Mamul.am
Full version
USD 483.00, EUR 526.57, RUB 6.76, GBP 588.54
+17 °C, +12 °C ... +19 °C Tomorrow:+22 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«…այն տղամարդը, որն համարձակորեն մերկացնում է սեփական որդիներին, արդար ու անկաշառ դատավոր կլինի»
22:47, 09.03.2020

Պարսից պետության կազմում գտնվող Մարդաստան երկրամասում Ռակոսես անունով մի մարդ է եղել, որը յոթ երեխա է ունեցել: Կրտսերը՝ Կարտոմոսը, շատ չարիքներ է պատճառել իր եղբայրներին: Հայրն սկզբում ցանկացել է խոսքով սթափեցնել ու դաստիարակել նրան, բայց երբ խոսքը չի օգնել, ոլորել է որդու ձեռքերը, տարել է այդ երկրամասի դատավորների մոտ, որոնք այդ ժամանակ այն վայրերում են եղել, որտեղ բնակվել է Ռակոսեսը: Հայրը թվարկել է որդու բոլոր հանցանքները և պահանջել է, որ նրան մահապատժի ենթարկեն: Դատավորներն ապշել են, բայց չեն համարձակվել մահավճիռ կայացնել ու որոշել են հորն ու որդուն տանել Արտաքսերքսես արքայի մոտ: Երբ Ռակոսեսը թագավորի ներկայությամբ կրկնել է ամենը, վերջինս հարցրել է. «Դու կարո՞ղ ես քո որդու մահապատիժը դիտել»: «Հարկավ, - պատասխանել է մարդաստանցին, - չէ՞ որ երբ ես այգում կտրում եմ հազարի շյուղերը, նրանց ծնողը ոչ միայն չի վշտանում, այլ, ընդհակառակը, փթթում է, մեծանում է ու ավելի է քաղցրանում: Արքա, այդպես էլ ես ու իմ մերձավորներն ենք ծաղկում, երբ տեսնում ենք նրա մահը, ով չարագործություններով խավարեցնում է իմ տունն ու իր եղբայրների օրերը, և համոզվում եմ, որ եկել է նեղություններիս վերջը»: Արտաքսերքսեսը գովում է Ռակոսեսի արդարամտությունը և նրան նշանակում է թագավորական դատավոր՝ ասելով, թե «…այն տղամարդը, որն այդպես համարձակորեն մերկացնում է սեփական որդիներին, արդար ու անկաշառ դատավոր կլինի», իսկ Կարտոմոսին ներում է՝ սպառնալով, որ եթե նորից մեղք գործի, դաժան մահապատժի կենթարկվի:

Share with friends
| |
Համլետ Մելիքյան
to top