МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +25 °C Завтра+25 °C
Աշխարհը, որում ապրել է Մանին
10:48, 28.11.2022
1809 | 0

Քաղաքական իշխանության համար պայքարը, մշակութային տարբեր ազդեցություններն ու մրցակցող կրոնները 3-րդ դարի Միջագետքը վերածած են եղել մի վայրի, որտեղ բախվել են երկու կայսրություններ (հռոմեական և պարսկական), որտեղ շփման մեջ են մտել երկու մշակույթներ (հելլենիստական և իրանական) և որտեղ կրոնները ոչ թե երկուսը, այլ՝ բազում կրոնական հոսանքներ են միմյանց դեմ կռվի ելել մարդկանց հոգիներին տիրելու համար: Սակայն այդ անհաշիվ կրոններից ու աղանդներից միայն երկուսն են գլխավոր մրցակիցների դերում եղել: Դրանցից մեկը Հռոմեական կայսրության պաշտոնական կրոնը դարձած քրիստոնեությունն էր, մյուսը՝ զրադաշտականությունը, որին վիճակված էր Իրանում գերիշխող կրոնը լինել:

Երբ ծնվել է Մանին, Միջագետքը եղել է դեռևս մ.թ.ա. 150 թվականին Սելևկյաններից այն զավթած պարթևների իշխանության ներքո: Բայց պարթևների տիրապետությունն այդ ժամանակ մոտեցել էր ավարտին: Ֆեոդալական սկզբունքների հիմքի վրա կառուցված նրանց կայսրությունն սկսել էր բաժանվել մանր պետությունների: Մ.թ. 216 թվականի (այս թվականին է ծնվել Մանին) ամռանը Հռոմի Կարակալա կայսրը Միջագետքի հյուսիսով արշավանք է սկսել պարթևների դեմ ու լուրջ դիմադրության չի հանդիպել: Սակայն մեկ տարի անց Կարակալային սպանել է պրետորիականների պրեֆեկտ Մակրինոսը, որը նույն տարվա ամռանը պարտվել է պարթևներից և ստիպված է եղել նրանց վերջին արքա Արտավան 5-րդից խաղաղություն գնել: Բայց և այնպես պարթև թագավորների օրերն հաշված էին: Պարթև Արշակունիներին արքայատոհմին փոխարինել է Սասանյանների արքայատոհմը:

Սասանի իշխանական տոհմի ներկայացուցիչ Արտաշիրը 208 թվականին Ֆարս երկրամասում իշխանության է անցել: Այն բանից հետո, երբ Արտաշիրի գերիշխանությունը ճանաչվել է հարևան երկրամասերում, նրան հաջողվել է վճռական ճակատամարտում հաղթել Արտավան թագավորին: Այս հաղթանակից հետո Արտաշիրն արշավել է արևելք և իր գերիշխանությունն է հաստատել Արևելյան Իրանում և նույնիսկ հյուսիսարևմտյան Հնդկաստանում: Արտաշիրի հաջողություններն ապահովվել են նրանով, որ նա, ամուսնանալով պարտված արքայի դստեր հետ, բարեկամացել է Արշակունիների հետ և դրանով իսկ շահեել է պարթևական հզոր ավատատերերի բարյացկամությունը:

Արտաշիրին հաջողությունն ուղեկցել է նաև արևմուտքում, բայց Մարաստանի և Հայաստանի վրա հարձակումը ձախողվել է: Այնուամենայնիվ, նա կարողացել է գրավել հուսիսային Միջագետքը (բացի հռոմեական մարզերից) և հանդիսավորապես մտնել է Սելևկյանների մայրաքաղաք Տիզբոն: Այստեղ թագադրվելուց հետո իրանական բոլոր երկրամասերը պարտավոր էին նրան ճանաչել իրենց անվիճելի տիրակալ:

