MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Tomorrow:+26 °C
Դեպի պարզ ու զուլալ հայկական երգն ու պարը
14:12, 19.12.2019
3020 | 0

Դեպի պարզ ու զուլալ հայկական երգն ու պարը


Հաագայի Աբովյան միության երգչախմբի մասին


Վերջերս մեծ շուքով նշվեց Հաագայի Աբովյան մշակութային միության հիմնադրման 35-ամյակը: Բարձր մակարդակով անցկացված հոբելյանական միջոցառման հիմնական ու հաճելի բեռը իրենց ուսերին վերցրին միության երգի, պարի պատանեկան խմբերը, որոնք ապահովվեցին հանդիսության գեղարվեստական մասը: Առանց գովեստի խոսքերի անհնար է շրջանցել այս փաստը: Չնայած հայտարարվել էր, որ որոշ երեխաներ հարբուխով հիվանդ են, սակայն իրար հաջորդող հրաշալի ելույթները բարձրացրեցին բոլորի տոնական տրամադրությունը:

Երեխաները, որոնք անհամբեր սպասել էին հոբելյանական օրվան, փորձությունից դուրս եկան պատվով, ավելի ուժեղացած` վստահ իրենց կատարումներին և ուժերին: Ասենք, որ Աբովյան մշակութային միության նախագահ Մաթո Հախվերդյանը հյուրերի շնորհավորանքներն ընդունելիս իր խոսքերում կարևորում էր 35 տարիների ձեռք բերած հաջողություններում` անխտիր բոլորի, այդ թվում երգի ու պարի պատանեկան խմբերի ներդրած ավանդը: Պարուսույց Լուսիկ Ներսիսյանը վերջին մի քանի ամիսների ընթացքում հասցրել էր երեխաներին սովորեցնել նուրբ շարժումներով հայկական պարերը:


Միջոցառման երկրորդ կեսին, երգչախմբի ղեկավար Սվետլանա Աղաջանյանը, նստել էր կողքիս, երբ ուզեցի հիացմունքս փոխանցել, զգացի, որ նա ֆիզիկապես է կողքիս, իրականում բեմում` իր սաների հետ է, նրանց հետ երգում ու շարժվում է, մեկ էլ չափ է տալիս, ապա փոքրիկ ''թերություն'' նկատելիս հուզվում, հաջորդ րոպեին արդեն ժպտում, ուրախանում է` նշանակում է ամեն բան կարգին է: Սա իհարկե իր` մասնագետի աչքով: Իրականում երեխաները հիանալի ու անթերի էին բեմում: Յուրաքանչյուր համարին հետևում էր Հաագայի «Koorenhuis» մշակութային կենտրոն եկած հանդիսատեսի ջերմ գնահատականը` երկարատև ծափողջուններ ու հիացական բացականչությններ: Զգացվում էր, որ նրանց հետ պրոֆեսիոնալ մասնագետ է աշխատում:

Այսպես, Սվետլանան կարողանում է թափանցել յուրաքանչյուր մանկան հոգու ներաշխարհը, անհատական աշխատանք է տանում նրանց հետ ու երգը կյանք ու շունչ է առնում, ապրում երեխայի հետ` ողջ կյանքի ընթացքում:

Համառ կամք, մինչև վերջ աշխատելու նպատակային ձգտում, համբերություն, աշխատասիրություն` ահա այդպիսի հատկանիշներ է իր սաներին ներարկում բոլորի կողմից հարգված Սվետլանա Աղաջանյանը: Նա ջերմ սիրում է երեխաներին ու իր գիտելիքներն է փոխանցում նրանց, երեխաներն էլ` իրեն են սիրում, իսկ ամենակարևորը` վստահում ու փութաջանորեն կատարում նրա ցուցումները: Ամեն բան փոխադարձ է` հիմնված սիրո ու վստահության վրա:


Սվետլանան ծնվել և մեծացել է Լեռնային Ղարաբաղում, ավարտել է Երևանի կոնսերվատորիան, դասական երգչուհի է, սոպրանո։ Նիդերլանդներում բազմիցս է համերգներով ելույթներ ունեցել, դասավանդել է երաժշտական դպրոցներում։ Աբովյան միությունում երգեցողության դասերն սկսել է 2011 թվականից և ստեղծել մանկա-պատանեկան երգչախումբ, մի քանի տասնյակ երեխաների սովորեցրել է հայկական մանկական, ժողովրդական, դասական և հայրենասիրական երգեր։ Սվետլանայի մասնագիտական, հետևողական, տքնաջան և լուրջ աշխատանքի շնորհիվ երեխաները մայրենի լեզվով սովորել են ոչ միայն բազմաթիվ երգեր, այլ տիրապետել են երգեցողության տեխնիկային ու արվեստին։ Նա երեխաների մեջ արթնացրել է երգելու սերը, մշակել նրանց ձայնը, սովորեցրել երգեցողության տեխնիկան և ներշնչել մեծ բեմում ելույթ ունենալու համարձակությունը։ Նրա ղեկավարած Երգչախումբը բազմիցս ելույթներ է ունեցել Հաագայում, Ամստերդամում, Մաստրիխտում և այլուր:


