MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Tomorrow:+11 °C
Քրդերի մասին
13:40, 08.10.2019
4994 | 0

Կորդվաց խորհրդավոր աշխարհը, սակայն, 6-րդ դարից սկսած կարծես կախարդական մի զորությամբ անհետանում է, և մինչև 9-րդ դարն այս անհետացումը տարածվում է ամբողջ Քրդստանի վրա: Հետաքրքրական է բյուզանդացի պատմիչ Թեոփանեսի Շարունակողի ժամանակագրության մեջ արձանագրված հետևյալ փաստը: Վասիլ Առաջին կայսրն արաբների դեմ արշավանք է կատարում և մեծ հաջողությունների է հասնում հատկապես Տավրոսի շրջանում: Հաղթական արշավանքից վերադարձի ճանապարհին կայսրը ժամանում է Կեսարիա, որտեղ իմանում է, որ իր բանակի զորաբախմբերից մեկն էլ հաջողությունների է հասել Կոլոնիայում և Լուլոնում: Եվ այդ լուրին հետևում են ապացույցները` հսկայական քանակության ռազմավար և ռազմագերիներ, որոնք ձեռք էին բերվել Տարսոնի բերդում և պավլիկյան աղանդավորներին պատկանող քաղաքներում: «Այստեղ (Կեսարիա) բերվեց և քրդերի մի մեծ ամբոխ. (Վասիլը) հրամայեց նրանց կոտորել»:

Ահա 9-րդ դարից սկսյալ Կորդվաց լեռներում ապրող ժողովուրդը պատմության ասպարեզ է իջնում «քուրդ» անվան ներքո: Այդ ժամանակ արդեն հայ եկեղեցու տարածած քրիստոնեությունից այստեղ ոչինչ չէր մնացել: Նրանց մեջ կորսվել էր նաև նախաքրիստոնեական կրոնը: Քրդերի միջավայրում պահպանված ավանդական հիշատակարանները վկայում են, որ նրանց հին հեթանոսական կրոնն այն է եղել, ինչն այժմ առկա է նրանց ցեղակից եզդիների կրոնում, այն է զրադաշտականության երկվությունը, այսինքն չար և բարի սկզբունքների այն կրոնը, որի հետևորդը բարի աստծուն հավասարապես երկրպագում է նաև չար աստծուն, որովհետև, ըստ այս կրոնի վարդապետության, պետք է պաշտել նաև չարին, որպեսզի նա խղճա մարդկանց ու չարիքներ չբերի նրանց գլխին կամ գոնե քիչ չարիքներ բերի:

Քուրդ ժողովրդի գերակշիռ մասը հրաժարվել է այս հավատից, և մահմեդականություն ընդունած է պատմության ասպարեզ մտել: Սկզբից ևեթ արաբների ազդեցությունը մեծ է եղել նաև Միջագետքի մի մասն ընդգրկած քրդական միջավայրում: Խալիֆները, նամանավանդ Բաղդադի Աբբասյան խալիֆները, ամեն միջոց գործադրել են, որպեսզի այդ աներկյուղ լեռնականները կրոնով կապվեն իրենց հետ: Քրդերի միջավայրում իսլամի տարածումը պատճառ է դառնում, որ կատաղի հակամարտություն մտնի նրանց ու իրենց հայրերի հավատին հավատարիմ մնացած ազգակիցների` եզդիների միջև: Իսլամը նաև վերջ է դնում քրդերի մեջ քրիստոնեության տարածմանն ու, բնականաբար, նաև նրանց հայացմանը: Եթե Ատրպատականի մարական կամ վիշապազուն գաղթականությունը հայտնվելով Հայաստանի կենտրոնական շրջաններում, չկարողացավ դիմակայել հայոց մշակութային ազդեցությանն ու ձուլվեց հայ ժողովրդի հետ, ապա Կորդվաց և հարևան շրջանների քրդերը տոկուն եղան ու ոչ միայն դիմադրեցին հայացմանը, այլև իրենք սկսեցին հայերին քրդացնել:

Քաղաքական ասպարեզում առաջինը հայտնվել է քրդական այն ցեղը, որի առաջնորդ Հասանվեյը մոտավորապես 959 թվականին անկախ ամիրայություն է հաստատել պարսկական Քրդստանում: 984 թվականին նրան հաջորդել է քրդական մեկ այլ տոհմ` Մերվանյանները: Այս տոհմը հաստատվել էր Հայաստանի հարավարևմտյան մասում` Աղձնիքում, որի Ամիդ (Դիարբեքիր) և Նփրկերտ (Մուֆարդին) քաղաքներն այս տոհմի գլխավոր կալվածքներն են հանդիսացել: Քրդական այս թագավորությունը տարածվել է մինչև Վանա լճի արևմտյան և հարավային ափեր, և Ապահունյաց գավառի Խլաթ, Մանազկերտ, Արճիշ և այլ բնակավայրերը նույնպես այս ցեղին են պատկանել: Մոտավորապես նույն ժամանակաշրջանում քրդական մեկ այլ ցեղախումբ էլ ասպարեզ է մտնում Հայաստանի հյուսիս-արևելքում` Աղվանքի և Գանձակի միջև: Դա Շեդդադյան ցեղն է եղել, որի մի ճյուղը շուտով տիրացել է Դվին մայրաքաղաքին:

