MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Tomorrow:+19 °C
Քրիստոսի խաչը խորհրդանշող եղևնին
23:48, 02.01.2021
4855 | 0

Միջնադարում կատարվող խորհրդածեսերի ընթացքում ներկայացվել է նաև Ադամի և Եվայի պատմությունը: Դեկտեմբեր ամսվա վերջում պտուղներով ծանրաբեռ խնձորենի գտնելու անհնարինության պատճառով խորհրդածեսի կազմակերպիչներն ստիպված են եղել խնձորենին փոխարինել եղևնիով: Դրախտի այս ծառը խորհրդանշել է Փրկչի խաչը, այն Փրկչի, որի մարդեղացմամբ փրկվել է մարդկությունը: Քանի որ եղևնու փշատերևը երբեք չի թափվում, այն դարձել է նաև կյանքի վերածննդի ու անմահության խորհրդանիշ:

Դրախի համատարած կանաչի մեջ երկու ծառ են առանձնացել. «1Տեր Աստված պատվիրեց Ադամին ու ասաց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտութեան ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» »:

Բարու գիտության ծառ խորհրդանշել է Աստծո փառքը և, բնականաբար, կյանքը, այսինքն՝ անմահությունը: Երկրորդ ծառի պտուղը շատ վտանգավոր է, որովհետև արգելված է Աստծո կողմից: Այս պտղի մեջ մեծ որդ կա, կամ, ավելի ճիշտ, օձ, որը խելքահան է անում Եվային, և նա գայթակղվում է:

Աստված զայրանում է ու առաջին մարդկանց վտարում է Եդեմից: Բայց մի քանի սերունդ հետո ծառը քավում է իր մեղքը՝ ջրհեղեղի ժամանակ դառնալով մարդու փրկության միջոց՝ տապան: Հետո աղավնին ձիթենու ճյուղ է բերում՝ ի նշան փորձության ավարտի:

Դրանից հետո Լիբանանի մայրու փայտով զարդարվում է Երուսաղեմի տաճարի ներսը: Մինչ այդ եղեգնափայտը պահապան օրորոց էր ծառայել գետը նետված մանուկ Մովսեսին:

Ծառը նաև ապաստարան է ծառայել Աբրահամին, որը Հեբրոնում, Մամբրեի կաղնիների տակ արժանացել է Աստծու այցելությանը, որպեսզի ուսուցանի պտղավորել Սառային: Աստված Մովսեսին այրվող թփի միջից է կարգադրել իր ժողովրդին Եգիպտոսից հանել:

Հետևաբար, ծառը մարդու պահապանն է, դաշնակիցը և նույնիսկ ընդօրինակման աղբյուրը, քանի որ սաղմոսը մեզ հետևյալն է հիշեցնում.

«Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և հանցագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից և գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատվիրանների մասին։ Նա նման է ջրերի հոսանքի վրա տնկված ծառի, որն իր պտուղը ժամանակին կտա, իսկ նրա տերևը չի թափվի, ու ամեն բան, ինչ էլ որ անի, կհաջողվի նրան» (Սաղմոս 1, 1-3):

Սակայն պատմությունը վկայում է, որ Ֆրանսիայի Ստորին Հռենոս գավառի Սելեստա քաղաքում է 16-րդ դարում ծնունդ առել Սուրբ Ծննդյան տոնին եղեևնի զարդարելու ավանդույթը: Նորամուծությունը վարակիչ է եղել, և մարդիկ սկսել են մասսայաբար հատել շրջակա եղևնիները: Իշխանությունները ստիպված են եղել հատուկ որոշմամբ արգելել դա: Բողոքականություն դավանող Գերմանիայում, սակայն, թույլատրվել է եղևնու հատումը: Միայն 1837 թվականին է եղևնի զարդարելու սովորույթը վերադարձել Ֆրանսիա, երբ Լուի-Ֆիլիպ թագավորի՝ ծագումով գերմանացի հարսը Թյուիլրի պալատի դիմաց եղևնի է կանգնեցրել:

Միջնադարում առաջին եղևնիները զարդարել են թղթից պատրաստված ծաղիկներով, թարմ ու չորացված մրգերով ու առատության խորհրդանշաններով՝ որպես հիշեցում երկրային դրախտի և բարու ու չարի գիտության ծառի մասին: Ավելի ուշ շրջանում եղևնին սկսել են զարդարել մոմերով, որոնք խորհրդանշել են մարդեղացած Փրկչին, որը հաղթել է մեղքի խավարին: Մոմի բոցը խորհրդանշել գիշերային խավարը ցրած Բեթղեհեմի աստղը՝ ինչպես բոլոր մարդկանց հավատի լույսը բերած Հիսուսը:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
213 | 0
to top