Սվետլանայի սաները Նայմեխենում մեներգերով մասնակցել են VAN-ի կազմակերպած երգի մրցույթին և շահել առաջին տեղեր:


Այս տարիներին նրա սաները հոլանդական տարբեր փառատոների սպասված ու պահանջված մասնակիցներն են` Embassy Festival, Huygens Festival, Escamp Festival, Uit Festival և այլը, բոլորը չես թվարկի։ Երեխաներից` Մասիսը, Ալեքսը, Ֆելիքսը, Հասմիկը և մյուսները զանազան առիթներով հանդես են եկել մեներգերով։ Երգչախումբն արժանացել է Հաագայի մշակութային աշխատանքները կարգավորող Cultuurschakel քաղաքային մարմնի գնահատականին և երգչախմբի ելույթի տեսահոլովակը տեղադրվել է այդ կազմակերպության պաշտոնական կայքէջում։


Այս տարվա հունվարին, Ռոտերդամի կինոփառատոնի շրջանակում կազմակերպված Փարաջանովի ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ երգչախումբը հանդես եկավ հայկական երգերով, իսկ Սվետլանան ելույթ ունեցավ մեներգով։ Նոյեմբերին երգչախումը հաջողությամբ ելույթ ունեցավ Ամստերդամում Paloina պարախմբի կազմակերպած «Միասին» հայկական համերգի ժամանակ:


Այս բոլոր թվարկած միջոցառումները վերաբերվում են միայն այս տարվան, մինչդեռ անցյալ տարիներին երգչախումբը մասնակցել է ամենատարբեր հոլանդական և հայկական միջոցառումներին: Հատկապես հիշարժան է հայկական միջոցառումներին անձամբ Սվետլանա Աղաջանյանի և նրա ղեկավարած խմբի կատարումները: Հատկապես մեր հիշողության մեջ դեռ թարմ են 2012թվականին, երբ Ամստերդամում հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված գիտաժողովում առաջին անգամ ականատես եղանք Սվետլանայի հայկական երգերի բարձր մակարդակով կատարումներին: Այնուհետև, երբ լինում էինք Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին` անհնար էր հուզմունքով չլսել նրա, հատկապես Կոմիտասի «Կռունկ» երգի կատարումը:


Ասենում արդեն մի քանի տարի է, որ Սվետլանայի ղեկավարած պատանեկան երգչախումբը ելույթ է ունենում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառման ծրագրում։ Անցյալ տարի` Աբովյան միության և Հոլանդահայ ֆեդերացիայի ու անձամբ նրա քարտուղար Ինգե Դրոստի հետևողական ջանքերով և համոզիչ առաջարկով Ասենում Հայոց Ցեղասպանության միջոցառումը լուսաբանելու եկած Նիդերլանդների հանրային ռադիոն բավական հետաքրքիր առաջարկություն արեց, որպեսզի փոքրիկների երգչախումբը հանդես գա երգի կատարումով: Այսպիսով Նիդերլանդական հանրային ռադիոյի առաջին ծրագրի շարժական ուղիղ եթերում (միևնույն ժամանակ «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջով) հնչեց հայկական երգը` աշխարհը բարի ու խաղաղ տեսնելու մասին.


...Թող ամեն մանկան աղոթքը բարձրանա

Աչքերի արցունքն ու ցավը վերանա

Թող խաղաղ բացվի երկինքը

Որ անհոգ ապրի մանկիկը

Թող երբեք էլ չտեսնեն արհավիրքը

Թող հավատը հոգիները չլքի

Որ այլևս այս չարիքը չգործվի

Բարեկամ ապրեն ազգերը աշխարհի

Երկնքից լույս իջնի

Խաղաղվի...


ՈՒրախալի է, որ Սվետլանայի աշխատանքը նաև այս տարի է գնահատվել: Մարտին նա պարգևատրվել է հետհեղափոխական Հայաստանի սփյուռքի նախարարության (ներկայումս Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ) պատվոգրով, իսկ «Աբովյան» միությունն էլ Նիդերլանդներում գործող մի քանի տասնյակ հայկական կազմակերպություններից առաջինն ու առայժմ միակն է, որ արժանացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագրին:

Ինչպես վարչապետը կասեր` սա Աբովյան միության յուրաքանչյուր մասնակցին հանձնված շնորհակալագիր է:

Էլի ավելացնենք` սա բոլոր նիդերլանդահայերին հասցեագրված շնորհակալագիր է, հասցեագրված մեր երեխաներին ու նրանց հայ մշակույթով սնուցող անհատներին:


Hay Azian

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
293 | 0
00:09, 09.03.2024
802 | 0
to top