե՛լ, բացատրել,

Թե բնությունն ինչպե՞ս էր սարսա՛փ կուլ տվել,

Աչքե՛րը չռել…

Ի՞նչպես էր հույսը ձգված հյուսիսին

Սառե՜լ, մնացե՜լ…

Հավատը ուղղված դեպի արևմուտք

Ճաքե՜լ, չորացե՜լ…


Ո՞ր լեզվով կարող ես գրե՛լ, բացատրել,

…Հողը ի՞նչպես էր արյունով ջրվել –

… Սուրը դարձել էր խաչ -

Անտեր ընկել էր թշնամու առաջ…

Լռությունը իր ծնկները ծալել -

Բերանն էր խոթել…

… Ինչո՞ւ լաց չկար…

Շուրջը ցնո՜րք էր… ու

Աշխարհն էր լո՜ւռ…

Աշխարհը լափում էր ցա՜վ…

Խմում էր արյո՜ւն…


Լո՜ւռ Զանգակատուն…


Լռած զանգակը շուրջը սփռում է

Ցա՛վ, կսկի՛ծ ու ճի՛չ՝

Լռությա՛ն ճիչ…

Սրանից ավել ազգիս ի՞նչ պատիժ…



Լո՜ւռ Զանգակատուն…


Զանգը անտե՜ր…

Ժամհարն ավե՜ր…


Վե՛ր կաց, Ժամհա՛ր,

Ո՞վ կփորձի քեզ խանգարել…


* * *

Ի՛ր Ժամհարն ունի ամեն մի սերունդ …


Բայց Զանգը մեկն է՝ մի սուրբ երևույթ,

Որ փոխանցվում է ՝որպես սովորույթ -

Սերնդի՜ց սերունդ,

Անկախ նրանից

Կաթոլիկ է նա, Ուղղափառ է հեզ, թե Բողոքական…

Զանգը, մնո՛ւմ է Զա՛նգ՝

Զա՛նգ – Զանգակատան…


Հարվածի՛ր զանգիդ,

Նորօրյա՛ Ժամհար – Նո՛ր Զանգակատան,

Թող որ իմանան գայլերն աշխարհի,

Որ կեր չի եղել,

Որ կեր չի՛ դառնա

Հայը օտարին…


Ժամհա՛ր, արթնացի՛ր, արթնացի՛ր արագ,

Սկսվում է մի Նոր՝ մի Նո՛ր պատարագ:


Ժամհա՛ր, ե՛լ ոտքի…


Զանգակատունը չպե՛տք է լռի…


Ս.Ումառ -Հարությունյան

Երևան 2014 թ

The article published in the Spokesperson project.
Share with friends
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
258 | 0
14:27, 06.03.2024
243 | 0
00:16, 29.01.2024
364 | 0
22:42, 16.01.2024
305 | 0
21:28, 15.01.2024
325 | 0
13:30, 09.01.2024
423 | 0
13:16, 30.12.2023
432 | 0
12:50, 21.12.2023
402 | 0
21:14, 19.11.2023
393 | 0
23:34, 23.10.2023
430 | 0
10:18, 11.10.2023
431 | 0
21:34, 19.09.2023
787 | 0
to top