MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
Խորամանկամիտ կնոջ յոթ հնարքները (սկիզբը՝ նախորդում)
17:52, 01.07.2020
5186 | 0

Չժունչժենի (Վսեմափայլ Բարեզարդության) տարիներին Սիանի մարզի Ուգուն գավառում, որը Շենսի երկրամասում է, գյուղակներից մեկում մի կին էր ապրում՝ Գեն Երկրորդ անունով, քանի որ նրա ամուսնու ազգանունը Գեն էր և այդ ընտանիքում նա թվով երկրորդն էր: Արտաքուստ գրավիչ, պարթևահասակ, մի խոսքով՝ արտաքինով շատ դուրեկան, և, ի հավելումն այդ ամենի, աչքի էր ընկնում սուր մտքով ու դատողականությամբ, թեպետ տառաճանաչ չէր, չէր կարողանում գոնե մեկ հիերոգլիֆ գրել: Նրա խելքը, ինչպես ասում են, բխում էր հենց իր բնությունից: Ասենք, օրինակ, համագյուղացիներից մեկը բարդ, անհաղթահարելի գործի է բախվել: Բարեբախտաբար, այդ մարդուն հաջողվում է հանդիպել Գեն Երկրորդի հետ ու պատմել նրան իր դժվարությունների մասին: Արագ գնահատելով ամբողջ իրավիճակը՝ կինը դրանից դուրս գալու հիանալի ելք է անմիջապես հորինում: Մի խոսքով, նա խնդիրն այնպես ճարպկորեն է լուծում, որ ցանկացած մեկ ուրիշն այդ բանը չէր մտածի: Հնարավոր է, որ ինչ-որ մեկը, լսելով նրա խորհուրդը, սկզբում ժպտա, բայց հետո, մի քիչ խորհելով, կհասկանա ու կասի. «Բայց, կարծես թե, նա իրավացի է»:

Դեռ մինչև ամուսնությունը, երբ նա ապրում էր իր ծնողների հետ, հարևաններից մեկին դժբախտություն է պատահում: Գետից բռնած ձուկը կարթից հանելիս կարթը տանում է բերանը: Հենց այդ պահին նրան կանչում են, և այս հարևանը, հանկարծակիի գալով, կարթը կուլ է տալիս: Կարթը մնում է նրան կոկորդում, բայց կարթաթելը դուրսն է մնում, որովհետև տղամարդն այն ձեռքում էր պահում: Իհարկե, կարելի էր թելը ձգել, բայց գյուղացին վախենում էր, թե կարթն ավելի խորը կմտնի կոկորդի մեջ, և եթե այն կուլ տա, ապա կարթն իր ներքին օրգանները կքրքրի: Ահա այսպիսի անլուծելի խնդիր է ծագում՝ ծիծաղելու ու լաց լինելու բան է: Խեղճը վազում է հեքիմների մոտ, բայց նրանք հրաժարվում են օգնել, քանի որ հեքիմական գրքերում այդպիսի դեպքերի մասին չի գրված: Գյուղացին շատ է վախենում ու սկսում է դիմել անխտիր բոլորին: Այդ մասին իմանում է Գենը:

-Ես մի հնար գիտեմ, - ասում է նա եղբորը: - Գնա՛ հարևանի տուն ու արա այս ու այս բաները:

Եղբայրը գնում է տուժածի մոտ:

-Բե՛ր մարգարտահյուս կախիչներով լամպը:

Գյուղացին կատարեց հյուրի պահանջը: Եղբայրը հանեց բրնձի հատիկի մեծության մարգարտյա գնդիկները և սկսեց մեկը մյուսի հետևից շարել կարթաթելին՝ միաժամանակ դրանք հրելով կոկորդի մեջ, որպեսզի դրանք դեմ չառնեն կեռիկին: Գնդիկներին հուշիկ սեղմելը շարունակելով՝ Գենի եղբայրն սկսեց դանդաղ դուրս քաշել կարթաթելը: Այնուհետև նա այն ուժեղ ձգեց, որպեսզի կարթը մտնի գնդիկի անցքի մեջ: Ստացվե՛ց: Տուժածի կոկորդն անվնաս մնաց: Այդ ժամանակից ի վեր այդ հնարամտությանը դիմեցին փորձանքի մեջ ընկած շատ մարդիկ՝ ինչպես հիշյալ գյուղացին:

