МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Завтра+19 °C
Հայկանուշ Մառք. բանաստեղծություններ
13:01, 02.10.2022
1401 | 0

Monday, 12 September 2022

Հայկանուշ Մառք. բանաստեղծություններ


Երգել ազատ մեր պանծալի Հայրենին,
Ազատ է նա՝ ազատ եւ իւր կուսանին:
Անհունություն մը կա իմ մեջս անծանոթ,
Որուն հոգվույս նեղ պատյանը չի բավեր.
Կբեկբեկի, կճմլվի, կարյունի,
Կփշրվի, ինչպես ամպե նուրբ անոթ,
Իր մեջ մըղված խեռ պայքարեն կարեվեր.
Բայց այդ անեղ մրրիկներուն պետք ունի:
Եթերին մեջ, ուր օդ չըկա,
Հոգիս իսպառ կանշարժանա:
Հանգի՛ր, անուն քո լիցի յօդ միութեան:
Հանգի՛ր, յուշ քո կեցցէ ցորչափ աղնիւն և լաւն,
Ցորչափ հանճարըն պաշտեսցի, հանգի՛ր Ոգի՛:
Տգիտութեան ձեր շղթաներ գամ լուծել,
Փափուկ մատանցդ վարդից չարեր բոլորել,
Համր լեզուացդ ազդեմ ջերմիկ եղանակ,
Եւ ձեր քմաց քաղցր ուսման տամ ճաշակ։
Բազուկ հզօր կապել թեւոցդ յաղթական,
Թռել, ճախրել դէպի յազատն այն սահման,
Հապա՜ կուսանք յառաջացէ՛ք մէկ սրտով,
Ազատութիւն Արդ զրկեցէք եւ հոգւով։
------------------------------------------------

Օտարացում
Երա՜զս, երբեմն կը տանին
քեզ ինձմէ հեռու, տափաստանի
մը մշուշին մէջ, սարաւանդի մը
արեւին տակ, կամ այլուր:
Կը յածիս ջուրի եզերքներուն
վրայ, հրուանդաններու ծայրը,
շամբերու ստուերներով վերջացած:
Երա՜զս, ի՜նչքան աղուոր ես
ջուրի եզերքներուն վրայ,
հրուանդաններու ծայրը, շամբերու
ստուերներով վերջացած:
Բայց և, Երա՜զս, դուն այն
ատեն ի՛մս չես...

Թաղում
Ես սիրեցի ծաղկի մը ծոցին
մթութեան մէջ թաղել իմ ցաւս:
Երբ երեկոն հալեցաւ արտին
վրայ, և ցորենի հասկերը իրենց
հրդեհուած քիստերը մարեցին,
ես սուզեցայ հովիտին գորշ
ստուերին մէջ: Ես սուզեցայ հովիտին
գորշ ստուերին մէջ, ուր խոնարհ
զոպան իր աստուածային
բուրմունքը կ’արձակէր:
Ինչպէս քարաքոսը՝ որ պիտի
երբեք արցունքը չճանչնայ, մատներովս
փարեցի հողը խորո՜ւնկ,
խորունկ, և հոն թաղեցի իմ ցաւս,
ծաղկի մը ծոցին մթութեանը մէջ:

Իմ սէրս
Մտայ երեկոյին ապարանքէն
ներս և զովութեան շունչին յանձնեցի
իմ սէրս:
Գորշագոյնն ու մանիշակագոյնը
մուշտակեցին զայն, իրենց մշուշալի
կիսերանգներով:
Հոն իմ սէրս ապրեցաւ, ստուերին
մէջ ըմպելով բոցը խաւարին:
Դարու մը գիշերներէն եկող արհաւիրքը
սարսուռ տուաւ անոր
հիւանդ էութեան:
Ատկէ՜ էր որ մոմի պէս տժգունեցաւ
ան, մսեցաւ ու մեռաւ:

Արբեցութիւն
Այս առաւօտ ամբողջ աշխարհ
մը կը գրկէ հոգիս, հպարտ է
հոգիս, տօն ունի հոգիս:
Կու գամ ուղիներէն՝ ուր մամուռը
երգ ունի, հովը սէր ունի,
պտերը՝ ժպիտ:
Այս առաւօտ տիեզերք մը կը
գրկէ հոգիս, բարի է հոգիս, կայթ
ունի հոգիս:
Կու գամ ուղիներէն՝ որոնց վրայ
շաղն է շղարշեր:
Այս առաւօտ բոց ունի հոգիս,
գինով է հոգիս, ա՜խ, այս առաւօտ
երջանկութիւն մը շնորհեց
հոգիս:

