MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
«Յուրաքանչյուր արաբ, պատահելով դաշտում քնած որևէ հայի, պարտավոր էր կանգնել նրա մոտ և իր հանդերձի փեշով ստվեր անել նրան…»
22:31, 23.07.2021
3004 | 0

Նախորդ հոդվածում ներկայացված ժողովրդական պատումի և էլի մի քանի ավանդազրույցների վրա ազդեցություն են գործել այն հասարակական շարժումները, որոնք տեղի էին ունեցել 8-րդ դարի առաջին քառորդի Հայաստանում: Արաբական զորքերի աջակցությամբ հայոց եկեղեցու թշնամիների դեմ կռվելու մասին ավանդազրույցները պահպանված են նաև հետագա դարերի գրավոր աղբյուրներում: Հայերի և արաբների համատեղ գործողությունները, ըստ 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցու, այնքան հուժկու են եղել, որ հույները, թողներով իրենց գանձերն ու ամբողջ ունեցվածքը, գլխապատառ փախել են Հայաստանից: 8-րդ դարի առաջին կեսի մի քանի տասնամյակներին կրոնական հենքի վրա ձևավորվել է մի շատ հազվադեպ երևույթ՝ հայ-արաբական այնպիսի սերտ զինակցություն, որ նույնիսկ հետք է թողել ժողովրդական բանահյուսության մեջ: Այն հեռավոր ժամանակներում ըստ երևույթին այնքան հստակեցված են եղել հայերի ու արաբների հարաբերությունները, որ «Յուրաքանչյուր արաբ, պատահելով դաշտում քնած որևէ հայի, պարտավոր էր կանգնել նրա մոտ և իր հանդերձի փեշով ստվեր անել նրան այնքան ժամանակ, մինչև որ նա արթնանար, որպեսզի արևի ճառագայթները չվնասեին քնած հային: Իսկ դրա փոխարեն հայը, ճանապարհին պատահելով արաբին, պարտավոր էր, ի պատիվ և ի հարգանք արաբական ցեղի, դուրս գալ ճանապարհից, զիջել ճանապարհը՝ թույլ տալով, որ արաբը հանգիստ անցնի»:

Արաբական խալիֆայության մայրաքաղաք Բաղդադի փողոցներում անչափ շատ են եղել կամավոր և ակամա հայ այցելուները: Դրանք գերիներ էին, պատանդներ կամ իրենց գործերով արքունիք գնացողներ: Շատերը երկար ժամանակ մնացել են շքեղ մայրաքաղաքում, համակվել են արաբական ճոխության հմայքով և երբ վերադարձել են հայրենիք, իրենց հետ բերել են տիրող ազգի նիստ ու կացի, բարքերի, ամբողջ արաբական քաղաքակրթության ազդեցությունը: Այս շփումները տասնամյակների ընթացքում այնքան են մաշեցրել հայերի ու արաբների միջև անջրպետները, որ նրանց միջև տեղի են ունեցել ամուսնություններ, իսկ արաբական անուններ կրելը հատկապես հայ բարձր հասարակությունում բարեկրթության դրսևորում է համարվել: Արաբական ազդեցությունը շատ ուժեղ է եղել զգեստների ձևի և տարազի վրա:

Նկարում՝ Գագիկ Ա Բագրատունին արաբական տարազով:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
222 | 0
to top