MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
Այն մասին, թե ինչպես է Ռուսաստանի հավատարիմ ծառա Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը ջանացել Հայոց կաթողիկոս դառնալ
17:15, 09.09.2019
4460 | 0

Այդ ժամանակաշրջանում Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մեջ էր և չէր կարող անտեսել ցարի ցանկությունը: Թուրքիայի ռեյս էֆենդին (արտաքին գործերի նախարար) ստանալով սուլթան Սելիմի համաձայնությունը, Ռուսաստանի դեսպանության պաշտոնյային ասում է. «Հովսեփ արքեպիսկոպոսն այստեղի հայ հասարակության կողմից կընտրվի Էջմիածնի կաթողիկոս, և ձեր դեսպանն այս մասին կարող է հենց հիմա զեկույց ուղարկել նորին մեծությանը»:

Իր խոստումն իրագործելու համար Թուրքիայի կառավարությունը բանտարկում է խռովության պարագլուխներին, Դանիել պատրիարքին և կաթողիկոսական մյուս թեկնածու Գալուստ եպիսկոպոսին արտաքսում է Կ. Պոլսից, իսկ Դավթին ուղարկում է Էջմիածին՝ նրա ձեռքը տալով սուլթանական ֆիրման, որով կաթողիկոս էր հաստատվում Արղությանը:

Դանիել պատրիարքը մայիսի 16-ին հասնում է իր աքսորավայրը՝ Տենեդոս կղզի, բայց շուտով հրաման է ստանում գնալ Թոխաթ: Այս կապակցությամբ Ռուսատանի դեսպանն Արղությանի բարեկամներին հաղթական պարծենկոտությամբ տեղեկացնում է. «Դանիել պատրիարքն այժմ ձեզ ողջունում է Տենեդոսից, ուր աքսորվել է»: Կ Պոլսի պատրիարք է նշանակվում Արղությանի կողմնակիցներից մեկը՝ Հովհաննես եպիսկոպոսը, և հուլիսի 14-ից Կ. Պոլսի եկեղեցիներում, նոր պատրիարքի հրամանով, սկսում են հիշատակել Հովսեփի անունը:

Ռուսասանի քաղաքականությունը հաղթել էր, և Արղությանն սկսում է կաթողիկոսական իր իրավունքները գործի դնել. Կոնդակներ է գրում և ուղևորվում է Աստրախան, որպեսզի այնտեղից Էջմիածին գնալու նախապատրաստվի: Այստեղից նա դիմումներ է հղում ցարին՝ խնդրելով իրեն ռոճիկ նշանակել այն անձնվեր ծառայությունների համար, որ մատուցել էր Ռուսաստանին, խնդրում է իրեն շնորհել սբ. Աննայի առաջին աստիճանի շքանշան, տալ հրահանգներ սահմանագլխի ռուս իշխանավորների հետ հարաբերությունների վերաբերյալ: Նա նույնիսկ խնդրում է, որ Ռուսաստանի կառավարությունը Էջմիածնի կաթողիկոսական աթոռի կողմից նշանակված ներկայացուցիչներին (վեքիլներ) օտար պետությունների ներկայացուցիչներին իրավահավասար ճանաչի: Բայց կայսր Պավելը հրամայում է Հովսեփին ընդամենը հազար ռուբլի տալ` ուղևորակառք գնելու համար և 25 արշին դիպակ` կաթողիկոսական զգեստի համար: Կայսրը նրան նոր ռոճիկ չի նշանակվում, դրա փոխարեն հրամայում է Հովսեփին մինչև մահ վճարել այն ռոճիկը, որն ստանում էր Ռուսաստանում: Կայսրը նաև Կովկասյան բանակի հրամանատար Կնորինգին հանձնարարում է նոր կաթողիկոսին Աստրախանից Էջմիածին ապահովությամբ ճանապարհել: Հովսեփը շհորհակալ էր այդքանից, միայն ափսոսում է, որ չէր ստանում իր խնդրած շքանշանը:

