Պերճ Ասատուրյան 01.01.1985-01.01.2020 Նոր Տարին մեզ համար ավետվեց մահվան ցնցող գույժով: ՈՒժերի ծաղկման շրջանում անժամանակ ու հանկարծահաս մահը մեզանից խլեց բարեշնորհ Պերճ սարկավագ Ասատուրյանին: Նա ապրեց ուղիղ 35 իմաստալից ու իր կյանքը Աստծուն ու ժողովրդին նվիրաբերած երկրային տարիներ: Պերճ Ասատուրյանը ծնվել է 1985թ հունվարի 1-ին Սիրիայի Կամիշլի քաղաքում: 12 տարեկանում ուսանել է Անթիլիասի դպրեվանքում. Այնտեղ էլ ձեռնադրվել է ավագ Սարկավագ ։ Կրելով իր մեջ Աստծո սերն ու փափագը իր ժողովրդին այն փոխանցելու` ծառայեց Իրանի Էսֆահան Առաջնորդարանում` որպես դպրապետ։ 2012 թվականից նա մշտական բնակություն հաստատեց Հոլանդիայում: Սիրով ծառայեց հայաշատ Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում: 2014 թվականին տեղափոխվեց Մաստրիխտ` Սուրբ Կարապետ Եկեղեցու ավագ սարկավագն էր, ուր և մինչև կյանքի վերջ իր նվիրական ծառայությունը կատարեց: Նրա Աստվածահաճո օրինակելի վարքը շատերի սրտերը շահեց: Բանիմաց ու խելացի էր, ընկերասեր ու մարդամոտ: Շատերի հիշողության մեջ թարմ է, երբ նա դուդուկահար Արթուր Պետրոսյան հետ պատմության մեջ առաջին անգամ` Նիդերլանդներում Սուրբ Սերվատիուսի անունը կրող բազմադարյան տաճարում մեղրածոր դուդուկի նվագակցությամբ հանդես եկավ հայ հնագույն երգի կատարումով: Պերճ Ասատուրյանը սրտով ու հոգու անկեղծ մղումով դա արեց: Կոմիտասի ՔԵԼԵ, ՔԵԼԵՆ էր, որն անհնար է մոռանալ: Սա հարգանքի նրա վերջին խունկն էր մեծն Կոմիտասին` վերջին ուխտը Սուրբ Սերվատիուսի նվիրական աճյունի մոտ. Քելե՛, քելե՛, քելքիդ մեռնեմ, Քո գովական խելքիդ մեռնեմ, Սիրավոր լորիկ, Վիրավոր լորիկ, Լորիկ, Սևավոր լորիկ, Լորիկ ջան: Քելե՛, քելե՛, քողիդ մեռնեմ, Քո լուսընկա շողիդ մեռնեմ: Քելե՛, քելե՛, բերնիդ մեռնեմ, Քո սիրունիկ ձենիդ մեռնեմ: Քելե՛, քելե՛, ձենիդ մեռնեմ, Քո հուր-կրակ սերիդ մեռնեմ, Քելե՛, քելե՛, աչիդ մեռնեմ, Քո անուշիկ պաչիդ մեռնեմ: Դուդուկի ելևԷջներն ու Պերճի երգը տարածվեցին հազարամյա բազիլիկ եկեղեցու սրահում, Սուրբ Սերվատիուսի դամբարանում, որի դռները առաջին անգամ բացվեցին հայ կատարողների առջև: Այսօր Պերճի երգը հասավ Աստծուն ու կարծես նրա մասին են: Հոգուդ լույս ու պայծառություն` Աստծո սպասավոր: Հանգչիր խաղաղությամբ սիրելի բարեկամ, ընկեր, հոգևորական ու լավ մարդ: Քո հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում: Մաստրիխտի ՍԲ.Կարապետ եկեղեցւո ծխական խորհուրդ Մաստրիխտի ԱՆԻ հայ համայնք Նիդ.Օրագիր |