MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Tomorrow:+16 °C
Սիֆիլիսի և այլ հիվանդությունների «կոլեկցիոներ» թագավորը
22:21, 05.05.2020
4134 | 0

1494 թվականի սեպտեմբերի 12-ին Կոնյակում ծնված Ֆրանցիսկ 1-ինը (գահակալել է 1515-ից մինչև 1547 թվականը) ՝ Ֆրանսիայի թագավորը, երկու տարեկանում զրկվում է հորից: 1539 թվականին Կոմպիենում, որն արքայական նստավայր քաղաքներից մեկն է եղել, ստիպված է լինում անկողնուն գամվել շեքի (արտաքին սեռական օրգանների և սրբանի միջև տարածությունը) շրջանում գոյացած թարախակույտի հարուցած լուրջ հիվանդության հարկադրանքով: Այդ թարախակույտը «սիֆիլիս» անվամբ հայտնի վեներական հիվանդության հետևանքով էր գոյացել:

Լիմուզինցի բժիշկ Գիյոնը, որը 1604 թվականին հերձել էր մահացած թագավորին, որպեսզի պարզի, թե նա ինչ հիվանդությունից է մահացել, ուսումնասիրելով թագավորի ինտիմ կյանքին վերաբերող փաստաթղթերն ու համադրելով բացահայտված հիվանդությունը թագավորի կյանքի մանրամասների հետ, հանգել էր այն եզրակացության, որ նա վարակված է եղել սիֆիլիսով:

Ֆրանցիսկ 1-ինը սիրահարվել է մի փաստաբանի կնոջ: Այդ կինը չի արձագանքել նրա սիրահետումներին: Այդժամ Ֆրանցիսկի պալատականներից մեկը սպառնացել է կնոջը: Իմանալով այդ մասին՝ ամուսինը, զգալով, որ տեղի է ունենալու անխուսափելին, կնոջը թույլ է տալիս դավաճանել իրեն՝ մտքին դնելով անպայման վրեժ լուծել թագավորից: Հայտարարելով, թե ութից տասն օրով դաշտ է մեկնում՝ անհետաձգելի գործերով, մնում է Փարիզում՝ այցելելով մի քանի հասարակաց տուն, որպեսզի սիֆիլիսով վարակվի: Նա իր նպատակին հասնում է՝ վարակվում է սիֆիլիսով ու վարակը փոխանցում է կնոջը, իսկ կինն էլ սիֆիլիսը փոխանցում է թագավորին: Թագավորն էլ իր հերթին հիվանդությունն ուրիշներին է փոխանցում: Ամուսինն ու կինը բուժվում են, բայց թագավորը դրանից մահանում է: Այսպիսին է եղել պատմությունը, որը 1601 թվականին, այսինքն Ֆրանցիսկի մահից 54 տարի անց, հրատարակել է ոմն Գիյոն:

Վարակվելուց հետո թագավորի առողջությունն օրսըստօրե վառացել է: Նրա սանձարձակ ապրելակերպն ու չափազանցություններին տրվելու անզուսպ մղումը քայքայել են նրա առողջությունն ու աստիճանաբար մարել նրա անսպառ եռանդը: Արդեն 1535 թվականին նա տենդի ուժեղ նոպաներ է ունեցել, և բժիշկներն ասել են, թե բուժումը երկարատև է լինելու: Երեք տարի անց նա ընդհատվող ջերմ է ունենում: 1540-ին նրա հետանցքի և ձվարանների միջև ուռուցք է գոյանում, և նա այլևս չի կարողանում ձի հեծնել: Երբ Հռոմեական սրբազան կայսրության կայսր Կարլոս 5-րդը ճանապարհորդել է Ֆրանսիայում, Ֆրանցիսկն իր հյուրին ուղեկցել է հարդի վրա նստած: Հիվանդությունն աստիճանաբար տիրել է նրա մարմնին: Ահա թե ինչպես է բնութագրել բժիշկ Սեն Մորիսը Ֆրանսիայի թագավորի վիճակը 1545 թվականի հուլիսին. «Ֆրանսիայի թագավորի մարմնի ստորին հատվածի երակը թարախակալված է ու ծակծկված, որի պատճառով բժիշկները հույս չունեն, թե նա երկար կապրի…»:

Նույն թվականի աշնանը թագավորի վիճակը մի քիչ լավանում է, բայց 1547-ի հունվարին նա նորից վատանում է: Բժիշկները բացում են նրա վերքը «որից մեծ քանակությամբ թարախ է հոսում, և նա մեծ թեթևություն է զգում»: Բայց թագավորը դեռ այնքան չէր ուժասպառվել, որ վերջ տար իր սովորույթներին: «Նա ամեն օր հարդի վրա նստած որսի էր գնում», - գրում է Սեն Մորիսը: Մեկ այլ նամակում էլ նա գրում է. «Թագավորը շարունակ սիրահարված է»:

