Տարածաշրջանը ՝ հրի բոցերում. Իրավաբանը դիմում է աշխարհի առաջադեմ մարդկությանը Արդեն երրորդ անգամ տապալվում են Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարների ջանքերով հայտարարված հրադադարն ու զինադադարը։ Չի հաջողվում կանգնեցնել Արցախին պարտադրված դաժան պատերազմը, քանի որ գործ ունենք ՄԱԿ-ի կանոնադրությունը, Ժնևյան բոլոր կոնվենցիաներն ու լրացուցիչ արձանագրությունները, միջազգային մարդասիրական իրավունքի այլ աղբյուրները կոպտորեն խախտող, ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարող, իր իսկ կողմից ստորագրված հանձնառություններն անտեսող պետության ղեկավարի հետ, ով, ապավինելով այլ երկրների և օտար ուժերի, փորձում է էթնիկ զտումներ, այսինքն՝ ցեղասպանական գործողություններ կատարել հազարավոր տարիներ իր Հայրենիքում ապրող Ղարաբաղի հայության նկատմամբ, իր դիկտատորական նկրտումները տարածել ժողովրդավարության կղզյակ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի նկատմամբ։ Անպատժելիությունը և հանդգնությունը հասել է այն աստիճանի, որ թշնամին խախտում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, սպառնում նրա ամբողջականությանը․․․ Հարավային Կովկասը թուրք-ադրբեջանական տանդեմի, վարձու ահաբեկիչների կողմից վերածվել է արյան ծովի․․․ Էրդողանը, որին Արևմուքի կողմից, իր անդամակցած ՆԱՏՕ-ի կողմից, կարծեք ներվում է ամեն ինչ, մեծացնում է իր ծավալապաշտական և հեռուն գնացող հավակնությունները։ Մեր հերոսական Բանակը մեկ ամսից ավելի համառ մարտերի գնով պաշտպանում է Հայոց Արցախ աշխարհը, միաժամանակ՝ պաշտպանելով մարդկայինի և բարձ արժեքների սահմանները, ահաբեկիչներից զերծ քաղաքակրթության բնագծերը։ Ավա՜ղ, զոհվում են մեր քաջարի երիտասարդներից, որոնք ունեին պայծառ երազանքներ, չիրականացված նպատակներ․․․ Խորին խոնարհում և խնկարկում նահատակ հերոսների սուրբ հիշատակի առաջ, խորին խոնարհում նրանց ծնողների և ընտանիքների ծանր վշտի առաջ։ Ընթերցելով, դիտելով և լսելով սահմանի ողջ երկայնքով մեր հայրենապահ և հայրենապաշտ երիտասարդների սխրանքների, մեր անպարտ Բանակի մտածված գործողությունների, Սփյուռքի կազմակերպած ակցիաների մասին, հոգիդ ուռչում է աննկարագրելի հուզմունքից․․․ Ցավի ու հպարտության, ազգային արժանապատվության զգացումները միախառնվում են, սեղմում կոկորդդ, և ի լուր բոլորի ուզում ես գոռալ՝ կա՛նգ առ, աշխա՛րհ, բռնի՛ր չարի ու ամբարիշտի ձեռքը, կանգնի՛ր ցեղասպանություն տեսած, բայց չցեղասպանված հայ բիբլիական ժողովրդի կողքին, որպեսզի կյանքի ու մահվան, բարու և չարի, լույսի և խավարի դաժան պայքարում հաղթեն կյանքն ու լինելիությունը, բարի լույսն ու խաղաղությունը, մարդասիրությունն ու քաղաքակրթությունը։ Հարյուր միլիոն բնակչություն ունեցող երկու՝ այսպես կոչված, եղբայրական երկրներ, նավթային դոլարներով կուտակելով սպառազինության ահռելի պաշարներ, դրանք օգտագործում են ոչ միայն ռազմադաշտում, այլ նաև ավերակների են վերածում քաղաքներն ու գյուղերը, վտանգում քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտները։ Հազարավոր մարդիկ /շուրջ 90 հազար/ լքել են իրենց տները։ Վիճակն օրհասական է․․․ Ես ավելի քան քսան տարի եղել եմ պառլամենտի անդամ, ընդգրկվել եմ միջազգային կառույցների հետ աշխատող Հայաստանի պառլամենտի պատվիրակությունների կազմում և լավ գիտեմ պառլամենտականների համախմբված ուժն ու հնարավորությունները՝ տարբեր միջազգային գործնթացների վրա ազդելու առումով։ Ուստի, դիմում եմ բարի կամքի տեր մարդկանց, պառլամենտականներին, իշխանություն ունեցող գործիչներին, միջազգային կառույցների ղեկավարներին և խնդրում ու հորդորում՝ կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել Թուրքիային և Ադրբեջանին զսպելու համար․ հապաղումի յուրաքանչյուր վայրկյան խլում է մարդկային կյանքեր։ Սոսկ ափսոսանք հայտնելը, պարտադրանք