MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Tomorrow:+11 °C
Կոտրված սիրտը կամ Մեկ համբույրի գին
21:20, 03.09.2021
2593 | 0


Գլուխը կախ, մարմինը կոր մի էլեկտրական սյուն էր փողոցում, որը սպասում էր թե երբ են աստղերը քուն մտնելու, որ ինքն ինչ որ տեղ իրեն աստղ զգա, գոնե այդ նրբանցքում:


Սյան սիրտը՝ էլետրալամպը, իրեն սպառել էր վաղուց, բայց դեռ պայքարում էր կիսաուժով, հասկացնելով, որ դեռ ապրում է…

Դիմացի շենքի պատի աղյուսներից մեկը, որը հազիվ էր կախված մնում պատից ուշադիր նայում էր էլեկտրական սյան կախված գլխին, փորձ էր անում տեսնել նրա խամրած աչքերը, որոնք իր համար մի ամբողջ լույս էին…

- Մի տխրիր, գլուխդ բարձր, քեզնից լուսավորը չկա, - աղյուսի մի կերպ արտասանած բառերը սյանը ոչինչ չասացին:


Ծերանալը տխուր փաստ էր, գուցե և ցավոտ ու ցավի մեջ փորձ էր ինքնահաստատումը պահելու:

Վերջապես աստղերը հոգնեցին ու իրենց հնգաթև ձեռքերով փակեցին աչքերը:

Սյանը տրված էր կատարելու իր վերջին փորձերից մեկը մնալու ու իր լույսով գետնին, դիմացի շենքի պատերին, պատուհաններին նկարելու իր հերթական, վաղուց արդեն սովորական դարձած լույսի նկարները…

Իր ծերանալու հետ հմտացել էին նրա լուսա-մատները, որոնք ավելի ցայտուն ու առավելագույնս էին օգտագործում իրեն հատկացված մութ տարածքի նկարներում արտահայտելու իր առաքելությունը…

Նրա լույսի շողերից մեկը՝ ամենահամառը, սահում էր գետնից դանդաղ ու վստահ բարձրանում պատի վրայով, հասնում երկրորդ հարկի պատուհաններին ու արդեն անկարող ավելի բարձրանալու մահանում էր պատուհանագոգին…

Մնացած շողերն էլ արդեն վերջին շնչում փորձում էին հիշողության օգնությամբ լուսավորել իրենց հատկացված տարածքը…

Լուսավորված, ցեմենտի ու ավազի հին խառնուրդով իրար արդեն մի կերպ գրկած շենքի պատի աղյուսները շշնջում էին…

- Հիանալի՜ է, դու գեղեցիկ ես ինչպես միշտ, ստեղծագործ ու՜…

Շողերից մեկը, մի առանձին, կարծես մայրական սիրով էր ողողել շենքի միակ շքամուտքը:


Օրը չորեքշաբթի էր ու կիսաօր - կեսգիշեր…

Քամին էլ հոգնած էր, անտրամադիր…

Ծառերն էլ կարծես ի միջիայլոց էին պարում, դանդաղ շարժելով իրենց վերջույթները…

Շենքի քարերից մեկից մի ափաչափ քար պոկվեց ու ընկավ գետնին…

Շենքը, որն իր ցանկացած քար համարում էր որպես իր զավակը, շքամուտքի բերանով ցավից շշնջաց.

- Ա՜խ…

Էլետրասյունը իր շողերից մեկը ուղղեց ընկած քարակտորը, շոյեց, լուսավորեց նրա սահմանափակ տարածքը…

- Շնորհակա՜լ եմ…

Սյունը ժպտաց, քարակտորի վրա ավելացրեց ևս մի քանի շող…

Շքամուտքի դեմքը պայծառացավ ու այդ պահին երևացին երկու ստվեր…


Ստվերները համբուրվում էին շքամուտքում ու լույսի ավելանալուն հետ ակամա ետ քաշվեցին:

Աղջկա ձեռքը ետ մղեց տղամարդու դեմքը:

- Ի՞նչ ես անում, կտեսնեն:

- Թո՛ղ տեսնեն, համ էլ այս ժամին մարդ չկա:

- Ո՛չ, չե՛մ ուզում, - աղջիկը տղամարդու ձեռքերը հեռացրեց կոնքերից:

- Բայց ի՞նչ եղավ, քեզ ի՞նչն է խանգարում, ասա՛:

Աղջիկը մատով ցույց տվեց սյանը:

- Լույսը, ինչո՞ւ պայծառացավ, ատո՛ւմ եմ լույսը:

Շենքի շքամուտքը վախի զարմանքով փակեց բերանը:

Սյունը, որ մինչ այդ պահը իր լուսավորությունը համարել էր աստվածային ներկայություն, մի պահ դողաց ու ամաչեց իր զառամյալ գոյությունից.

«Ես ապրե՜լ եմ, լուսավորե՜լ, պարզվում է, որ ատելի եմ եղել ու դրա մասին իմանում եմ այսքան տարիներ անց:

Ինչո՞ւ մինչև հիմա չեմ զգացել իմ ավելորդությունը:

Ա՜խ…»


- Ատո՞ւմ ես, լույսը, հիմա սիրելիս, մի անհանգստացիր:

Տղամարդու ստվերը սողաց շքամուտքից դուրս, մոտեցավ ընկած քարակտորին, վերցրեց, նայեց նրան, բարձրացրեց գլխից վերև ու հարվածեց սյան էլեկտրալամպին…


… Էլետրասյունը իր կոտրված սրտով, առանց լուսավորման նայում էր զավակին կորցրած շենքի մթության մեջ լաց լինող աչքերին, կարոտում իր կոտրված սրտին, որն ընդամենը մեկ համբույրի գին ուներ…


Ս.Ումառ-Հարությունյան

The article published in the Spokesperson project.
Share with friends
Ստեփան Ումառ-Հարությունյան
14:27, 06.03.2024
198 | 0
00:16, 29.01.2024
320 | 0
22:42, 16.01.2024
257 | 0
21:28, 15.01.2024
275 | 0
13:30, 09.01.2024
378 | 0
13:16, 30.12.2023
387 | 0
12:50, 21.12.2023
355 | 0
21:14, 19.11.2023
354 | 0
23:34, 23.10.2023
385 | 0
10:18, 11.10.2023
392 | 0
21:34, 19.09.2023
744 | 0
to top