Արղությանը Ռուսատանի կայսրին իր անհուն երախտագիտությունն արտահայտել է 1800 թվականի նոյեմբերի 14-ին կազմած գրությունում, որտեղ խոստովանել է, որ կայսրն է իրեն կաթողիկոս դարձրել:

Բայց շատ շուտով Պարսկաստանը ցույց է տալիս, թե որքան անզոր պիտի լինի ռուսական ահռելի ուժի վրա հույս դրած ու ռուսական խոստումներով ոգևորված կաթողիկոսը: 1800 թվականի ամռանը պարսկական բանակը պաշարում է Երևանը և ուզում է արշավել դեպի Թիֆլիս: Ամբողջ Արարատյան դաշտն ու նաև Էջմիածինը ենթարկվում են թալանի ու կողոպուտի: Նորանշանակ կաթողիկոսին այդ մասին լուրը շուտ է հասնում, և նա ստիպված է լինում աղերսագիր ուղարկել պարսից շահին ու դժբախտության մասին տեղեկացնել Ռուսաստանի իշխանությանը:

Արղությանը չի հասցնում վայելել կաթողիկոսական պաշտոնը: Աստրախանից հազիվ հասնում է Թիֆլիս ու այնտեղ էլ 1801-ի մարտի 9-ին մեռնում է:

Էջմիածնի միաբանությունը, Երևանի սարդարի գործուն միջամտությամբ, ապրիլի 28-ին կաթողիկոս է ընտրում Դավիթ արքեպիսկոպոսին: Արղությանի հետևորդ ռուսասեր հոգևորականները 1802 թվականի մայիսի 28-ին Բագրևանդի գավառի Ուչքիլիսի վանքում կաթողիկոս են օծում Դանիել արքեպիսկոպոսին: Դրանից հետո սկսվում է «Դավիթ-Դանիելյան» կռիվը:

Մինչև 1807 թվականի ապրիլը Էջմիածնում կաթողիկոս էր Դավիթը, իսկ Դանիելը որպես գերի պահվել է Մարաղայում: Ռուսական, պարսկական և թուրքական կառավարությունները չեն հապաղում իրենց շահերին ծառայեցնել այս կռիվը: Միջամտելով Էջմիածնի կաթողիկոսական ներքին գործերին, նրանցից յուրաքանչյուրն աշխատել է այն օգտագործել իր ազդեցությոնը Հայաստանում ամրապնդելու համար: Դանիելը և նրա համախոհները Հայաստանը Ռուսաստանին միացնելու ջերմեռանդ կողմնակիցներ էին, իսկ Դավիթն ու իր համախոհները Պարսկաստանի ու Թուրքիայի կողմնակիցներ էին:

Երբ ռուսական կառավարությանը հայտնի է դառնում Դավթի դիքորոշումն ու գործողությունները, անմիջապես Դանիելի թիկունքին է կանգնում: Արդյունքում` գեներալ Ցիցիանովը Երևանի Մահմադ խանից պահանջում է Էջմիածնի կաթողիկոս ճանաչելԴանիելին, իսկ Դավթին ուղարկել Թիֆլիս: Խանը մերժում է Ցիցիանովի պահանջը, որը և Կովկասում գտնվող ռուսական զորքերի հրամանատարությանը առիթ է տալիս 1804 թվականի գարնանը արշավանք սկսել Երևանի վրա:

1807 թվականի ապրիլին, ռուսական կառավարության միջամտությամբ, Էջմիածնի կաթողիկոսական գահը հանձնվում է Դանիելին: 1808 թվականի հոկտեմբերի 9-ին Դանիելը մեռնում է, և 1809 –ին կաթողիկոս է ընտրվում Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդը` արքեպիսկոպոս Եփրեմը:

Արղությանը չկար, բայց նրան վստահված գործն հիմնականում արված էր արված էր` Էջմիածնի աթոռն այլևս Ռուսաստանինն էր, իսկ հայոց եկեղեցին` նրա հլու կամակատարը: Պավելը թերագնահատել է իր ստրուկի ծառայությունները. նա ոչ միայն սբ. Աննայի, այլև առավել բարձր հարգի շքանշանների էր արժանի էր:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
221 | 0
to top