MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
Կարա կոյունլուների կայսրության տիրակալներից մեկը հենվել է հայ էթնիկական տարրի վրա ու իրեն «Շահ ի Արման» է հռչակել
21:43, 23.05.2020
4175 | 0

Այդ տիրակալը Իսքանդարն է եղել, որը 1420-ական թվականներին կարողացել է վերականգնել Լանկ Թամուրի ավերիչ արշավանքներից քայքայված կայսրությունը՝ իր նախկին սահմաններով: Ժամանակակից մի հիշատակարան հայտնում է, թե Իսքանդարը տիրել է Պարսկաստանին, Միջագետքին, Սիրիային, Հայաստանին՝ մինչև Քուռ գետը:

15-րդ դարի քսանական թվականներին տեղի ունեցած պատերազմների, գաղթերի ու տեղահանությունների, ինչպես նաև բնական արհավիրքների հետևանքով Հայաստանի շատ շրջաններ անմարդաբնակ էին դարձել: Բնակչության կազմի մեջ տեղի էին ունեցել զգալի փոփոխություններ. քրդական ու թուրքական մի շարք քոչվոր ցեղեր մշտապես հաստատվել էին Հայաստանի բարեբեր շրջաններում: Չնայած Հայաստանում օտար տարրի գերակշռությանը՝ կարակոյունլու Իսքանդարը, կենտրոնաձիգ ուժեղ պետություն ստեղծելու իր ծրագիրն իրականացնելիս, հենվել է հայ էթնիկական տարրի վրա: Նա իրեն «Շահ ի Արման» («Թագավոր Հայոց») է հռչակել: Ավելին՝ նա պետական բարձր պաշտոնների է նշանակել հայ նախարարական տների որոշ ներկայացուցիչների, իր զորքերում ընդգրկել է հայ ռազմիկների:

1422 – 1427 թվականներին Իսքանդարը հետևողական պայքար է մղում Հարավային Հայաստանի մի շարք շրջաններում (Բաղեշ, Ռշտունիք, Խիզան) հաստատված քրդական կիսանկախ ամիրայությունների դեմ: 1422-ի օգոստոսին նա պաշարում է Բաղեշի ամիրայության կարևոր կենտրոն Խլաթը և սպանում է իր փեսա Շամս ադ դին ամիրային: 1423-ին Իսքանդարը թունավորում է ամիր Եզդինի որդի Մելիք Մահմադին, որն իր հոր մահվանից հետո Վանի ու Ոստանի ամիրան էր դարձել: «Շամբո» անվանյալ քրդական ցեղապետերի այս ընտանիքը տիրել է Վասպուրականի հարավային գավառներին: 1424-ին Իսքանդարը ձերբակալում է Մելիք Մահմադի եղբայր սուլթանԱհմադին ու պահանջում է իրեն հանձնել ամիրայության բոլոր բերդերը: Մերժում ստանալով՝ Իսքանդարը սպանում է նրան ու մեծ զորքով արշավում է Ռշտունիք: Հիսուն օր ապարդյուն պաշարում է Վանի բերդը: 1425-ի գարնանն Իսքանդարը նորից է պաշարում Վանը: Սուլթան Ահմադի որդի Մելիք Ասադը ստիպված հանձնում է բերդը:

1429 թվականին Իսքանդարի դեմ պատերազմ է սկսում Լենկ Թամուրի որդի Շահռուխը: Սալմաստի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Իսքանդարը պարտություն է կրում: Թեմուրյաններն ասպատակում են Հայաստանի տարբեր շրջաններ. հատկապես տուժում է Վասպուրականի և Քաջբերունիքի բնակչությունը: 1430 թվականին կարա կոյունլուների պետության գահը հանձնելով Իսքանդարի եղբայր Աբու Սայիդին՝ Շահռուխը վերադառնում է Սամարղանդ: 1431-ին Իսքանդարն սպանում է իր Աբու Սայիդ եղբորը և վերագրավում է գահը: 1434-ին Իսքանդարն արշավում է Շիրվան, որի ընթացքում նրա զինվորները ոչնչացնում են Շիրվանի զարգացած շերամապահության հիմքը՝ անխնայաբար կտրում են թթենիների այգիները:

Նկարում՝ կարակոյունլուների կայսրությունը:

(շարունակելի)

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
221 | 0
to top