MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Tomorrow:+16 °C
Ի՞նչ է տալու Կրեմլը Եզրաս արքեպիսկոպոսին կամ Գարեգին Բ-ին նման քայլի դիմաց՝ որպես վարձատրություն
22:57, 18.06.2019
5412 | 0
Երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրեց իր մարտիմեկյան ուղերձը Դաշնային խորհրդին, որի ընթացքում ներկայացվեցին նաեւ ռուսական զինանոցի նորույթ հանդիսացող սպառազինությունները, որոնց մեջ՝ նաեւ զանգվածային ոչնչացման զինատեսակներ, Ֆեյսբուքի հայկական սեգմենտում նույնպես քիչ չէին այն մարդիկ, որոնք ոչ պակաս, քան ռուսները կամ գուցե թե նրանցից առավել, հրճվեցին ռուսական զենքի հաջողություններով։
Թեեւ դժվար է ասել, թե այդ հզոր ու ահարկու զինատեսակները երբեւէ գործի կդրվե՞ն արդյոք Հայաստանը պաշտպանելու համար: Եղան նաեւ քննադատողներ, սակայն ոչ մեկը չնկատեց մի նյուանս: Այնտեղ ներկա էին ոչ միայն քաղաքական գործիչներ, այլ նաեւ կրոնական՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետ՝ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, բարձրաստիճան եկեղեցականներ, նույնիսկ մուֆթիներ եւ այլ կրոնական առաջնորդներ կամ գործիչներ: Նրանց շարքերում էր նաեւ Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը` Գարեգին Բ-ի եղբայրը, իրեն ուղեկցող եկեղեցականների խմբով:
Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների միջոցառումն ինչ-որ տեղ հասկանալի է: Կիրիլ պատրիարքն օրհնել է ռուսական զենքը, ներառյալ նաեւ զանգվածային ոչնչացման զինատեսակները եւ, որպես պետականակենտրոն եկեղեցի, ներկա գտնվել: Հասկանալի է ինչ-որ տեղ նաեւ մահմեդական մուֆթիների ներկայությունը՝ որպես Ռուսաստանի քաղաքացիների, սակայն զարմանալի է, որ Հայ առաքելական եկեղեցին եւս ծափահարում է զանգվածային ոչնչացման զինատեսակներին՝ ի դեմս Գարեգին Բ կաթողիկոսի եղբոր, ով Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդն է: Այսինքն՝ Հայ առաքելական եկեղեցու համար արդեն զանգվածային ոչնչացման զենքն ընդունելի՞ է: Թե՞ այստեղ գործում է ընտրողական վերաբերմունք, ասել է թե` ընդունելի է, եթե ռուսական արտադրանքն է՝ օրհնված Կիրիլ պատրիարքի կողմից:
Մարտիմեկյան ելույթից եւ դրան հաջորդած ռուս նախկին լրտես, գործակալ Սկրիպալի սպանության փորձից հետո, որի մեջ արդեն Լոնդոնն ու Վաշինգտոնը մեղադրում են Մոսկվային, պարզ դարձավ, որ սկսվում է նոր սառը պատերազմ: Այս դեպքում հետեւյալ հարցը կա. Հայ առաքելական եկեղեցին էլ է ներքաշվելու աշխարհաքաղաքական վերադասավորումների եւ սառը պատերազմի մեջ: Հանուն ինչի՞: Եվ կամ՝ ունի՞ արդյոք Հայ առաքելական եկեղեցին բավարար պատրաստվածություն եւ ռեսուրսներ նման խաղերի մեջ մտնելու համար: Ի՞նչ է տալու Կրեմլը, օրինակ, Եզրաս արքեպիսկոպոսին կամ Գարեգին Բ-ին նման քայլի դիմաց՝ որպես վարձատրություն: Խորհրդային տարիների փորձառությունը գոնե պետք է հուշեր, որ եթե սառը պատերազմն իրոք սկսվի, ապա Էջմիածինը կրկին կպիտակավորվի որպես «կարմիր», այս դեպքում` ռուսամետ կամ նույնիսկ ռուսահաճ կաթողիկոսություն: Պատրա՞ստ է արդյոք Էջմիածինն այդ ամենին՝ բոլոր հետեւանքներով հանդերձ:
Մեկ անգամ դրա հետեւանքը եղավ այն, ինչ արդեն կես դար եւ ավելի հնարավոր չէ հաղթահարել՝ ի դեմս Էջմիածին-Անթիլիաս երբեմնի սուր հակասությունների, որոնք այսօր ընդամենը փոքրիշատե մեղմվել են կամ սառեցվել: Ու եթե վաղն էլ Դոնալդ Թրամփը համանման զորահանդես կազմակերպի եւ հրավիրի, օրինակ, Ամերիկայում գործող Հայ առաքելական եկեղեցու էջմիածնական թեմերի առաջնորդներին նաեւ այլ կրոնական առաջնորդների շարքում, նրանք կմասնակցե՞ն, թե՞ դա միայն Կրեմլին վերապահված արտոնություն է:

Տիգրան ՎԱՀԱՆԵ
Spokesperson: Ազատ Խոսք
The article published in the Spokesperson project.
Share with friends
Ազատ Խոսք
to top