Փետրվարի վերջին Ֆրանցիսկը մեկնում է Ռամբույե: Թարախակույտը բորբոքվում է, և տենդը վերսկսվում է: Մարտի 20-ին նրա վիճակը նորից ծայրահեղ ծանրանում է: Զգալով, որ վախճանը մոտ է՝ նա խոստովանունում է և հաղորդվում, ապա հանձնարարականներ է տալիս արքայազնին կաթոլի կրոնին հավատարիմ լինելու և իր ժողովրդին կառավարելու մասին: Մարտի 21-ին բժիշկներն այլևս հույս չունեին, որ նա կապրի: Ուռուցքը պայթում է, և հիվանդը որոշ թեթևություն է զգում: Արքայադուստր Մարգարիտը՝ նրա դուստրը, գալիս է նրան տեսնելու, բայց նա չի կարողանում դստերը մի խոսք ասել: Նրա ծանր վիճակը մեկ շաբաթ շարունակ ժամ առ ժամ ահագնանում է: Մարտի 29-ին նա վերջին հաղորդությունն է ստանում: Ցերեկը կանչում է որդուն ու ցանկանում է նրան հանձնել իր կտակը, բայց կտակը չեն գտնում: Նա կարգադրում է շտապ նորը կազմել և որպես կտակատարներ իր ծառայողներից մի քանիսի անունը գրել: Կեսգիշերից մի քիչ առաջ նա սկսել է սաստիկ ցնցվել: Վերցրել է մի խաչ ու ձեռքից այլևս չի գցել: Չորեքշաբթի նա մի քիչ ուժ է հավաքել, կարգադրել է, որ իր ննջարան գան իր ծառայողներից մի քանիսը և բարձրաձայն ներողություն է խնդրել Աստծուց իր հարուցած անախորժությունների համար:

Ցերեկն ու գիշերը խաղաղ են անցել: Հաջորդ օրը՝ մարտի 31-ին, նա իր սնարի մոտ կազմակերպված ժամերգություն է լսել: Խորապես հուզված արքայազնը հոր կողքին ծնկի էր իջել, երբ թագավորը բացել է աչքերը: «Ողջագուրվի՛ր ինձ, որդի՛ս», - ասել է նա և օրհնել է նրան: Ապա ձեռքն է առել խաչը և լատիներեն ասել է. «In manus tuas, Domine, commendo spiritum melon», հետո նվաղած ձայնով բազմիցս արտաբերել է. «Հիսո՛ւս, Հիսո՛ւս»: Դրանք եղել են նրա վերջին խոսքերը, և ժամը մեկի ու երկուսի միջակայքում նա արձակել է իր վերջին շունչը:

Ֆրանցիսկի մարմինը պատված է եղել պատերազմների ընթացքում ստացած բազմաթիվ վերքերով և թարախակույտերով: Նա տառապել է տենդահարույց բազում բորբոքումներից, հատկապես միզուղիների քրոնիկական բորբոքումից: Կարծել են, թե նրա մահվան պատճառը աճուկում գոյացած թարախակույտն է, բայց նա մահացել է ուժեղ տենդից:

«Մենք տեսանք, որ նրա ստամոքսում խուղակ* էր գոյացել, թարախակալված էին երիկամներն ու մյուս ներքին օրգանները, - գրում է հերձման մասնակից Սեն Մորիսը, - ճաքճքված էր նաև նրա կոկորդի մի մասը, իսկ թոքերը քայքայված էին»:

Ըստ ընդունված ծեսի՝ հանվել են նրա գանգուղեղը և փորոտիքը:

Որովայնի խոռոչը բուրավետ նյութերով խճողված դիակը դրվել է դագաղի մեջ և տարվել է Սեն Կլյու, որտեղ միապետը շարունակել է իր երևութական կյանքը: Օրական երկու անգամ Ֆրանցիսկի զինակիրն ու մատռվակը, միապետի կենդանության ժամանակ սահմանված կարգով, նրան ճաշ են մատուցել՝ ստուգված միս ու խմիչքներ, լիառատության մաղթանքներ են կարդացել, և այլն: Մայիսի 24-ին է միայն նրա դագաղն իջեցվել Սեն Դընիի արքայական դամբարան:

Դիահերձումը ցույց է տվել, որ նա ունեցել է սիֆիլիս, խուղակ (վիրախորշ), քրոնիկական տուբերկուլյոզ, աջ թոքի և կոկորդի լուրջ վնասվածքներ, ստամոքսի խորը խոց, երիկամների մեծ մեռուկ (նեկրոզ) և միզուղու վարակ, որն իր հերթին մահվան էր հանգեցնելու մեռուկի վերածվելուց հետո:

*Խուղակը մաշկի կամ լորձապատյանի վրա բացվող անբնական անցք է, որի միջով դուրս է գալիս խորքում գոյացող արտազատուկը: Խուղակ է կոչվում նաև այն հաղորդակցությունը, որ առաջանում է երկու խոռոչավոր օրգանի (օրինակ՝ վերջնաղու և փուչիկի) միջև:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
186 | 0
to top