MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
Ստալինի մուրազը փորում է մնացել
23:48, 07.05.2021
1694 | 0

1940 թվականի նոյեմբերի 12 – 13-ի բեռլինյան բանակցությունների արդյունքներից Մոլոտովն զգացել է, որ ինչ-որ բան այնպես չէ և Ստալինին հիասթափություն պարունակող հետևյալ հեռագիրն է ուղարկել.

«Այսօր՝ նոյեմբերի 13-ին, 3, 5 -ժամյա ու նաև հետճաշյա զրույց տեղի ունեցավ Հիտլերի հետ և երեքժամյա զրույց Ռիբենտրոպի հետ: Առայժմ այդ զրույցների մասին կարճ եմ հաղորդում: Մանրամասները՝ հետո: Երկու զրույցն էլ ցանկալի արդյունքներ չտվեցին…Պարծենալու բան չկա, բայց գոնե բացահայտեցի Հիտլերի ներկայիս տրամադրությունը, որը ստիպված ենք հաշվի առնել»:

Կարծես թե, իրավիճակը հստակ է՝ Եռյակ դաշինքին ԽՍՀՄ-ի միանալու և Առանցքի երկրների հետ համատեղ աշխարհի բաժանման հարցը փակված է: Բայց Ստալինն այդ կարծիքին չէ, առավել ևս, որ Եռյակ դաշինքի կազմն ընդլայնվել է: 1940 թվականի նոյեմբերի 20-ին դաշինքին է միացել Հունգարիան, նոյեմբերի 23-ին՝ Ռումինիան, նոյեմբերի 24-ին՝ Սլովակիան:

1940 թվականի նոյեմբերի 25-ին, երբ դաշինքի անդամների թիվը հասել է վեցի, Մոլոտովը Շուլենբուրգի միջոցով Բեռլինին է փոխանցել ԽՍՀՄ համաձայնությունը դաշինքին մասնակցության մասին: Նոյեմբերի 9-ի ստալինյան հանձնարարականների երեք տասնյակ հարցումները սկզբում սեղմվել են, սեղմվել՝ հասցվել են չորսի. թողնվել են Կրեմլի համար ամենաանհրաժեշտները՝ Ֆինլանդիան, նեղուցները, Պարսից ծոցը և ճապոնական կոնցեսիաները Սախալինում: Դրանց էությունը պիտի շարադրվեր լրացուցիչ գաղտնի արձանագրություններում:

Ստալինն այնքան վստահ է եղել Գերմանիայի կողմից իր պայմանների ընդունման հարցում, որ, չսպասելով Հիտլերի պատասխանին, նույն օրը՝ նոյեմբերի 25-ին, սկսել է երկու օպերացիա՝ ենթադրելով, թե ԽՍՀՄ-ը արդեն դե-ֆակտո դարձել է Եռյակ դաշինքի անդամ: Նույն օրը ստորագրվել է Պաշտպանության ժողկոմխորհին և Կարմիր բանակի Գլխավոր շտաբին ու Լենինգրադի ռազմական օկրուգի հրամանատարությանը տրված հանձնարարականը Հյուսիսային և Հյուսիս-արևմտյան ճակատներում զորքերի ծավալման մասին՝ Ֆինլանդիայի դեմ նոր ձմեռային պատերազմ սկսելու համար՝ այդ երկիրը վերջնականապես ջախջախելու և զավթելու նպատակով: Նույն օրը բարձրակետին է հասել «բուլղարական գործողությունը», այն է՝ Բուլղարիայից պահանջվել է ընդունել ԽՍՀՄ «երաշխիքները»:

Մոլոտովը մի քանի անգամ հետաքրքրվել է, թե երբ է ստացվելու պատասխանը: 1941 թվականի հունվարի 17-ին Շուլենբուրգի հետ զրույցում Մոլոտովն անհամբերությունից պայթել է.

«Ընկ. Մոլոտովն իր զարմանքն է հայտնում այն վիճակի առումով, որ ստեղծվել է Բեռլին կատարած իր ուղևորությունից հետո: Ռմբապաստարանում Ռիբենտրոպի հետ վերջին զրույցի ընթացքում, որին ներկա է եղել նաև դեսպանը, Ռիբենտրոպը մի քանի առաջարկություն արեց, որոնք ընկ. Մոլոտովը հանձնել է խորհրդային կառավարության քննարկմանը: Այդ առաջարկներին խորհրդային կառավարությունը նոյեմբերի 25-ին պատասխան է տվել: Այդ ժամանակից ի վեր, շարունակում է ընկ. Մոլոտովը, արդեն երկու ամիս է անցել, բայց գերմանական կառավարության կողմից պատասխան չի ստացվել: Խորհրդային կառավարությունը ձևակերպել է իր տեսակետը և սպասել է, որ գերմանական կառավարությունը դրան կարձագանքի, բայց մինչև այժմ գերմանական կողմից պատասխան չկա: Ընկ. Մոլոտովն ասում է, թե իրեն զարմացնում է, որ խորհրդային կառավարության հայտարարությանը պատասխան չկա:

Շուլենբուրգը պատասխանում է, թե, ինքնին հասկանալի է, որ ինքը ժամանակին անմիջապես Բեռլին է փոխանցել խորհրդային կառավարության տեսակետը, բայց պատասխանի բացակայությունն իրեն առանձնապես չի զարմացնում: Նրա կարծիքով՝ դա բացատրվում է խորհրդային կառավարության հայտարարության բնույթով, որին պատասխանելու համար նախ անհրաժեշտ է բանակցություններ Ճապոնիայի և Իտալիայի հետ: Բայց պատասխանի անհրաժեշտության մասին նա խոստանում է Բեռլինին հիշեցնել:

Ընկ. Մոլոտովը հայտարարում է, թե, մյուս կողմից, ինքը պետք է արձանագրի, որ խորհրդային կառավարության պատասխանում բարձրացված հարցերը դրվել են Ռիբենտրոպի առաջարկների առնչությամբ և հանդիսանում են այն հարցերը, որոնց ընկ. Մոլոտովն անդրադարձել է Բեռլինում Հիտլերի և Ռիբենտրոպի հետ բանակցություններում: Այդ հարցերը խորհրդային կառավարության կողմից տրվել են, քանի որ գերմանական կառավարությունը խնդրել է արտահայտել մեր տեսակետը: Ընկ. Մոլոտովն ասում է, թե իրեն զարմացնում է այն անհասկանալի վարվելակերպը, որի արդյունքում խորհրդային կառավարության հայտարարությանը ոչ մի պատասխան չկա, իսկ իրադարձությունները ծավալվում են իրենց կարգով: Անցել է երկու ամիս: Թվում է, թե կարելի կլիներ ընտրել մեկ այլ տարբերակ խորհրդային կառավարության հայտարարության ճակատագրի մասին հաղորդելու համար»:

(շարունակելի)

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
221 | 0
to top