MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Tomorrow:+10 °C
Քրդերի մասին
22:21, 06.10.2019
5787 | 0

Սկսեմ շատ հեռվից:

Ուրարտուի գոյության շրջանում այս ժողովուրդը, հավանաբար, ապրել է Հյուսիսային Պարսկաստանում (Ատրպատական), և սա հենց այն ժողովուրդն է, որին գիտնականներից ոմանք, «նախամեդացի» անունն են տվել: Սրանք հիթիթական ցեղի մի ճյուղն են եղել: Եղել են նաև արիացի մեդացիներ, որոնք երբ գրավել են Ատրպատականը, նախամեդերը կա'մ հպատակվել են նրանց ու ժամանակի ընթացքում ձուլվել, կա'մ քշվել են դեպի արևմուտք, դեպի Քրդստանի լեռներն ու Արաքսի միջին հովիտ:

Ահա այդ մեդացիներին հայերը միայն «մար» անուվամբ են ճանաչում: Այդ են վկայում Արաքսի հարավային կողմի Մարանդ և Մարակերտ վայրերը, և դա հիմք է տալիս եզրակացնելու, որ ուրարտական ժամանակաշրջանից հետո էլ Հայաստանի սահմաններում գոյություն է ունեցել մարերի գաղթական զանգված: Այս գաղթականության պատմությունը մեծ տեղ է զբաղեցնում մեր ժողովրդի դյուցազներգերի մեջ (Տիգրանի կռիվը մարերի Աժդահակ թագավորի դեմ, որի ընթացքում Աժդահակը պարտվում է ու սպանվում, և Տիգրանը մարերի մի հատվածին գաղթեցնում է մեր երկիր և բնակեցնում է Մասիս լեռների մոտ):

Արաքսի հովտում հաստատված մարերը նշանակալի դիրք են զբաղեցնում հայող պետության մեջ: Այդ են վկայում Սաթենիկ թագուհու և Արգամի սիրավեպը, Արտաշեսի ու Արտավազդի մասին պատմող զրույցները:

Հայկական միջավայրում այս մարերն աստիճանաբար հայացել են: Այդ է ապացուցում այն իրողությունը, որ նրանց ազգի անունը հայացվել է: «Մար» եզրույթը պարսկերեն է և «օձ» է նշանակում, որը նույնական է «վիշապ» անվանը: Մարերն այդ անունն են կրել, որովհետև նրանց պաշտամունքում մեծ տեղ է գրավել օձ-վիշապը: Ի հետևանս` Հայաստանում նրանք «վիշապազուն» մականունն են ստանում, որը կարելի է «մար» անվան թարգմանությունը համարել:

Բայց սրանով այս անունը գործածությունից իսպառ դուրս չի մղվել: Մարաստանի, մարական պետության կործանումից ու մար ժողովրդի անհետացումից հետո էլ հայ պատմագրությունը երկար ժամանակ պահպանել է այդ անունը` դրա տակ հասկանալով քուրդ ժողովուրդը: Նույնիսկ վերջին դարերի հայոց գրական հիշատակարաններում Մարաց ազգն ապրող ազգ է և ուղղակի նշանակում է քուրդ ժողովուրդ: Հայկական այս անվանումն իսկ ապացուցում է, որ քրդերն հին մարերի մնացորդներն են: Այս իրողության մասին խոսել են հույն մատենագիրներն ու նույն կարծիքին են նաև եվրոպացի գիտնականները:

Հայաստանի միջնաշխարհի հետ մարա-քրդական հարաբերություններն այնքան են խորացել ու ամրապնդվել, որ նրանք ամբողջովին ձուլվել են հայությանը: Բայց Հայաստանի հարավային մասերում և հատկապես Տավրոսի լեռնաշխարհում այս հարաբերություններն այլ ընթացք են ունեցել:
Հայոց պատմության ամենավաղ շրջանում առկա է այս նույն ժողովուրդը. Ատրպատականի մարերի հետ միևնույն ծագումն ունենալով ու միևնույն լեզվական խմբին պատկանելով հանդերձ, Տավրոսում հաստատվածները «կորդուխ» անունն է կրել, որովհետև ցեղային որոշակի առանձնահատկություններ է ունեցել: Հայերը նրանց քայլ առ քայլ Տավրոսի լեռներին են սեղմել, և հակամարտությունը նրանց միջև երկար է շարունակվել: Տիգրան 2-րդի ժամանակ կորդուխների լեռնաշխարի (Կորդուք) մեծ մասը միացվում է Հայաստանին` մտնելով նրա Կորճեք և Մոկք նահանգների մեջ: Կորդվաց աշխարհի իշխանը (բդեշխ) հայոց արքունիքում առաջին տեղերից մեկն է գրավել, և շատ անգամ նրան են հանձնել Մոկք և Աղձնիք նահանգների կառավաումը: Ինչպես ուրիշ ծայրագավառներում, այնպես էլ այստեղ հայացման գործընթացն էական հաջողություններ է արձանագրել: Հատկապես 4-րդ դարում, երբ Հայաստանը քրիստոնեություն է ընդունում, Կորդվաց աշխարհում ևս տարածվում է նոր կրոնը և առանձին եպիսկոպոսական աթոռ է հիմնվում: Կրոնական հողի վրա հայերի ու կորդվացիների մերձեցումն այնքան է սերտացած լինում, որ Վարդանանց պատերազմի ժամանակ Կորճեք նահանգի այն լեռնոտ և ամուր մասը, որը հայտնի էր Տմորիք անունով, դառնում է հայ ապստամբների գլխավոր ապաստարաններից մեկը: Այստեղ էր, որ հայ նախարարներն իրենց զորքերի մնացորդներն հավաքելով, արշավանքներ են գործում Պարսից աշխարհի վրա:

(շարունակելի)

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
to top