Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ Այս նյութը գրվել է Ամատունիների իշխանական տոհմի մասին նախագծի շրջանակներում. Ներկայիս Ռուսաստանի ազգագրական թանգարանը նախկինում մինչև` 1917 թվականը կրել է «Կայսր Ալեքսանդր III-ի ռուսական թանգարան» անվանումը: Թանգարան ստեղծելու գաղափարը` ներկայացնել Ռուսաստանի կայսրությունում բնակվող ժողովուրդների մշակույթի բազմազանությունը, պատկանել է կայսեր Ալեքսանդր III-ին (1845-1894): Նրա մահից հետո այն կյանքի կոչվեց 1895-ի ապրիլի 13-ին (25) կայսերական գերագույն հրամանով ՝ կայսեր Նիկոլայ II-ի (1868-1918) կողմից` ի պատիվ իր հոր, Ալեքսանդր III- ի կամքի ու վառ հիշատակի: Ապագա թանգարանը դրվել է խորը գիտական հիմքի վրա: Համալսարանի առաջատար ազգագրագետները, հետազոտողները և գիտնականները ներգրավված էին դրա ստեղծման հայեցակարգի մշակման և հետագա գործունեության մեջ: Համաձայն կազմակերպիչների ծրագրի, ազգագրական բաժանմունքը պետք է դառնար կենտրոնական պետական ազգագրական հաստատություն ՝ պահպանելով և ուսումնասիրելով Ռուսաստանի ժողովուրդների ազգային կյանքը, մշակույթը և արվեստը: Բացի ազգագրական և գեղարվեստաարդյունաբերական բաժանմունքից` թանգարանը ունեցել է նաև Ալեքսանդր III- ի հիշատակի և գեղարվեստական բաժինները: Թանգարանի շենքը կառուցվել է ռուսական նեոկլասիցիզմի ոճով` 1902-1913 թվականներին, ճարտարապետ Վ.Ֆ.Սվինինի (1865—1939) նախագծով: Այսպիսով Սամուել Դուդինի (1863 — 1929) նախաձեռնությամբ և ղեկավարությամբ ազգագրական բաժանմունքի հիմնադրման տարեթիվը համարվում է 1895 թվականը: Այն հանրային այցելությունների համար բացվեց միայն 1923 թվականին: Ներկայումս Սանկտ Պետերբուրգում գտնվող Ռուսաստանի ազգագրական թանգարանը Եվրոպայում ամենամեծն է: Այն պահում է Եվրասիայի Ռուսաստանին առնչված 157 ժողովուրդների մոտ կես միլիոն միավոր մշակութային ժառանգություն: Այս հանրաճանաչ թանգարանում ներկայացված իրերն ընդգրկում և ցույց են տալիս 19-20-րդ դարերի սկսած 200 մարդ բնակչություն ունեցող փոքր, վերջացրած` մեծ բնակչություն ունեցող ազգերի կենցաղը, տեղական ճարտարապետությունն ու արվեստը, կյանքը, կրոնը, ծնողներին վերաբերող ավանդույթները: Թանգարանային ֆոնդի համակարգված ձևավորումը սկսվում է 1902 թվականից` ազգային բնօրինակ իրերի հավաքման և պահպանման համար մշակված հատուկ ծրագրի համաձայն: Թանգարանի հավաքածուների համալրման առաջին նվիրատուները եղան Նիկոլայ Երկրորդը և նրա ընտանիքի անդամները, որոնք թանգարանին տրամադրեցին Ռոմանովի դինաստիայի անձնական հավաքածուներից: Կայսր Ալեքսանդր III- ի Ռուսական թանգարանի ազգագրական բաժինը բավականին հայտնի ռուս քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներից բացի համալրել ու արժեքավոր ցուցանմուշներ են տրամադրել նաև անվանի հայազգի գիտնականներ` Ա.Ա. Լորիս Քալանթարը, Ս.Վ. Տեր-Ավետիսյանը, պաշտոնյա Ն.