Հիշյալ ժամանակաշրջանում Հռոմում կառավարել է Սևերոսների տոհմի վերջին ներկայացուցիչը՝ Ալեքսանդր Սևերոսը: 230 թվականին Հռոմը ցնցվել է այն լուրից, որ հռոմեական սահմանապահ ամրոց Նիսիբիան, ինչպես նաև հյուսիսարևմտյան Միջագետքը, որոնք Տրայանոս կայսեր արշավանից ի վեր Հռոմի տիրապետության ներքո էին, պաշարված է պարսից նոր տիրակալ Արտաշիրի կողմից: Սակայն պատասխան արշավանքը Հռոմը ձեռնարկել է երկու տարի անց միայն, որը ոչ մի արդյունք չի տվել: Ավելին, 237/238 թվականներին Արտաշիրը վերջնականապես տիրել է Նիսիբիային ու նաև Խառանին, և հռոմեական սահմանը լրջորեն վտանգվել է: Այդ սահմանն ամրապնդելու համար Հռոմը վերականգնել է Եդեսիայի վասալ պետությունը: Այսպիսով, Օստրոենեն իր Եդեսիա մայրաքաղաքով կարճ ժամանակով վերստին հարաբերական անկախություն է ստացել: Բայց հիմա էլ, երբ առաջնաբեմում հայտնվել է պարսից արքայազն Շապուհը, որը հոր հետ համակառավարիչ է դարձել, պարսիկների ակտիվությունը նոր թափ է առել: Հենց այդ ժամանակ էլ Շապուհը նվաճել է ուժեղ դիմադրություն ցույց տված առևտրային Էլ Հադր քաղաքը:

244 թվականին Հռոմը խաղաղության պայմանագիր է կնքել Շապուհի հետ: Այդ պայմանագրի համաձայն Հռոմը պահպանել է է հյուսիսային Միջագետքն ու Փոքր Հայքը, բայց անկախ պետություն Մեծ Հայքը, որն Իրանի դեմ պատերազմներում եղել է Հռոմի հավատարիմ դաշնակիցը, իրեն խաբված է զգացել: Եվ Շապուհին հաջողվել է տարբեր միջոցներով, այդ թվում դավադրաբար հայոց Խոսրով թագավորին սպանելով, աստիճանաբար գերիշխող դիրք ստանալ Հայաստանի նկատմամբ և, ի վերջո, 252 թվականին այնտեղ իրանական զորքեր մտցնել: Կայսրության արևելյան թևի պաշտպանությունը հուսալիորեն ապահովող Հայաստանի կորուստը լուրջ հարված է եղել Հռոմի համար:

Բայց կայսրության համար դեռ նոր փորձություններ էին լինելու: Հայաստանը ներառելով իր ազդեցության ծիրի մեջ՝ Շապուհը մոտեցել է Միջագետքին և 254 թվականին գրավել է Նասիբիա ամրոցը, իսկ 256 թվականին՝ Եփրատի սահմանին գտնվող և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Դուռա Եվրոպոս քաղաքը: 260 թվականին Շապուհը պաշարել է Եդեսիան: Նրան դիմակայել է Վալերիանոս կայսրը՝ փորձելով պաշտպանել այդ կարևորագույն քաղաքը: Երկարատև տատանումներից հետո կայսրը համարձակվել է բախտը փորձել բաց մարտում, բայց թվաքանակով հակառակորդին զիջող նրա բանակը շրջապատվել է: Վալերիանոսը փորձել է անձամբ բանակցել Շապուհի հետ, բայց նրան գերեվարել են իր պրեֆեկտի, պրովինցիաների ղեկավարների, սենատորների և մեծ քանակությամբ բարձրաստիճան զորահրամանատարների հետ միասին: Հռոմեական բանակը խուճապի է մատնվել ու ամբողջ կազմով կապիտուլյացիայի է ենթարկվել: Դա Հռոմի պատմության մեջ ամենախայտառակ պարտություններից մեկն է եղել:

Նկարում՝ Շապուհի առջև ծնկած Վալերիանոսը:

(շարունակելի)

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
309 | 0
09:44, 13.04.2024
419 | 0
11:39, 08.04.2024
408 | 0
09:16, 06.04.2024
354 | 0
08:44, 03.04.2024
293 | 0
наверх