MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Tomorrow:+16 °C
ԱրՊՀ-ում տեղի է ունեցել Անահիտ Մանասյանի «Սահմանադրական կայունությունը` որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» գրքի քննարկումը
14:40, 10.05.2019
3730 | 0

Այսօր` մայիսի 10-ին, ԱրՊՀ է այցելել ԵՊՀ պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Անահիտ Մանասյանը, ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Անի Սիմոնյանը: Այցի ընթացքում տեղի է ունեցել Անահիտ Մանասյանի «Սահմանադրական կայունությունը` որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» գրքի քննարկումը:

Քննարկմանը ներկա էին ԱՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, ԱՀ Գերագույն դատարանի դատավոր, ԲԴԽ նախագահ Գայանե Գրիգորյանը, ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, ի.գ.թ. Անատոլի Թադևոսյանը, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոսներ, իրավագիտություն մասնագիտությամբ սովորող ուսանողներ:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է մենագրության նշանակությունը և ԱրՊՀ-ում նման ձևաչափով քննարկում կազմակերպելը` հույս հայտնելով, որ հետագայում իրավագիտության բնագավառում կընդլայնվեն համագործակցության շրջանակները: Նախքան գրքի քննարկմանն անցնելը` ռեկտորը նաև շնորհակալություն է հայտնել հյուրերին` ԱրՊՀ իրավագիտություն մասնագիտությամբ սովորող ուսանողների խմբերում դասախոսություններով հանդես գալու համար:

Մենագրության հեղինակ Անահիտ Մանասյանը նշել է, որ գրքի շնորհանդեսը ՀՀ-ում կազմակերպելուց հետո անհրաժեշտություն էր այն նաև Արցախում ներկայացնելը, քանի որ, ըստ նրա, Արցախի հետ կապված է նոստալգիկ հուշերով և արցախյան միջավայրում առանձնահատուկ ջերմություն կա:

Ա. Մանասյանը, խոսելով գրքի հիմնական գաղափարների մասին, նշել է, որ մենագրության շրջանակներում հետազոտվել են ժողովրդավարության դոկտրինը, սահմանադրական կայունությանն ու Սահմանադրության զարգացմանն առնչվող խնդիրները, սահմանադրական վեճերի հաղթահարման իրավական կառուցակարգերը, Սահմանադրության պաշտոնական մեկնաբանության, անմիջական գործողության առանձնահատկությունները, Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների զարգացման հիմնախնդիրները, ինչպես նաև «սահմանադրական ինքնություն» հասկացությունն ու դրա արժեբանական բնութագիրը:

«Ժողովրդաիշխանություն մերօրյա ընկալումներն իրականում ունեն վերաիմաստավորման անհրաժեշտություն: Քաղաքական ուժի փոփոխությունը հաճախ բերում է սահմանադրական փոփոխության, որը բոլոր երկրներում, որոնք ես ուսումնասիրել եմ, հանգեցնում են մեծ խնդիրների: Մենագրությունում սահմանդրական կայունությունը դիտարկել ենք որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական», -ասել է հեղինակը և հավելել, որ գիրքը նախատեսված է սահմանադրական իրավունքի, իրավունքի տեսության և փիլիսոփայության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության հարցերով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար:

Աշխատությունն իրենց ելույթներում կարևորել են նաև քննարկմանը ներկա ոլորտի մասնագետները:

ԱՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը հատկանշել է թեմայի արդիականությունն ու ուսումնասիրության պահանջվածությունը` նշելով, որ Անահիտ Մանասյանը նոր անուն չէ գիտության ոլորտում, նրա հետ ԱՀ դատական իշխանությունների համագործակցությունը մեկ տասնամյակից ավելի է:

«Ա. Մանասյանը ոչ միայն լավ գիտնական, սահմանադրագետ է, այլ նաև լավ մարդ է: Կարևոր եմ համարում այս գրքի քննարկումը ԱրՊՀ-ում կազմակերպելը, որովհետև նմանատիպ միջոցառումները նպաստում են ուսանողների գիտական մտքի զարգացմանը», -նշել է նա:

Իրենց տեսակետներն են արտահայտել նաև քննարկմանը ներկա ԱրՊՀ ուսանողները` հեղինակին շնորհակալություն հայտնելով ոչ ֆորմալ ձևաչափով գիտելիք տրամադրելու համար:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Արցախի պետական համալսարան
to top