Աքսոր
Աքսորեցի, աքսորեցի՜ հիւանդ
սէրերս: Եւ հիմայ, մոխիրներու
ճամբուն վրայ բուին մայրը կը
վայէ:
Կ'իջնէ երեկոն, հաշիշային,
անուշաբոյր, ուղեկորույս. կ'իջնէ
սանդուխն ի վար մարմարէ:
Մութին մէջ կը հեծեծէ լքւած
Գահը, որուն վրայ երազներուս
ոսկի իշխանն էր բազմեր:
Աքսորեցի՜ բոլոր սէրերս. բայց
ահա, որբ աղջկան մը պէս կու
լամ:
Ի՜նչ խորունկ է պարապութիւնը
մեկնողին:

Ջախջախում
Աչքերս բագիններուդ սևեռած,
ո՜վ Յոյսս, քեզի՜ կ'սպասեմ...:
Այնպէ՜ս թեթև է հոգիս: Կը
սուզիմ կապոյտներուն մէջ, և
հիւսիսայգիներ կը ցանցուին
սրտիս խորը:
Ո՞վ պիտի տայ ինծի արեւը,
սա շիկաբորբ լեզուակներով:
Դո՜ւն, իմ Յոյսս, խոստացար
զայն ինծի հսկումի աղուոր գիշերով
մը: Երջանիկ՝ զայն երազելով,
աչքերս վար կ’իյնան
յանկարծ: Եւ ո՜վ պատրանք, ջղջիկէ
թեւերով աղջամուղջը վրադ
խոյանալով՝ կ'սպառնայ քեզի:
Վհատութիւնն ալ կրակէ թեւերով
հոգիէս ներս կը խուժէ:

Երէկ եւ այսօր
Երազը ո՞րն է, երէ՞կը թէ
այսօր: Երէկ կեանքը կը բռնկէր
անհուն արշալոյսի մը մէջ, և
ամէն բան ճառագայթ էր: Ոստէն
աւիշը կը վերելակէր. և
կապոյտներուն մէջ, սիրող աչքերը
կը ծիծաղէին:
Այսօր՝ կեանքը կը մարի
փլուզակներու մթութեան մէջ: Աղջամուղջը
անթափանց է, և, սիրող
աչքերը դէպի մահը քարացած՝
կ'արտասուե՜ն, կ'արտասուե՜ն...:
Երազը ո՞րն է, կ’ըսէր, երէ՞կը
թէ այսօր:

Թեթեւ ձայներ
Շատ եմ լսեր զանոնք այլևս
չուզելու համար:
Երբեմն անոնք ինծի կու
գային խորհրդաւոր խռովքներով,
ինչպէս թէ հնդիկ անտառի մը
բոյրերը ըլլային:
Թեթև թեթև սոյլեր են այժմ,
որոնց համար սրտիս մէջ ա՛լ
խորշ մը չկայ:
Շա՜տ ընտանի բարեկամներ՝
որոնց կը հանդիպիմ փողոցը կամ
այլուր, և որոնց՝ վարժութեամբ,
«բարեւ» կ'ըսեմ ու կ'անցնիմ:

Հպարտութիւն
Ես պիտի չերթամ անցորդներէն
արգահատանք մուրալու, ցաւին
համար, որ իմ հոգիս կը
հիւծէ:
Հերոսի պէս կ’ուզեմ տանջուիլ,
մի՜ս մինակ, որովհետև գիտեմ
նաև թէ ի՜մ կուրծքիս տակն է
միայն սիրտը՝ որ պիտի ձայն
տայ հեծքերուս:
Ամենէն մութ գիշերին մէջ,
փեղկերս փակ, ակռաներովս
սիրտս խածած՝ յիմարի պէս պիտի
լամ, բայց որպէս զի ոչինչ,
ոչի՜նչ չմատնէ զիս, պիտի
մարած ըլլամ արդէն, աղօտ լոյսն
ալ որ խցիկս կը թրջէ:

