MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+19 °C
Քաղաքական և դատական պերճախոսությունը հին Հռոմի հանրապետական դարաշրջանում
21:22, 26.07.2019
4603 | 0

Նախկինում հասարակական գործիչ և հռետոր դառնալու նախապատրաստվող երիտասարդը սկզբում տանը սնվում էր գիտությամբ ու հագենում էր ազնվածին զբաղմունքներով, հետո հայրը կամ ազգականները նրան տանում էին այն հռետորի մոտ, որը մյուս հռետորների շարքում առաջինն էր: Երիտասարդը հաճախակի այցելում էր նրան, դառնում էր նրա սովորական արբանյակը, նրա հետ ներկա էր լինում դատական քննարկումներին ու քաղաքական հավաքույթներին, լսում էր խոսքակռիվները և մասնակցում էր վիճաբանություններին, մի խոսքով, նա մարտի դաշտում սովորում էր ռազմական արվեստը: Դրա շնորհիվ երիտասարդներն արագ հմտություն, ինքնատիրապետում և դատողականություն էին ձեռք բերում. նրանք հարկադրված էին ի տես բոլորի, հենց մարտերի բովում սովորել: Չէր կարելի անպատիժ որևէ հիմարություն կամ ինչ որ անհիմն բան ասել. Դատավորն անմիջապես դա կարձանագրեր, հակառակորդը դրանից կօգտվեր, և նույնիսկ հռետորի բարեկամները դա կդատապարտեին: Այսպիսով նրանք սովորում էին ճշմարիտ, անաղարտ պերճախոսության. հետևելով մեկին, բազում դատական գործերի բերումով նրանք միևնույն ժամանակ ճանաչում էին նաև մյուս հռետորներին: Ի վերջո, նրանք հենց ժողովրդից տարբեր կարծիքներ էին լսում, որոնց հիման վրա դժվար չէր իմանալ նրա ճաշակն ու հակակրանքները:

Այսպիսով, նրանք ղեկավար ունեին և ընդ որում` շատ լավ, ընտրյալ ղեկավար, որը նրանց աչքում իրենով մարմնավորում էր իսկական պերճախոսությունը, և ոչ թե դրա խղճուկ նմանությունը: Նրանք իսկական թրերով մարտնչող հակառակորդների, մրցակիցների պակաս ևս չունեին. կար նախանձողներից ու բարյացկամներից բաղկացած մշտապես լի, մշտապես նոր լսարան, լսարան, որից ո'չ արժանիքները, ո'չ թերությունները չէին թաքցվում…

Այդպիսի ղեկավարներ ունենալու դեպքում երիտասարդը, որի մասին մենք խոսում ենք՝ ֆուրում այցելած, դատերին ներկա եղած, ուրիշների փորձով ուսանած, օրենքներն իմացող, որովհետև ամեն օր դրանք լսել է, դատավորների բնավորությանը ծանոթ, հասարակական ժողովներին սովորած, ժողովրդի կարծիքը բազմիցս լսած հռետորի աշակերտը՝ այդպիսի երիտասարդը, կարող է միանգամից միայնակ ցանկացած դատական գործից գլուխ հանել՝ լինի դա մեղադրանք, թե պաշտպանություն: Այն ճառերը, որոնք մենք նույնիսկ այժմ հիացմունքով ենք կարդում՝ Կրասոսն ընդդեմ Կարբոնոսի արտասանել է իր կյանքի 18-րդ տարում, Կեսարը 21 տարեկանում է ընդդեմ Դոլաբելայի ելույթ ունեցել, 21 տարեկանում Պոլիոնիոսը ճառել է Կատոնի դեմ, 22 տարեկանում Գալբան ճառել է ընդդեմ Վատինիոսի…

Բոցի նմանվող ճշմարիտ պերճախոսությունը սննդի կարիք ունի, աճում է շարժումից և այրման ժամանակ փայլ է ձեռք բերում: Այդ նույն պատճառներն են նախկինում նպաստել հռետորական արվեստի զարգացմանը մեր պետությունում: Ճիշտ է, մեր ժամանակակից հռետորները հասան նրան, որին կարելի էր հասնել պետության հանդարտության, կարգի ու բարի գործունեության դեպքում, բայց առաջվա հռետորները, որոնք ապրել են խառնակությունների ու սանձարձակությունների պայմաններում, իրենց առջև ավելի բարձր նպատակներ են դրել. Համընդհանուր խառնակության ու մեկ միասնական խաղաղարարի բացակայության պայմաններում յուրաքանչյուր հռետոր նշանակություն ուներ այն աստիճան, ինչ աստիճանի նա կարող էր գործել մոլորյալ ժողովրդին համոզելու: Այստեղից էլ շարունակական օրինագծերն ու հանրաճանաչության հասնելու մշտական ձգտումը, մագիստրների անհամար ճառերը, այստեղից էլ ամենահզոր մարդկանց դեմ մեղադրանքներն ու թշնամությունը, այստեղից էլ ազնվազարմների կուսակցական միավորումներն ու հավերժական պայքարը սենատի ու ժողովրդի միջև: Այս ամենը, հիրավի, ծվատել է պետությունը, բայց նաև նպաստել է հռետորի պերճախոսության զարգացմանն ու հռետորին մեծ պարգևներ է ապահովել. որևէ մեկը որքան ուժեղ է եղել հռետորական արվեստում, նրա համար այնքան հեշտ է եղել պատվավոր պաշտոններին հասնելը, այնքան շատ է նա առաջ անցել իր ծառայակից ընկերներից, այնքան ավելի մեծ ազդեցություն է նա ձեռք բերել ազնվականության շրջանում, հեղինակություն՝ սենատորների շրջանում, ճանաչում և համակարանք` ժողովրդի շրջանում: Այդպիսի մարդիկ իրենց հաճախորդների մեջ ունեցել են նույնիսկ ուրիշ ժողովուրդներից մարդիկ, այդպիսի հռետորների առաջ կարկամել են պաշտոնատար անձինք, կարծես ինքնաբերաբար նրանց ձեռքն է անցել պրետորի ու կոնսուլի պաշտոնները: Մնալով նույնիսկ մասնավոր անձինք, նրանք մեծ իշխանություն են ունեցել՝ կառավարելով իրենց խորհուրդների ու ժողովրդի և սենատի վրա ազդեցության միջոցով:

Մեր նախնիները համոզված են եղել, որ առանց պերճախոսության հնարավոր չէ պետության մեջ հասնել երևելի բարձրության ու մնալ այդ բարձրության վրա: Եվ դա զարմանալի չէ այդ ժամանակների համար, երբ յուրաքանչյուրը, նույնիսկ իր կամքին հակառակ, կարող էր ամբիոն բարձրացվել, երբ բավարար չէր սենատում կարճ խոսք ասելը, այլ հարկ էր լինում հռետորական տաղանդի օգնությամբ պաշտպանել իր կարծիքը, երբ մեղադրյալին պետք էր, որ ինքն իրեն պաշտպանի, երբ նույնիսկ վկաներն իրենց ցուցմունքները բանավոր էին տալիս՝ անձամբ ներկա լինելով դատարանում և ոչ թե գրավոր էին տալիս ցուցմունք: Այսպիսով, քանի որ պերճախոսությունն ուղեկցվում էր պարգևներով, դրա ուղղակի անհրաժեշտություն էր զգացվում, և եթե հռետորի գործուներությունը մի կողմից համարվում էր փառահեղ ու սքանչելի գործ, մյուս կողմից՝ խոսել չկարողանալը խայտառակություն էր համարվում:

Այսպիսով, և՛ պարգևները, և՛ ամոթը մղում էին պերճախոսության. ամոթ կլիներ պատրոնից հաճախորդի վերածվել, նախնիներից ժառանգություն ստացած կապերը զիջել ուրիշներին, պաշտոն չստանալ ծուլության կամ անկարողության պատճառով, կամ, ստանալով պաշտոն, այն չպահել իր ձեռքում…

Պոմպեոսն ու Կրասոսն ազդեցություն են ձեռք բերել ոչ միայն բռնությամբ ու զենքով, այլև տաղանդով ու պերճախոսությամբ: Լենտուլիոսները, Մետելլոսները, Լուկուլլոսները, Կուրիոնոսները, ականավոր մարդկանց այդ ամբողջ խումբը շատ ջանք ու եռանդ է ծախսել այդ զբաղմունքի վրա, և այդ ժամանակներում ոչ ոք առանց ճարտասանության հզորության չի հասել: Իսկ մեղադրյալների անվանիության ու մեղադրանքի կարևորությունը հռետորական արվեստին տալիս էին էլ ավելի կարևոր նշանակություն: Չէ՞ որ մեծ է գողության… կամ ընտրակաշառքի, դաշնակիցներին թալանելու կամ քաղաքացիների սպանության մասին խոսելու տարբերությունը: Իհարկե, լավագույնն այն է, որ այդ դժբախտությունները տեղի չունենան, և պետական այն կարգը պետք է համարվի լավագույնը, որտեղ այդպիսի երևույթները տեղ չունեն, բայց եթե դրանք տեղի են ունեցել, ապա դրանք պերճախոսության սքանչելի սնունդ են տալիս… Ո՞վ կարող է հերքել, որ ավելի ձեռնտու է ու ավելի լավ է օգտվել խաղաղությունից, քան տառապել պատերազմից: Բայց պատերազմն է, որ մեծ քանակության լավ զինվորներ է ապահովում, քան խաղաղությունը: Նույն պայմաններում էլ պերճախոսությունն է. որքան հաճախակի է նա ստիպված լինում զենքի դիմել, որքան շատ է նա հարվածներ հասցնում ու հարվածներ ստանում, որքան ուժեղ են եղել հակառակորդներն ու կատաղի է եղել այն մարտը, որն ինքն է հարուցել, այնքան բարձր ու վեհապանծ է նա թվացել պայքարով ազնվացած մարդկանց աչքերում, որոնք այնպես են ստեղծված, որ սիրում են դիտահայել վտանգները:

Տակիտոս, «Երկխոսություն հռետորների մասին»

Նկարում` հռետոր Մետելլոսի բրոնզե արձանը:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
207 | 0
to top