MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Tomorrow:+26 °C
Գարեգին Նժդեհը դառնացած փաստել է
11:05, 09.05.2020
3514 | 0

...Սկսվում է գետանցը: Որպես հայ մարդ ամաչում եմ հիշատակել այն բոլորը, որ տեղի ունեցավ Արաքսի ափում: Չնայած, որ իմ կողմից բազմիցս հայտարարված էր, որ նախ անցնելու են վիրավորները, հիվանդները, կանայք և ապա՝ ամբողջ գաղթականությունը, բայց ով որ ճարպիկ էր, ով որ արտաժույթ ուներ, անցնում էր հերթից դուրս՝ կաշառելով ֆալաշիներին (ճիշտը՝ ֆարաշ, պարսիկ սահմանապահ զինվորականներ): Որովհետև լաստանավը շարժման մեջ դնել չկարողացան մեր ճարտարագետներն ու մասնագետները, ճիշտ՝ բարեխղճորեն չկրցան գործել այդ փրկարար նավը գլուխ բերելու համար, գաղթականությունը ստիպված եղավ երկար մնալ Լեռնահայաստանում և իր մղձավանջի տակ երկար պահել տեղական ազգաբնակչությանը: …Չերկարելու համար՝ վերջացնում եմ խոսքս Պարսկաստան անցնող գաղթականության և նրա բայոյալքված ազդեցության մասին, և անցնում եմ Բազարչայում մնացող երևանյան զորամասի խնդրին, որը, ճիշտը՝ նրա ղեկավար տարրը, չնչին բացառությամբ, ամենամեծ չարիքը, իսկ վերջը՝ Լեռնահայաստանի անկախության գերեզմանափորը դարձավ: Ճշմարտությունը պահանջում է ասել, որ երևանյան զորքը, որպես այդպիսին, այսինքն՝ որոշ տվյալներով և գիտակցական կարգապահությամբ մի դրոշակի տակ միացած զինված ուժ չկար:

Դա թշնամուց պարտված, հալածական և իր հանապազօրյա հացը ճարելու մտահոգությամբ մի տեղ մեկի թևի տակ հավաքված մի զանգված էր, և ավելի կապված խմբապետներին, քան սպայությանը, որովհետև մեծամասնականների տիրապետության օրոք խմբապետները հալածվելիս են եղել որպես որոշ քաղաքական հոսանքի պատկանողներ, իսկ սպայության պատկառելի մի մասը մնացել էր ծառայության մեջ և քաղաքականապես հանդուրժելի համարվել, որովհետև թշնամու շարքերում ապստամբ ժողովուրդը հայ սպաներ շատ էր տեսնում, իսկ խմբապետ՝ և ոչ մի հատ:

…Այն ժամանակ, երբ Լեռնահայաստանի ազգաբնակչության 90 տոկոսը խոտով և արմտիքով էր կերակրվում, երբ սովամահությունն օրեցօր ընդունում էր զանգվածային բնույթ, երբ զանգեզուրցին պետության համար Վայոց ձորից հրանոթներ և ականներ փոխադրելիս սովից մեռնում էր ճանապարհին, և հրանոթների փոխարեն տարաբախտ հայ գյուղացու սառը դիակն էր հասնում Գորիս, այդ ժամանակ անհոգի սրիկաների մի խմբակ իր գրպանն էր հաստացնում ի հաշիվ սովի և խորհրդային զորքերի դեմ կռվող սյունեցիների...Ինչե՜ր, ինչե՛ր ասեք, որ չկատարեցին պարենավորման նախարարի հովանավորությամբ: Գողանալ, խաբել ցորենը կշռելու քաշի մեջ, պետական ցորենով կենսամթերքներ ու խմիչքներ ձեռք բերել, վաճառել, թալանել Պարսկաստան անցնող գաղթականներին, զանազան դասալիք սպաների ու պաշտոնյաների կաշառքով անցկացնել Պարսկաստան, անցնող գաղթականներից վերցնել որպես թորփախ փուլի՝ ոսկի և արծաթ, երբ ինքը՝ կառավարությունը, վճարում էր անցնող ամեն մի գաղթականի համար, խաների հետ գործարքներ սարքել՝ բարձրացնելու ցորենի գինը, և նման հազար ու մի շառլատաններ: Եվ այդ բոլորը՝ պարենավորման նախարարի քթի տակ, նրա գիտությամբ ու այդ բոլորը զայրացած ժողովրդի քննադատության առարկա...

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
278 | 0
09:44, 13.04.2024
377 | 0
11:39, 08.04.2024
399 | 0
09:16, 06.04.2024
350 | 0
08:44, 03.04.2024
289 | 0
to top