Ե Ամատունին և ուրիշներ: Վերջինս հետևողականորեն համագործակցել ու ակտիվ աշխատել է թանգարանի հետ ստեղծման առաջին իսկ օրվանից: Սա չի վրիպել նույն թանգարանի Միջին Ասիայի և Կովկասի բաժնի առաջատար գիտնական, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Վասիլևիչ Դմիտրիևի (1957-2013) աչքից: Ամատունին ազգագրական թանգարանի ֆոնդը համալրած ամենաակտիվ մասնակիցներից մեկն է եղել: Դմիտրևը Ամատունու գործունեության մասին ծանոթացել է 2011 թվականից մինչև իր հանելուկային մահը` 2013 թվականը, երբ անհետ կորավ Ղազախստանի տափաստաններում... Դմիտրիևը Նիկոդիմոս Ամատունուն դասում է այն արևելագետ-տեսաբանների շարքը, ովքեր այս բնագավառում թեև հատուկ գիտական աշխատություններ չեն թողել, բայց իրենց պրակտիկ գործունեությամբ հսկայական ներդրում են ունեցել, նպաստել են Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ազդեցության ընդլայնմանը: Նրա գործունեության մասին նյութերը պահվում են Պետերբուրգում Ռուսաստանի պետական պատմական արխիվում, իսկ հավաքածոները՝ ազգագրական թանգարանում: «... Ազգագրական բաժնի հավաքածուների պատմության համատեքստում մենք հիմնականում հետաքրքրված ենք Ն.Ի. Ամատունու նավարկությամբ կազմակերպած արշավը Հարավային Պարսկաստան» - իր աշխատության մեջ եզրակացրել է գիտնականը և ավելացրել. «Ամատունին իր արշավի հաշվետվություններին կցել էր «Պարսկաստանի քաղաքական վիճակը» նկարագրող փաստաթուղթ, որտեղ նա արտահայտել էր իր վերաբերմունքը Իրանում տեղի ունեցող բարեփոխումների շուրջ: Բացի այդ, Ամատունին փոխանցեց իր կողմից Հարավային Պարսկաստանում հավաքագրած նյութերը Ալեքսանդր Երրորդի ռուսական թանգարանի ազգագրական բաժնին: 1906թ. հոկտեմբերի 28-ին հայտնի արևելագետ Կ.Ինոստրանցևը, ով ղեկավարում էր Կովկասի և Միջին Ասիայի շրջանի ազգագրական բաժինը, Ամատունու ձեռագրերը ներկայացրեց բաժինների խորհրդի նստաշրջանի, որոնք նկարագրում էին Պարսկաստանի բնակչության նյութական մշակույթը: Նա հայտնեց, որ բացի ազգագրական հավաքածուն, որ Ամատունին հավաքագրել է ազգագրական բաժնի միջոցներով, կա նաև Ամատունու սեփական միջոցներով 250 առարկայից կազմված հավաքածուն: Նոյեմբեր ամսին այդ իրերը դիտարկվել են խորհրդի անդամների կողմից և արժեվորվել են որպես թանգարանային նմուշներ: Հավաքածուն կազմված էր տղամարդու, կանացի, մանկական հագուստի, կաշեգործության գործիքների, ճանապարհին օգտագործվող ծխելու պարագաների, սեղանի ճանապարհորդական պարագաների, ընտանի կենդանիների լծասարքերի տարբեր տեսականիներ: Հավաքածուն ներկայացված էր անձամբ Ամատունու կողմից: Իրանական տերմինաբանությունը ճշտվել էր գրանցման ժամանակ` հայտնի արևելագետ Ա.Ն.Սամոյլովիչի կոմից»: Հիշեցնենք, որ 1934-ին ազգագրական թանգարանը դարձավ ինքնուրույն ու կոչվեց` ազգագրության պետական թանգարան: 1948-ի օգոստոսին, Մոսկվայում ԽՍՀՄ ժողովուրդների թանգարանի հավաքածուները հանձնելուց հետո, այն վերանվանվեց ԽՍՀՄ ժողովուրդների ազգագրության պետական թանգարան: 1992 թվականից ՝ Ռուսաստանի ազգագրական թանգարան (SEM): Հաջորդ անգամ մանրամասը կանդրադառնամ Դմիտրևի ու նրա` «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)» աշխատությանը: Hay Azian ՈՒշադրություն Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում: Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին: Ամատունիների շառավիղները Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից https://www.nidoragir.com/2019/06/blog-post_6.html Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին https://www.nidoragir.com/2019/06/blog-post_18.html Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում Թեմային առնչվող այլ նյութեր` Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է |