MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
Ժանտախտը, եկեղեցին ու մարդկային սնահավատությունը միջնադարում: Հռոմի պապի հրամանը հրեշտակներին
20:21, 21.03.2020
3746 | 0

Ինչպես բոլոր արհավիրքների, այնպես էլ այս աշխարհավարակի դեպքում եկեղեցին մեղավորությունը բարդել է մարդկության վրա, պնդելով, թե այս հիվանդությունը ևս մարդկության գործած մեղքերի արժանի պատիժն է: Այս անգամ էլ եկեղեցին «կանխագուշակել է», թե մոտեցել է աշխարհի վերջը: Ժանտախտի դեմ փորձել են պայքարել աղոթքով, խաչերթերով: Օրինակ, Շվեդիայի թագավորը, երբ հիվանդությունը մոտեցել է իր մայրաքաղաքին, ոտաբոբիկ, գլուխը բաց գլխավորել է խաչերթը: Համաճարակի ամբողջ ընթացքում եկեղեցիները լցված են եղել հավատացյալներով, որոնք ջերմեռանդորեն աղոթել են, որ Աստված այս պատուհասն հեռացնի իրենցից: Համաճարակի սկզբում, երբ Մեսսինայի բնակիչները կատանիացիներին խնդրում են իրենց մոտ ուղարկել սուրբ Ագաթայի մասունքները, որպեսզի դրանք իրենց փրկեն հիվանդությունից, Կատանիայի եպիսկոպոսը համաձայնում է, բայց դա թույլ չեն տալիս իր քաղաքի հավատացյալները՝ սպառնալով, թե կսպանեն նրան, եթե մասունքները Մեսսինա ուղարկի ու քաղաքն անպաշտպան թողնի: «Եթե սուրբ Ագաթան ցանկանա Մեսսինա գնալ, ինքն անձամբ կհայտարարի», ասում է ընդդիմացողներից մեկը: Ի վերջո փոխզիջում է տեղի ունենում. Պայմանավորվում են, որ պատրիարքը ցողում կկատարի այն սուրբ ջրով, որի մեջ իջեցվել է սրբի մասունքների տապանը: Արդյունքն այն է լինում, որ և՛ եպիսկոպոսը, և՛ շատ հավատացյալներ մեռնում են հենց ժանտախտից:

Մեռնողներին վերջին հաղորդություն տալով՝ հոգևորականները դառնում էին ժանտախտի հաճախակի զոհեր: Ահա թե ինչու համաճարակի ամենաուժեղ տարածվածության ժամանակաշրջանում որոշ քաղաքներում հնարավոր չէր լինում հոգևորական գտնել, որպեսզի մահացողին վերջին հաղորդությունը տա: Վախենալով վարակվելուց՝ հոգևորականները նույնպես փորձել են պաշտպանվել վարակից՝ հրաժարվելով մոտենալ հիվանդներին և, դրա փոխարեն, դռան վրա արված հատուկ ճեղքի միջով հաղորդության հաց են տվել երկար գդալի օգնությամբ: Բայց եղել են նաև հոգևորականներ, որոնք անձնվիրաբար կատարել են իրենց պարտականությունները: Դրանցից մեկը՝ ճգնավոր Ռոխը, հետագայում սրբադասվել է:

1350 թվականին Կլիմենտոս 6-րդ պապը հատուկ կոնդակով հրեշտակներին հրամայում է անմիջապես դրախտ տանել բոլոր նրանց, ովքեր մահացել են Հռոմի ճանապարհին կամ Հռոմից տուն դառնալիս: Այդ տարվա Զատիկին Հռոմում հավաքվել է 1 միլիոն 200 հազար ուխտավոր, որոնք եկել էին պաշտպանություն ստանալու ժանտախտից: Սուրբ Երրորդության տոնին դրանց գումարվում է ևս մեկ միլիոն մարդ՝ այն դեպքում, երբ այդ զանգվածի մեջ ժանտախտն այնպիսի կոտորած էր անում, որ Հռոմից տուն է հասնում ուխտավորների ընդամենը տասը տոկոսը:

Պետք է ասել, որ համաճարակի ընթացքում եկեղեցին ու վանքերը անասելի հարստանում են. հուսալով, թե մահից խուսափելու միակ միջոցը եկեղեցին է՝ մարդիկ նրան են ընծայաբերել իրենց ամբողջ ունեցվածքը, և մահացածների հիմնական ժառանգորդը դառնում էր եկեղեցին, իսկ հարազատներին գրեթե ոչինչ չէր մնում: Բանն այնտեղ է հասնում, որ որոշ քաղաքապետարաններ ստիպված են լինում սահմանափակել նվիրատվությունների չափը: Հաճախ լինում էր այնպես, որ վանականները, վախենալով վարակվելուց, մենաստանի տարածքից դուրս չէին գալիս, և ուխտավորներն ստիպված էին իրենց ընծաները թողնել դարպասիների մոտ, որտեղից վանականները գիշերն այն վերցնում էին:

Ժանտախտը Եվրոպա նոր-նոր մուտք գործելու շրջանում ծնունդ է առնում խարազանվողների աղանդը, որի անդամները սեփական մարմինը տանջելու և զրկանքների ենթարկելու միջոցով ցանկանում էին արժանանալ Արարչի ողորմածությանը և կանգնեցնել սովն ու համաճարակը: Խարազանվողները մարդկանց հավատացրել են, թե Երուսաղեմում կառուցված սբ. Պետրոսի տաճարի խորանին մի անգամ մարմարյա տախտակ է ընկնում, վրան՝ Քրիստոսի ուղերձը, որում իբր գրված է եղել, թե ծոմապահությանը չհետևող մեղավորները պատժում են ժանտախտով: Աստծո զայրույթն այնքան մեծ է եղել, որ նա ցանկացել է մարդկությանն ընդհանրապես սրբել երկրի երեսից, բայց սուրբ Դոմինիկոսի ու սուրբ Ստեփանոսի պաղատանքների շնորհիվ՝ Քրիստոսի զայրույթը մեղմվել է, ու նա երկնքից առաքված նամակում հաղորդել է, թե եթե մարդիկ քրիստոնեավայել չապրեն, հաջորդ պատիժը լինելու է վայրի գազանների ու հեթանոսների արշավանքը բոլոր քրիստոնյաների վրա:

Սեփական մարմինը փորձության ենթարկելու ձգտող այս աղանդի անդամները ոտքից գլուխ սև սքեմ հագած, մի քանի հազար անձից բաղկացած խմբեր են կազմել ու դեգերել են քաղաքից քաղաք՝ մասնավորապես հեղեղելով Շվեյցարիան ու Գերմանիան:

Այսպիսի անհեթեթ վարքով, բնականաբար, համաճարակի հաղթարշավը կանգնեցնել հնարավոր չէր, ավելին, հայտնի է, որ հենց նրանք են ժանտախտը հասցրել Ստարասբուգ, որը մինչ այդ զերծ էր մնացել այս վարակից:

Այս մոլեռանդները, հայտնվելով իրենց ճանապարհին հանդիպած հերթական քաղաքում, պահանջել են ոչնչացնել հրեաներին, որովհետև «նրանք Քրիստոսի թշնամիներն են»: Այս աղանդում պաշտոնական եկեղեցու ոչ մի ներկայացուցիչ չի եղել, և սրանք ցանկացել են Աստծո հետ հաղորդակցվել առանց եկեղեցու միջնորդության՝ մերժելով կաթոլիկ եկեղեցու նվիրապետությունը:
(շարունակելի)

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
223 | 0
to top