Այն բանից հետո, երբ կինն ամուսնացավ Գենի հետ, ևս մեկ պատմություն տեղի ունեցավ: Գենի եղբոր կինը մի անգամ ուզեց վերցնել դարակում դրված զամբյուղում գտնվող իր զգեստը: Նա զամբյուղից հանեց հագուստն ու զամբյուղն սկսեց հրել իր տեղը: Զամբյուղը ծանր էր, իսկ դարակը՝ բավականին բարձր: Մի խոսքով, երբ կինը զամբյուղն ավելի ուժեղ հրեց, նախաբազկում ինչ -որ բան չրթաց. ճիշտ է, նա կա կարողացավ զամբյուղը մի կերպ տեղը դնել, բայց ձեռքերն այլևս չկարողացավ իջեցնել: Փայտացած կանգնել է՝ ձեռքերը բարձրացրած ու չի կարողանում շարժվել: Հենց մի քիչ տեղից շարժվում է, ամբողջ մարմինն անտանելի ցավն է թրատում: Ամուսինը շփոթահար է, չգիտի՝ ինչ անի: Վազեց հեքիմների մոտ, հետո դիմեց փորձով իմաստացած ծերերին, բայց ոչ մեկը նրան չօգնեց, քանի որ ոչ մեկը չգիտեր, թե նման դեպքերում ինչ պետք է անել: Այդժամ դժբախտի ամուսինը դիմեց Գենին:

-Դու տրամաբանող կին ես, մի բան մտածիր, - խնդրեց նա:

-Դա հասարակից էլ հասարակ է, - պատասխանեց Գենը: - Միայն թե պետք է սկզբում կնոջդ լրիվ մերկացնել, որից հետո որևէ մեկը պետք է նրան սեղմրտի ու տրորի: Ընդ որում, նրա կողքին պետք է մեկ տասնյակ երիտասարդներ կանգնեն, որոնք պիտի նրան մի տեսակ ոգևորեն, տաքացնեն իրենց ներկայությամբ: Այդպիսի բուժումից հետո նրա ոսկորներն ու ջլերն իրենց տեղը կընկնեն: Բայց մի բանից եմ վախենում. նա, կտեսնես, կամաչի ու կհրաժարվի:

-Միայն թե առողջանա, - բացականչեց ամուսինը: - Հանուն առողջության կարելի է ամոթը մի կողմ դնել:

Նա անմիջապես կանչեց հորեղբայրներին ու ազգականներին ու կարգադրեց կանգնել կնոջ կողքին: Ակնթարթորեն նրա հագուստը հանեցին, ու նա մինչև գոտկատեղը մերկանդամ կանգնած էր: Ինչ-որ մեկը սկսեց նրան ուժեղ տրորել: Ոչ մի արդյունք: Դժբախտի ամուսինը նորից վազեց Գենի մոտ:

-Դուք միայն նրա ձեռքերն եք տրորել, իսկ դա օգուտ չի տա, քանի որ բոլոր չորս վերջույթները մեկ միասնություն են: Նրան պետք է լրիվ մերկացնել, հագից հանել ամեն ինչ, նույնիսկ գոտկատեղից ներքև գտնվող տակացուն ու ոտները մի լավ տրորել: Երաշխավորում եմ, դրանից հետո նա արագ կառողջանա:

Վերադառնալով տուն՝ ամուսինն ակնթարթորեն կնոջ հագից հանեց վերին շրջազգեստը, բայց դեռ նոր էր դիպել վարտիքին՝ գոտկատեղի հատվածում, երբ կինը ոռնաց.

-Թույլ չե՛մ տա:

Կինը տենդագին թափ առավ, ու նրա երկու ձեռքերն անմիջապես իջան ու մատները կառչեցին գոտուց:

-Շնորհավորո՛ւմ եմ: - Դռան շեմին հայտնվեց Գենը, որն այդ ամբողջ ժամանակ պատուհանի մոտ էր կանգնած: - Քանի որ հիվանդությունը չքացավ, վարտիքը կարելի է նաև չհանել:

Հետո պարզվեց, որ արական ոգու ներկայությամբ վերջույթները տրորելը եղել է նրա խորամանկ մտահղացումը: Նա հասկացել է, որ եթե կինը լրիվ մերկանում է, ապա մարդկանց ներկայությամբ նա, անշուշտ, ամաչում է ու, չնայած ցավին, սկսում է շարժվել, որի շնորհիվ նրա մարմնի բոլոր անդամները սովորական վիճակի են գալիս: Շատ նուրբ ու հնարամիտ ձև է՝ ամենափորձառու հեքիմին արժանի՛: Հասկանալի է, բոլոր նրանք, ովքեր այդտեղ էին, մի լավ ծիծաղեցին:

-Ա՛յ թե հունար է: Հեքիմական հունարից էլ լավը:

(շարունակելի)

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
221 | 0
to top