Մ.թ.ա. 5-րդ դարի երկրորդ կեսի հույն նկարիչ Պարասիոս Եփեսոսցին՝ մեկ այլ հայտնի նկարչի՝ Զեքսիսի ժամանակակիցը, մի շարք վկայությունների համաձայն, հասարակության մեջ դուրս է եկել շատ թանկարժեք հագուստով՝ գլխին՝ ոսկեձույլ պսակ: Պարասիոսը միշտ ոսկե գավազանով է ման եկել, ոսկուց են բանված եղել նաև նրա սանդալների փոկերը: Ասում են` նա զվարթ խառնվածքի տեր մարդ է եղել, ստեղծագործելու ընթացքում միշտ երգել ու սուլել է: Մի անգամ Սամոսում նա մրցում է ժամանակի մեկ այլ հայտնի նկարչի՝ «Իֆիգենիայի զոհաբերությունը» կտավի հեղինակ Տիմանթոսի հետ: Այս մրցակիցը վարպետությամբ նրան գրեթե չի զիջել, և Պարասիոսն այս անգամ պարտվել է (մրցույթին ներկայացրած նրա ստեղծագործությունը պատկերել է Աքիլեսի զենքի համար Ոդիսևսի ու Այաքսի վեճը): Մրցույթում պարտվելուց հետո, երբ Պարասիոսի բարեկամները սկսում են նրան մխիթարել, նա պատասխանում է, թե ոչ թե պարտությունն է իրեն ցավ պատճառում, այլ Այաքսի` այժմ արդեն երկրորդ պարտությունը (Աքիլեսի զենքին տիրելու համար Այաքսի ու Ոդիսևսի վեճում Ոդիսևսն էր հաղթել): |