MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Tomorrow:+11 °C
«Կյանքի 20 ուրախությունները»
19:18, 24.09.2019
4501 | 0

Հեղինակը 17-րդ դարում ապրած չին դրամատուրգ և գրաքննադատ Ցզին Շենտանն (1608 – 1661թթ.) է:

1. Ամռան տապին, երբ արևն անգթորեն այրում է, ու երկնքում ամպի ծվեն անգամ չկա, երբ տան փոքրիկ բակը շիկացած թավա է դարձել, ու այնտեղ նույնիսկ թռչուն չի իջնում, երբ մարմնիդ վրայով քրտինքն առվակների պես հոսում է, երբ նույնիսկ ուտելու ուժ չունես ու պարկի պես ընկած ես, իսկ յուղոտված հողը ներծծված է գոլորշիով ու ճանճերը հենց քթիդ մոտ պտտվում են` զզվեցնելով իրենց բզզոցով…Այ երբ ինչ-որ մի պահի երկինքը հանկարծ սևակնում է ու հորդ անձև է տեղում` ասես միանգամից միլիոն երկաթյա գոնգ խփեն, և բարեբեր անձրևը մի ակնթարթում լվանում է քրտինքդ, հագեցնում է չորացած հողի ծարավը, վտարում է ճանճերին ու, ի վերջո, հնարավորություն է ընձեռում ախորժակով ուտել. այ դա՛ է ուրախությունը:

2. Զգալով, որ թուլացած ես ու հիվանդ՝ մութ գիշերին պառկել քնելու, իսկ հետո առավոտյան լսել թռչունների ուրախ ծլվլոցը, բացել վարագույրն ու պատուհանից դուրս նայել, տեսնել պայծառ արևն ու անձևով լվացված պարտեզը. այ դա՛ է ուրախությունը:

3. Գիշերը նստել աշխատասենյակում, մտորել ու լսել մկների խլրտոցը անկողնի գլխավերևում` փորձելով գուշակել, թե նրանք ինչ են քարշ տալիս ու ինչ գիրք են կրծոտում, ու զգալ, թե ինչպես է սրտումդ բուն դնում անհանգստությունը…Եվ հանկարծ տեսնել, թե ինչպես է կատուն, պոչը շարժելով, մի պահ անշարժանում, իսկ հետո ճիչ արձակելով նետվում է, և մկներն ակնթարթորեն անհետանում են. այ դա՛ է ուրախությունը:

4. Աշխատասենյակի դիմացի բակի կռատուկներն ու մոլախոտերը քաղել ու մեկ տասնյակ բանանի ծառ տնկել. ահա դա՛ է ուրախությունը:

5. Փողոցով գնալիս ինչ որ բանի մասին կարմրատակած դեմքով ու դուրս պրծած աչքերով կատաղի վիճող ու արդեն իրար օձիք բռնած երկու քերականի հանդիպելիս՝ մեկ էլ տեսնում ես, որ մի հաղթանդամ տղամարդ նրանց մի կողմ է քաշում ու ընդամենը մեկ սպառնալից գոռոցով դադարեցնում է վեճը. ահա դա' է ուրախությունը:

6. Երբ աշակերտներն առանց սխալվելու անգիր, ինչպես ջուրն է կլկլոցով թափվում սափորից, ընթերցում են հին գրքերը. այ դա՛ է ուրախությունը:

7. Պարապությունից մի բան ուտելուց հետո իր սնդուկի թղթերը քչփորել և հանկարծ տեսնել բազում պարտամուրհակներ, որոնցով փողն ստանալն այլևս անհնար է…Բոլոր պարտամուհակները կիտել իրար վրա ու այրել` հետևելով, թե ինչպես է գորշ ծուխն անէանում երկնքում. այ դա՛ է ուրախությունը:

8. Առավոտյան դեռ նոր արթնացած` լսել, թե ինչպես են տնեցիներն աղմուկով խոսում իրար հետ, որ գիշերը մեկը մահացել է, բայց հետո իմանալ, որ մեռնողը քաղաքի թիվ մեկ խարդախն է եղել. ա՛յ թե ուրախություն է:

9. Երեկոյան լուր առնել, որ քո հարևանությամբ պարկեշտ տղամարդ է բնակվել, հաջորդ օրը նրա տուն հյուր գնալ ու բռնացնել նրան գիրք կարդալիս, իսկ հետո նրանից նստելու հարգալից առաջարկություն ու հարց լսել. «Կկամենա՞ք տեսնել, թե սա ինչ գիրք է», ու տանտիրոջ հետ հաճելի զրույց վարել մինչև մութն ընկնելը, իսկ հետո, երբ քաղցը գլուխ բարձրացնի, լսել «Դուք ուտել ուզո՞ւմ եք» հարցը. այ դա՛ է ուրախությունը:

10. Նոր տան մասին նույնիսկ չերազել, իսկ հետո, հանկարծակի փող ճարելով, այնուամենայնիվ շինարարություն սկսել և առավոտից մինչև գիշեր խոսակցություններ լսել միայն տախտակների ու քարերի, կղմինդրի ու աղյուսների, ածուխի ու մեխերի մասին, մտածել այն մասին, թե ինչպես հարմարավետ կառուցել իր ապագա տունն ու այնտեղ բնակվելու հույս չունենալ…Եվ հանկարծ մի գեղեցիկ օր շինարարությունն ավարտվում է, տան հատակը մաքուր լվացած է, պատուհաններին թուղթ է կպցրած, պատերից նկարներ են կախված, և տանն այլևս բանվորներ չեն խռնված, իսկ քո կողքին քո հավատարիմ ընկերներն են նստած. այ դա՛ է ուրախությունը:

11. Ձմռան գիշերներին կում-կում գինի կոնծել, հետո բացել պատուհանն ու տեսնել ձնածածկ բակը. այ դա՛ է ուրախությունը:

12. Փոքրուց երազել վանական դառնալու մասին ու տառապել, որ մարդկանց ներկայությամբ չես կարող միս ուտել, իսկ հետո ձեռնադրվել ու բոլորին ի տես ուտիսվա կերակուր ճաշակել, ու նաև շոգ օրը լվացվել ու գլուխը լավ սափրել. այ դա՛ է ուրախությունը:

13. Տրորելով կոշտուկները` դրանք երկար ժամանակ գոլորշու վրա պահել, իսկ հետո փակվել սենյակում ու դրանք կտրել գցել. այ դա՛ է ուրախությունը:

14. Թղթերիդ մեջ հանկարձակի հայտնաբերել հին ընկերոջդ նամակը. այ դա՛ է ուրախությունը:

15. Երկար ժամանակ օտարության մեջ ապրելուց հետո հայրենիք վերադառնալ ու հեռվից տեսնել հայրենական տան դարպասը, լսել կանանց ու երեխաների ծանոթ ձայները. ահա՛ ուրախությունը:

16. Տեսնել` ինչպես է մարդը մեծ հիերոգլիֆներով ցուցանակ գրում. այ դա՛ է ուրախությունը:

17. Բացել պատուհանը և բոլոր ճանճերին դուրս քշել. այ դա՛ է ուրախությունը:

18. Ծառայել շրջանային վարչությունում ու ամեն օր թմբուկների զարկերի ներքո գրասենյակի բակ դուրս գալ. այ դա՛ է ուրախությունը:

19. Բոլոր պարտքերդ վերադարձնել. այ դա՛ է ուրախությունը:

20. Նայել դաշտերում վառվող հեռավոր խարույկներին. դա նույնպե՛ս ուրախություն է:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
to top