Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) ընդհանուր վեհաժողովը Հայաստանում անցկացնելը հերթական առիթն է բարձրացնելու մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում և հատկապես Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում, կարծում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը։ «Ասում ենք՝ որակի ապահովումը մշակույթ է։ Այս վեհաժողովն էլ մեր երկրի մշակույթին ծանոթանալու հնարավորություն է, ինչը կարող է վստահություն ձևավորել մեր երկրի ու կրթական համակարգի հանդեպ», - ասում է պարոն Թոփչյանը։ Նա վստահ է՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի երկրները ներկայացնող հեղինակավոր մասնագետների՝ Հայաստանում գտնվելու մի քանի օրերը հնարավորություն են հետագա համագործակցությունների համար հող նախապատրաստելու համար։ «Եվրոպական կրթական տարածքի հեղինակավոր հավատարմագրման գործակալությունները, վստահություն ձեռք բերելով մեր երկրի, մշակույթի, կրթական համակարգի նկատմամբ, կարող են իրենց երկրի բուհերին ուղղորդել՝ մեր երկրում համագործակցություն ստեղծելու», - ասում է պարոն Թոփչյանը։ Նրա խոսքով՝ սա 2015-ին Հայաստանում տեղի ունեցած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի տրամաբանական շարունակությունն է․ Երևանի կոմյունիկեով շեշտադրվեց ուսանողակենտրոն, ուսուցանող կրթությունը, այժմ նույն քննարկումը շարունակվելու է որակի ապահովման տեսանկյունից։ Նշենք, որ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 17-18-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Միջոցառմանը կմասնակցեն ENQA-ի անդամ հավատարմագրման գործակալությունները ներկայացնող շուրջ 150 կրթության կառավարման և որակի ապահովման մասնագետներ Բոլոնիայի անդամ երկրներից։ Իսկ հոկտեմբերի 16-ին հիմնական վեհաժողովից առաջ տեղի կունենա նախնական միջոցառում «Բացահայտեք հայկական մշակույթը ՈԱԱԿ-ի հետ» խորագրով, որի ընթացքում օտարերկրյա հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական պատմամշակութային մի շարք հուշարձանների, հայկական խոհանոցին և ծիսական մի քանի ավանդույթների։ Վեհաժողովի կազմակերպիչներն են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA) ։ |