չբովանդակող կոչերը, հայտարարությունները, երկու կողմերի միջև հավասարության նշան դնելու փորձերն անիմաստ են․ դրանցով մարդկային կյանքեր չեն փրկվում։ Տարբեր երկրների /Ռուսատանի Դաշնության, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի/ պառլամենտականներ արդեն հանդես են եկել նախաձեռնություններով՝ ուղղված Թուրքիայի և Ադրբեջանի դեմ բանաձևեր, որոշումներ ընդունելուն, հիմնվելով տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունների վրա։ Կան քաղաքներ ու նահանգներ, որոնց իշխանությունները ճանաչել են Արցախի անկախությունը։ Ավստրալիայի Նոր Ուելս նահանգը երկու տարի առաջ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Եվ այս գործընթացը պետք է շարունակվի, քանզի միայն Արցախի ճանաչմամբ է հնարավոր կասեցնել արյունահեղությունը, կանխել թուրքական ավերիչ նկրտումները։ Փորձենք ամփոփ ներկայացնել, թե ինչ է իրականում կատարվում և հուսանք, որ որոշումներ ընդունող կառույցները քայլեր ձեռնարկելիս՝ հաշվի կառնեն նաև այս փաստերը։ Անհրաժեշտ է օգնել պետությունների գործադիր իշխանություններին՝ կիրառելու այնքան անհրաժեշտ սանկցիաներ, քանի որ․
Միաժամանակ, դիմում եմ բարի կամքի տեր մարդկանց և խնդրում՝ մեր համայնքների հետ համագործակցությամբ ազդել իրենց կառավարությունների վրա և արգելել զենքի վաճառքը ահաբեկչության օջախին։
Այս ողբերգությունն ու միջազգային հանցագործությունները հնարավոր է տեղի չունենային, եթե ժամանակին․
Արդարամտություն, ազատամտություն, բազմակարծություն, ժողովրդավարություն, հանդուրժողականություն՝ այս արժեքներն ու վեհ գաղափարները մեր ժողովրդի հավատամքն են, սակայն ժամանակին հայերը շատ թանկ են վճարել եվրոպական այս արժեքներին ու գաղափարներին դավանելու համար, քանզի դրանք խորթ, անհասկանալի ու անընդունելի էին թուրքական բռնապետերի համար, ուստի և լռեցվեցին ամենաբիրտ ու սահմռկեցուցիչ եղանակով՝ ցեղասպանությամբ: Դեռևս համիդյան կոտորածների ժամանակ թուրքերի էությունը և գործունեությունը դիպուկ է բնութագրել չորս անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետ դարձած Ուիլյամ Գլադսթոնը. «Թուրքերը ուր որ գնացին՝ արյան մի լայն հետք թողեցին իրենց հետևից, և որքան տարածվեց նրանց տիրապետությունը, այնքան անհետացավ քաղաքակրթությունը։ Ծառայել Հայաստանին՝ նշանակում է ծառայել քաղաքակրթությանը...» ։ Ցավում եմ, որ դեռ կան պետություններ, որոնք գնահատական չեն տվել 20-րդ դարի այս հրեշավոր եղեռնագործությանը՝ հայ ժողովրդի ցեղասպանությանն ու հայրենազրկմանը՝ գենոցիդին և պատրիոցիդին։
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ընթերցողներ, այսօր Արցախի ժողովուրդն ունի ազգերի ինքնորոշման միջազգային հիմնարար իրավունքը իրացնելու խնդիր: Աշխարհը վաղուց դատապարտել և չեղարկել է ստալինյան բոլոր որոշումները, սակայն Լեռնային Ղարաբաղի բռնակցման որոշումը, չգիտես ինչու, դեռևս ադրբեջանցիների համար ուժ ունի, և այդ է պատճառը, որ Ադրբեջանը շարունակում է իր հոխորտանքները: Սակայն, Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Հազարամյակների պատմություն, մշակույթ ունեցող Արցախ աշխարհում ապրող բնիկ ժողովրդին փորձում են նվաճել քոչվոր ցեղերից ձևավորված և ընդամենը հարյուր տարվա պատմություն ունեցող երկրները։ Եթե Բեռլինի պատի անկումն ազդարարեց Եվրոպայում բաժանարար գծերի վերացումը, ապա ինչու՞ դրանից տասնամյակներ անց հայկական հանրապետությունները շրջափակված են հարևան երկու պետությունների կողմից, որոնք սահմանափակում են մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Եթե Ադրբեջանը կարող է հպարտանալ իր միջազգային պարտավորությունները խախտելով, ռազմական հանցագործություններ կատարելով, հայկական մշակութային արժեքները ոչնչացնելով, նավթի ու գազի պաշարներով, տխրահռչակ ‹‹խավիարային›› դիվանագիտությամբ, Եվրոպայում