Ամայութիւն
Ո՜վ իմ իշխանս, հուրքը՝ աչքերուդ,
կեանքը՝ ձայնիդ մէջ,
եկո՛ւր տիրել քու գահիդ:
Ահա՛ տարի մը, ահա՛ տարի
մ' ալ, այնքան ամուլ է հոգիս,
ա՜յնքան ծարաւի:
Ո՜վ իմ իշխանս, երգը՝ շրթներուդ,
բոցը՝ սրտիդ մէջ, եկո՛ւր
տիրել իմ սրտիս:
Ահա՛ տարի մը, ահա՛ տարի
մ' ալ, ա՜յնքան թափուր է չորս
դիս, ա՜յնքան ամայի:

Յիշատակներ
Յիշատակնե՜ր… որ կը ձիւնէ՜ք,
որ կը ձիւնէք իմ մազերուս:
Ո՜վ բոլոր դուք որ զիս խեղդելու
չափ բարի չէք. ինչո՞ւ յաճախել
լուսամուտիս, երբ առանց
ատոր ալ կմախացած թշուառ
մըն եմ ես: Ո՜վ դուք, մահուան
վարդերու պէս հիւծանոյշ, և
ինչպէս երազ մը՝ ծուլասպիտակ,
ինչո՞ւ ձեր արցունքի տրտմութիւնը
բերել իմ ճամբուս: Հերիք
չէ՞ին այսօրները ծանր ծանր
վիժակներով, և վաղերը անլոյս
վարագոյրով, ինչո՞ւ ձեր աւելորդ
հովբեկներն ալ երէկը այսօրէն
բացխփուլ…:
Ինչո՞ւ, ա՜հ, ինչո՞ւ…:

Տաժանագին վերադարձ
Պէ՜տք էր ուրեմն, վերստին
դառնալ ուղիներուն,
որոնց վրայ երեկոն իր մութն
էր ձգեր: Եւ, կորաքամակ,
քաղել՝ խարխափելով՝ հետքերը
առաւօտի քայլերուն:
Ահ, ծերացած, ծերացա՜ծ է
սիրտը որ հիւանդի պէս կը
հեւայ:
Ու թէպէտեւ ան կը
ճանչնայ ա՜նձնիւր դրոշմը արտին
կակուղ կուրծքին վրայ, բայց
չի կրնար դուրս գալ անկէ:
Օգնութի՜ւն, բարինե՛ր,
ծերունի է. պիտի սուզի՜ եղտիւրին
մէջ:

Յիմարութիւն
Կեանքը նորէ՛ն սկսիլ, ու նորէ՛ն
ժպտիլ աղուոր յոյսերուն,
նորէ՛ն ճանչնալ սէրն ու յուզել
հոգին ակօսներով բոց, նորէ՛ն
գալարուիլ ակնարկներու տակ
կախարդանքով վառ, նորէ՛ն
երազել հօփալները լուրթ,
թիթեռները խօլ, նորէ՛ն տառապիլ,
նորէ՛ն ցաւ զգալ, նորէ՛ն
բաբախել վերջալոյսերուն, նորէ՛ն
նուաղիլ, նորէ՛ն հաւատալ, օ՜,
սիրոյ անհուն խոստումներուն սին
և նորէ՜ն մոռնալ…:
Հայկանուշ Մառք
«Ծուլութեան պահերես», Կ. Պոլիս, 1921, տպ. Մ. Տեր-Սահակեան, 45
էջ:
----------------------------------------
Հրապարակվում է` «Նիդերլանդական օրագրի» և «Օրեր» Եվրոպական ամսագրի «Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը» նախագծի` «Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը: Հայկանուշ Մառք» հոդվածի շրջանակներում («Նիդ.օրագիր»` Friday, 17 June 2022 և «Օրեր»` 12.08.2022)

Նյութը մեզ է տրամադրել հիշյալ նախագծի հեղինակ, բանասիրական գիտությունների թեկնածու` Նաիրա Համբարձումյանը: Համացանցում հրապարակվում է առաջին անգամ: Տեքստի հավաքման աշխատանքը կատարել է Սիրանուշ Փարսադանյանը:
----------------------------------------
© Արտատպության դեպքում, հղումը «Նիդերլանդական օրագիր» և «Օրեր» պարբերականների կայքերին պարտադիր է:
Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
575 | 0
наверх