Քրդական այս ներթափանցմանը մեծապես նպաստել է Վասպուրականի Սենեքերիմ թագավորն ու Վասպուրականի ամբողջ հայությունը` հեռանալով հայրենի երկրից ու դատարկ թողնելով հարյուրավոր բնակավայրեր: Սենեքերիմն իր երկիրը փոխանակում է Բյուզանդական կայսրության տաքուկ անկյուններից մեկի հետ, և քրդերը, բնականաբար, թափուր չեն թողնում անտեր երկիրը և գրավում են բոլոր բնակավայրերն ու հողերը:

Ահա այսպես, գրեթե առանց ուժ գործադրելու, քրդական ցեղերն ընդարձակվում են Հարավային Հայաստանում, և այս չափազանց հեշտ նվաճումը մի շատ յուրօրինակ կացություն է ստեղծում այդ կողմերում մնացած հայ ազգաբնակչության կյանքի ու կենցաղի մեջ: Հայաբնակ վայրերի քրդական նվաճումը զենքի ու բռնության միջոցով չի կատարվել, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, զենք քիչ է գործադրվել: Այդ նվաճումը համակերպման, համակցության արգասիք է եղել: Դարավոր սերտ հարաբերությունների արդյունքում երկու ազգությունները, անշուշտ, շատ ուժեղ փոխազդեցություններ են կրել, և նրանց մշակութային կյանքի շատ երևույթներ նույնացել են: Դեռ հույն աշխարհագետ Ստրաբոնն է նկատել, որ հայերն ու մարերը մի ազգ են, որովհետև շատ մեծ է եղել նրա տեսած այդ երկու ժողովուրդների հագուստի, բարքերի, նույնիսկ լեզուների նմանությունը: Ստրաբոնը նույնիսկ ասում է, թե, ըստ իր լսածի, մարերն են հայերի սովորույթների նախահայրերը:

Մի շարք այլ փաստերը ևս վկայում են, որ հնուց անտի պատմական Հայաստանի արևելքում և հարավում գոյացել է մի այնպիսի մշակութային միջավայր, որտեղ հայերն ու քրդերը փոխադարձ շփումներով ու փոխազդեցություններով ձևավորել են մի ընդհանուր աշխարհայացք: Անշուշտ, այս միջավայրում է ծնունդ առել հայ ավանդական այն հավաստիացումը, թե քուրդ ժողովրդի մի մեծ հատվածը կազմված է հայերից: Այս նույնն են հաստատում նաև քրդերի ավանդությունները: Օրինակ` 7-րդ դարին վերաբերող քրդական մի ավանդազրույց քրդացած մի հայի մասին է պատմել: Այդ ավանդազրույցն ասում է, թե Թուրքեստանի Օղուզ խանը Մուհամմեդ Մարգարեի մոտ դեսպան է ուղարկում Բողդոս-Էրմեն անունով մի իշխանի: Մարգարեի հարցին ի պատասխան` այս Բողդոս Էրմենն ասում է, թե ինքը պատկանում է քուրդ ազգին: Այս ավանդությունը թարգմանած անգլիացի գիտնականի կարծիքով` Բողդոս –Էրմենը հայ է եղել` Պողոս անունով:

Այսօր էլ կան քրդական ցեղեր, որոնք համարում են, թե իրենք հայկական ծագում ունեն: Հայերի ձուլումը քրդերի հետ, ըստ երևույթին, հին երևույթ է, որն ուժեղանում է հատկապես այն ժամանակ, երբ Վասպուրականի Սենեքերիմ թագավորն իր հպատակների մի մեծ զանգվածի գաղթեցրեց դեպի Բյուզանդիայի խորքերը:

Հայ-քրդական մերձեցումն ու միաձուլում է տեղի ունեցել նաև երկու ազգերի վերնախավում: Կան պատմական փաստեր այն մասին, որ քորդ ամիրաներն ամուսնացել են հայ իշխանների դուստրերի հետ: Օրինակ` Գվինի Շեդդադյան քուրդ էմիրն իր որդուն ամուսնացրել է Գուգարքի Դավիթ Անհողին թագավորի քրոջ հետ, որի շնորհիվ Շեդդադյաններն իրավունք են ձեռք բերել ժառանգելու Բագրատունյաց տոհմի կալվածքները:

Քրդական տիրապետությունը հայերի վրա նույնիսկ համարվել է հարազատ, ընտանի: Այդ ավելի ուշ շրջանում է, որ քրդերը, ավելի ու ավելի հեռանալով իրենց ազգային ավանդություններից, վարժվելով քոչվորական կենցաղի ու տրվելով վաչկատուն նվաճողների գիշատիչ հակումներին, ավելի ու ավելի անգթորեն են կեղեքելու իրենց հայ հպատակներին` գոյացնելով անդունդ ու հանգեցնելով թշնամության երկու ազգերի միջև:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
to top