MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
Բյուզանդական կայսրությունը հայոց Բագրատունի թագավորներին երբեք «թագավոր» չի համարել. համառոտ անդրադարձ Բագրատունի թագավորների տիտղոսին
22:24, 02.11.2020
3101 | 0

Աշոտ Բագրատունի իշխանաց իշխանին, նախքան պաշտոնապես թագավոր օծվելը (885 թ.) , Հայաստանում թագավոր են համարել, իսկ նրա կնոջը Գառնիի 879 թվականի արձանագությունը «Կատրանիդե Հայոց թագուհի» է կոչել:

Աբբասյան տոհմի խալիֆ Մութամիդը ստիպված է եղել ընդառաջել հայ նախարարների և Հայոց կաթողիկոս Գևորգ Գառնեցու առաջարկին և Աշոտ Բագրատունուն, ինչպես գրում է Հայոց կաթողիկոս և պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին, «թագ թագավորական…և այլ ևս զգեստ թագավորական և պարգևս և պատիվս» է ուղարկել՝ իշխանաց իշխանին ճանաչելով որպես Հայոց թագավոր:

Արաբներն Աշոտ Առաջինին և նրա հաջորդներին «Մալիք ալ Արման» են կոչել, որը բառացիորեն համապատասխանում է հայերենի «թագավոր» տիտղոսին:

Մինչդեռ Բյուզանդական կայսրությունը, ըստ էության, շարունակ հրաժարվել է ընդունել «Հայոց թագավոր» տիտղոսը: Չցանկանալով այս տխուր և վիրավորական փաստն արձանագրել՝ Հովհաննես Դրասխանակերտցին անորոշ ձևով նշել է, թե հունաց (այսինքն՝ Բյուզանդիայի) Բարսեղ կայսրը մտերմական հարաբերություններ հաստատեց Աշոտ Բագրատունու հետ՝ նրան կոչելով «որդի սիրելի»: Հետագայում Վարդան Արևելցի պատմիչը (13-րդ դար) մի հորինվածք է հրամցրել ընթերցողներին, թե Վասիլ կայսրը, հիշելով իր Արշակունի լինելը, Նիկիտ անունով ներքինուն ուղարկել է Աշոտ Բագարատունու մոտ՝ խնդրելով, որ նա, որպես Արշակունիների երբեմնի թագադիր ասպետ, իրեն թագադրի:

Բյուզանդական սկզբնաղբյուրներից որևէ մեկում, ինչպես պարզել են պատմաբանները, չկա հիշատակություն այն մասին, որ կայսրությունը հայոց Բագրատունի միապետներին պաշտոնապես «թագավոր» է կոչել, թեև Բագրատունիներին սիրաշահելու քաղաքականությունից չի հրաժարվել: Կոստանդին Ծիրանածին կայսրն Աշոտ Առաջինին և Սմբատ Առաջինին «իշխանաց իշխան» է անվանել:

Հովհաննես Դրասխանակերտցին, արձանագրելով Բագրատունի թագավորներին դիմելու՝ Բյուզանդիայում պաշտոնապես ընդունված ձևը, նրանց հստակորեն անվանել է «իշխանաց իշխան Հայոց Մեծաց», այսինքն՝ այն նույն տիտղոսը, որը կրել են Բագրատունիները Բագարատ Բագրատունու և նրա հաջորդների ժամանակ: Այս վերաբերմունքի պատճառը, թերևս, այն է, որ բյուզանդական արքունիքի հասկացողությամբ քրիստոնյա աշխարհում և մանավանդ արևելքում թագավոր կարող էր կոչվել միայն իրենց կայսրը:

Խալիֆայությունն Աշոտ Բագրատունուն ամբողջ Արմինիայի (այս վարչական միավորի մեջ մտել են Հայաստանը, Վիրքը և Աղվանքը) թագավոր է ճանաչվել ճիշտ այնպես, ինչպես իշխանաց իշխանի իրավասությունն է տարածվել ամբողջ «Արմինիա» վարչական միավորի վրա: Հենց այս առումով է, որ հայկական վիմագիր արձանագրություններում հայոց թագավորները կոչվել են «թագավոր Հայոց և Վրաց»:

«Թագավոր Հայոց և Վրաց» ձևն առկա է նաև արաբ պատմիչ Իբն Զաֆիրի՝ Հայաստանի մասին հիշատակություններում («Մալիք Արմինիա ուա Ջուրզան» ՝ «Թագավոր Հայաստանի և Վրաստանի»): Մեկ ուրիշ արաբ պատմիչ Աշոտ 3-րդ Ողորմած թագավորի մասին գրել է. «Վրաստան նահանգի և Արմինիայի այլ մասերի վրա կար մի թագավոր, որի անունն էր Աշոտ որդի Աբբասի (Աշութ իբն ալ Աբբաս) և կրում էր «շահնշահ» տիտղոսը»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
222 | 0
to top