MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
Ծառից հեռու ընկած պտուղը կամ հավատն ուրացողը
20:18, 07.08.2019
4000 | 0

481 թվականաին վրաց Վախթանգ թագավորն ապստամբում է Պարսկաստանի դեմ: Ապստամբության առիթը Գուգաքի բդեշխ Վազգենն էր՝ նախորդ հոդվածում հիշատակածս Աշուշա բդեշխի որդին և Վարդան Մամիկոնյանի փեսան: Բռնակալական էությամբ այս անձնավորության կինը՝ Շուշանիկը, եղել է հեզաբարո, եղել է հավատարիմ իր հայրենական տան ավանդույթներին ու իր մխիթարությունը գտել է եկեղեցական ու ազգային գործերի կառավարման մեջ: Նա Ցուրտավի եկեղեցում հայերեն ժամերգություն է հաստատում, նրա կարգադրությամբ Ցուրտավի աթոռի համար եպիսկոպոսներ են նշանակվել կա՛մ հայերից, կա՛մ Հայաստանում ուսում առած վրացիներից:

Նրա ամուսինը՝ Վազգենը, սկզբում ամենևին չի խառնվել կնոջ հոգևոր գործունեությանը. նա կլանված է եղել աշխարհիկ փառքի հասնելու մարմաջով, և, հավանաբար, այս հողի վրա էլ ընդհարվել է վրաց թագավորի հետ:

«Վկայաբանություն սրբույն Շուշանկան դստեր Մեծի Վարդանա» գրվածք պատմում է, թե Վազգենն ինքն իր հոժար կամքով ուրանում է քրիստոնեությունը, ընդունում է զրադաշտականություն, ապա ամուսնանում է պարսից թագավորի կնոջ մոր հետ, ակնկալելով այդ կերպ արժանանալ պարսից արքունիքի հովանավորությանը:

Ամենայն հավանականությամբ, այդ ամուսնությունն էլ դառնում է գժտության առիթ Շուշանիկի ու Վազգենի միջև: Վերոհիշյալ վկայաբանությունը հավատացնում է, թե գժտության պատճառն այն էր, որ Վազգենը ցանկացել է Շուշանիկին ու իրենց երեք տղաներին ու մի աղջկան նույնպես դարձնել զրադաշտական, որպեսզի կարողանա ամուսնանալ իր աղջկա հետ: Զրադաշտականությունն այդպիսի ամուսնություն թույլատրել է: Աղջկա հետ ամուսնանալու մտադրությունը, կարծում եմ, քրիստոնեական զրպարտանք է: Պարզապես Շուշանիկի հպարտությունը թույլ չի տվել, որ ինքն անկողնակից դառնա մի ուրացողի և մի օտար կնոջ իրեն հավասար տեսնի:

Շուշանիկը վեց տարի մաքառում է Վազգենի դեմ, որը, ըստ վկայաբանության, անգթորեն ծեծել է նրան, որպեսզի հնազանդեցնի: Այս ստորացված վիճակում էլ մեռնում է Շուշանիկը ու, բնականաբար, սրբադասվում է:

Արժանավոր հոր անարժան զավակին՝ ուրացող Վազգենին, սպանում է Վախթանգ թագավորը և

անմիջապես ապստամբում է պարսիկների դեմ: Շուտով ապստամբությանը միանում են նաև հայ նախարարները և մի քանի տարվա մաքառման շնորհիվ ստիպում են Պարսից Պերոզ թագավորին էական զիջումներ կատարել:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
221 | 0
to top