կոռուպցիա ու կեղծիք տարածելով՝ դրանով իսկ անջնջելի սև բծեր թողնելով եվրոպական արժեքների վրա, ապա մեր հպարտության առարկան հայ մարդն է՝ իր հզոր ներուժով, մեր անգնահատելի կապիտալը հայ ժողովրդի զավակներն են, որոնք ցեղասպանության հետևանքով աշխարհասփյուռ են դարձել, հասել օվկիանոսից՝ օվկիանոս, մայրցամաքից՝ մայրցամաք, ձևավորել Հայկական Սփյուռք և իրենց առաջադեմ մտքով ու խաղաղ, ստեղծագործ աշխատանքով կենսահաստատ արժեքներ են արարում, գիտության, մշակույթի սքանչացնող լույս և ոգեղեն ուժ տարածում, ծառայում քաղաքակրթության զարգացմանն ու առաջընթացին: Դուք ականատես եք, թե Հայկական սփյուռքի բոլոր հատվածներն ինչպես են ալեկոծվում, ամեն օր իրենց բնակության վայրի իշխանություններից, լրատվության միջոցներից ճշմարտության բարձրաձայնում են պահանջում, արյունահեղության դադարեցում են տենչում, արդարություն են փափագում՝ իրենց խաղաղ ցույցերով, եռագույնով, քայլերթերով ու ավտոշարասյուններով, նստացույցերով, ելույթներով ու կոչերով, երգերով, սահմռկեցուցիչ, ‹‹աղաղակող›› լռությամբ ու գրառումներով․․․ Ուզում եմ հավատալ, որ հայ ժողովրդի արդարացի պահանջներին պիտի միանան օտարազգի արվեստագետներ ու գրողներ, քաղաքագետներ ու պառլամենտականներ, գիտնականներ ու մանկավարժներ, վերլուծաբաններ ու լրագրողներ։ Պիտի միանան երիտասարդներ ու համատեղ դատապարտեն Արցախի դեմ արյունահեղ պատերազմը, ձայն բարձրացնեն միջազգային տեռորիզմը հովանավորող, իրենց նենգ ու դավադիր նպատակների համար վարձկաններ օգտագործող թուրքական երկու ահաբեկիչ պետությունների դեմ։ Այս օրերին իրենց ճշմարիտ խոսքով, մարդկային և մասնագիտական բարձր որակներով պայքարի են ելել ռուս, ֆրանսիացի, ամերիկացի պառլամենտականներ, վերլուծաբաններ, հեռուստամեկնաբաններ, լրագրողներ, քաղաքագետներ, ում շնորհակալ ենք և երախտապարտ։ Արդարամիտ մարդիկ չեն կարող անտարբեր մնալ, լռել և իրենց լռությամբ խրախուսել ահաբեկչությունը։ Սիրելի՛ բարեկամ, որոշում կայացնող գործիչ, հասարակության, պառլամենտի անաչառ անդամներ, սփյուռքահայերը ձեր պետություններում ապրող բարեխիղճ և օրինապաշտ քաղաքացիներն են, ձեր ընկերները, բարեկամները, ձեր ընտրողները, ովքեր հավատում ու վստահում են ձեզ և մեծ ակնկալիք ունեն, որ դուք ձեր երկրների պառլամենտներում, այն միջազգային կազմակերպություններում, որտեղ անդամ եք, ամենատարբեր ատյաններում կնախաձեռնեք և կընդունեք արդարացի որոշումներ՝ հիմք ընդունելով հետևյալ անբեկանելի ճշմարտությունները․ 1․ Տարածաշրջանում հրե ճարակը կանգնեցնելու և վիճակը կայունացնելու միակ ուղին, փրկության ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է՝ հենվելով ազգերի ինքնորոշման հիմնարար իրավունքի վրա, որին համահունչ արդեն երեսուն տարի սահմանված կարգով՝ հանրաքվեով անկախացած Արցախը կառուցում է ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն։ 2․ Բոլոր ձևերով նպաստել հրադադարի ու զինադադարի հաստատմանը և արյունահեղության դադարեցմանը՝ վերադառնալով բանակցային գործընթացին։ 3․Սանկցիաներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ․
Հավատացած եմ, որ միայն համատեղ ուժերով, համալիր միջոցների ձեռնարկմանարդյունքում հնարավոր կլինի սանձել թուրք-ադրբեջանական-ահաբեկչական տանդեմի՝ տարածաշրջանին տիրելու և նորօսմանականության խելացնոր գաղափարներն իրականացնելու ձգտումները։ Հրանուշ Հակոբյան Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի խորհրդարանի նախկին անդամ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ սփյուռքի նախկին (հիմնադիր) նախարար, Հայ կանանց միության նախագահ Նիդ.օրագրի կողմից.- Հոդվածում հեղինակի կողմից բարձրացված հարցերն ու դիտարկումները, կամ դրա մի մասը, տեղին են ներկայացնելու տեղի հասարակայնության, հասարակական, քաղաքական գործիչների, խորհրդականների ուշադրությանը: |