MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Tomorrow:+16 °C
Բաբելոնյան աշտարակաշինությունը
20:58, 28.12.2020
8814 | 0

«Այն ժամանակ ողջ երկիրը մեկ լեզվով, մեկ բարբառով էր խոսում։ Արևելքից տեղաշարժվելու ժամանակ նրանք Սենաար երկրում մի դաշտ գտան և բնակվեցին այնտեղ։ Նրանք միմյանց դիմելով՝ ասացին. «Եկեք աղյուս շինենք ու այն թրծենք կրակով» ։ Աղյուսը նրանց համար ծառայեց իբրև քար, իսկ կուպրը՝ իբրև շաղախ։ Նրանք ասացին. «Եկեք մեզ համար քաղաք կառուցենք և աշտարակ, որի գագաթը հասնի մինչև երկինք։ Համբավ ձեռք բերենք ողջ աշխարհով մէկ սփռվելուց առաջ» ։ Տերն իջավ, որպեսզի տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները։ Տերն ասաց. «Սրանք մէկ ժողովուրդ են, ունեն մեկ լեզու և սկսել են այդ գործն անել։ Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են։ Արի իջնենք և խառնենք նրանց լեզուն այնպես, որ ոչ մէկը չհասկանա իր ընկերոջ ասածը» ։ Տեր Աստված այնտեղից նրանց սփռեց աշխարհով մէկ, և նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց։ Դրա համար այն կոչվեց «Խառնակություն» («Բաբելոն»), որովհետև Տեր Աստված այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները և այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով մեկ (Ծննդոց 11, 1-9) ։

Որոշ աստվածաբաններ ինքնագոհ վստահությամբ պնդել են, թե բաբելոնյան աշտարակն Աստծու կողմից ավերվելու պահին 1, 5 կիլոմետր բարձրություն է ունեցել, այսինքն այն տասն անգամ բարձր է եղել Քեոփսի բուրգից: Բայց բուրգերը պահպանվել են, իսկ այն վիթխարի շինությունից, որին «Բաբելոնի աշտարակ» անունն են տվել, ոչինչ չի մնացել: 1500 մետր բարձրության աշտարակը պիտի անպայման ունենար աներևակայելի մեծության հիմք: Այդ դեպքում ինչպե՞ս կարող է լիովին անհետանալ այդպիսի վիթխարի կառույցը:

Բացի այդ, եթե ըստ Ծննդոց գրքի տոհմագրության հաշվենք, թե մոտավորապես որքան մարդ է ապրելիս եղել այդ ժամանակ, ապա պիտի եզրակացնենք, որ աշտարակը կառուցելիս չէր կարող լինել ո՛չ բավարար քանակությամբ մարդ, ո՛չ էլ շինարարական այնպիսի զարգացածության արվեստ, որ ապահովեր այդ բարձրության շինության կառուցումը: Եթե Աստված նրանց օգնելիս լիներ, ապա միգուցե կարելի կլիներ հավատալ հրաշքի, բայց քանի որ Աստված ոչ միայն չի օգնել, այլև խանգարել է, ապա տվյալ ժամանակաշրջանի մարդիկ չէին կարող այդպիսի աշտարակ կառուցել:

Այս պատումի մյուս հրաշքը բազում լեզուների ու բարբառների առաջացումն է: «Մեկնաբանները, - գերել է ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերը, - փորձել են պարզել, թե ինչ լեզուներ են ծնունդ առել ժողովուրդների այս սփռումից, բայց նրանք երբեք ուշադրություն չեն դարձրել Հնդկաստանից մինչև Ճապոնիա ընկած վիթխարի տարածքում ապրող ժողովուրդների հին լեզուներից գոնե որևէ մեկին: Հետաքրքիր կլիներ հաշվել, թե հիմա երկրագնդի վրա այժմ մարդիկ քանի բարբառով են խոսում: Մենք գիտենք, որ Ամերիկայում 300 բարբառով խոսողներ կան, մեր մայրցամաքում՝ 3000: Չինական յուրաքանչյուր երկրամաս ունի իր տեղային լեզուն: Պեկինի բնակչությունը դժվար է հասկանում Կանտոնի բնակիչներին, Մալբարի ափերի հինդուսները չեն հասկանում Բենարեսի հինդուսներին: Ի դեպ, երկրի ամբողջ բնակչությունը չի էլ լսել «Բաբելոնի աշտարակ» -ի գոյության մասին: Այդ մասին իմացել են միայն հին հրեաների գրողները»:

Անասելի զարմանք է հարուցում այն փաստը, որ մարդկության առաջացման հիմքում Աստվածաշնչի դրած «պատմական մեծ իրադարձությունները» բոլոր ժողովուրդներին բացարձակապես անհայտ են եղել: Դեռ մի կերպ հասկանալի է, եթե հույները, հռոմեացիները, եգիպտացիները, պարսիկները, հնդիկները, չինացիները ոչինչ չեն իմացել աստվածաշնչական Գեդեոնի, Սամսոնի, Սողոմոնի, Հռութի կամ զուտ հրեական մեկ այլ հերոսի մասին, բայց, բայց եթե ժողովուրդներին հայտնի չի եղել նույնիսկ Ադամի ու Նոյի անունը, դա արդեն ամեն ինչ ասում է:

Եթե բիբլիական ջրհեղեղը ոչնչացրել է երկրային ամեն ինչ, և Նոյը հանդիսացել է մարդկային ցեղի վերականգնողը, ապա այդ նահապետը պիտի անպայման հայտնի լիներ բոլոր ժողովուրդների պատմիչներին: Մի՞թե հնարավոր է, որ Ադամի ու Եվայի, Կայենի ու Աբելի, Ենոքի, Նոյի, Սեմի, Քամի, Հաբեթի անունները գրանցված լինեն պարզունակ մշակութի ժողովրդի՝ փոքրաթիվ հրեա ժողովրդի գրքերում, բայց հին ու ավելի քաղաքակիրթ ժողովուրդների մագաղաթներում տեղ չգտնեն: Երբ ջրհեղեղից հետո ծնված ու աշխարհով մեկ սփռված մարդիկ նոր ժողովուրդների սկիզբն են դրել, որքան էլ տարօրինակ է, ամեն ինչ մոռացել են. մոռացել են, թե աստված ինչպես է արարել երկինքն ու երկիրը ու թե ինչպես են առաջին մարդիկ ապրել դրախտում: Այդ ամենը միայն հրեաներն են հիշել, ու մյուս ժողովուրդները նրանցից են ստացել հինկտակարանային հեքիաթները: Նույնիսկ առաջին խաղողագործի ու գինեգործի համբավը նրա անունը չի անմահացրել մյուս ժողովուրդների հիշողության մեջ, և օրինակ, հույները գինու գյուտարար են համարել Բաքոսին:

Զարմանալի է, որ Հեսիոդոսն ու Հոմերոսը ոչ մի բառ չեն ասել և՛ Ադամի, և՛ Նոյի մասին, այն դեպքում, երբ, ըստ Աստվածաշնչի, առաջինը եղել է մարդկային ցեղի հայրը, իսկ մյուսը՝ փրկիչը:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
157 | 0
to top