Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք Նիդերլանդներում Նիդերլանդներում առաջինը FAON-ը դեսպանության հովանու ներքո կազմակերպեց Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Ապրիլի 19-ին Ամստերդամի Eye կինոթանգարանի ցուցասրահում ռեժիսորը Իննա Սահակյանի «Ավրորայի արևածագը» անիմացիոն ֆիլմով սկսվեց անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողողությունը` Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում Հայաստանի Հանրպետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի բացման խոսքով: Ապրիլի 23-ին հիշյալ ֆիլմը ցուցադրվելու է ՈՒտրեխտում: Նույն ֆիլմը ցուցադրվելու է նաև Մաստրիխտում: Տեղի Անի Հայ Համայնքը և Սուրբ Կարապետ եկեղեցու վարչությունը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1, 5 միլիոն հայ զոհերի հիշատակը նշելու են ապրիլի 23 ին ժամը 13-30-ին Սուրբ Կարապետ Եկեղեցիում։ Ծրագրում նախատեսված է Կոմիտաս վարդապետի ստեղծագործություններից` լարային քառյակի հնչողությամբ, Արմեն Նազարյանի ղեկավարությամբ, նույն խորագրով կլինեն նաև ընթերցանություններ։ Ոգեկոչման արարողությունը կավարտվի երեկոյան` ֆիլմի ցուցադրությունով: Ասենում և Ալմելոյում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հուշարձաններին Հայկական համայնքներից ժամանած պատվիրակները ծաղիկներ ու ծաղկեպսակներ կխոնարհեն ապրիլի 24-ին: Ալմելոյում ծրագիրը կսկսվի ժամը 18: 00-ին` Արևմտյան Եվրոպայի պատվիրակ, Վատիկանում Հայոց եկեղեցու ներկայացուցիցչ, Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի խոսքով ու աղոթքով: Ապրիլի 25-ին Ալմելոյի հայ Առաքելական եկեղեցին ՀԲԸՄ հիմնադրամի և «Երևան» կազմակերպության հետ ցեղասպանության թեմայով կազմակերպում է «Թաքնված քարտեզը» վավերագրական ֆիլմի ցուցադրումը, որին ներկա է լինելու ֆիլմի ռեժիսոր Անի Հովհաննիսյանը: Ֆիլմի սցենարն այսպես է զարգանում. Ցեղասպանությունը վերապրած ամերիկահայ թոռնուհին գնում է իր կորսված նախնիների հայրենիք՝ բացահայտելու վաղուց թաղված ճշմարտությունները: Իր ճանապարհորդության ընթացքում հանդիպում է շոտլանդացի հետախույզի, որի հետ շատ գաղտնիքներ են բացահայտում... Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ոգեկոչման ընդարձակ արարողակարգ է նախատեսված Ամստերդամում: Այն կազմակերպել են «Գրիգոր Նարեկացի» հիմնադրամը «Սուրբ Հոգի» եկեղեցու հետ համատեղ, ամենամյա ոգեկոչումը տեղի կունենա կիրակի օրը՝ ապրիլի 23-ին, ժամը 12: 00-13: 00-ը Ամստերդամի Krom Boomssloot 22 հասցեում, Հայ Առաքելական «Սուրբ Հոգի» եկեղեցու արտաքին պատին տեղադրված հուշաքար-խաչքարի մոտ։ Ծրագիրը կսկսվի կարճ աղոթքով, որին կհաջորդեն մի շարք ելույթներ, հուշարձանին կդրվեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ: Եկեղեցու հարևանությամբ «Հայկական կամրջի» վրա Black Swan կվինտետի երաժշտական կատարումներին կհաջորդի լռության րոպեն։ Արարողությանը ելույթ կունենա դեսպան Տիգրան Բալայանը: Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը կմասնակցեն և հավանաբար ելույթներ կունենան Ամստերդամի փոխքաղաքապետ Ռուտգեր Խրոտ Վասինկը, խորհրդարանի ու քաղաքային խորհրդի պատգամավորները: Հիշատակի արարողությանը կմասնակցեն նաև Նիդերլանդների քաղաքացիական հասարակության, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Նիդերլանդների հունական, ասորի և եզդի համայնքների անդամներ։ Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ տեղի կունենան Նիդերլանդների հայկական համայնք ունեցող մյուս քաղաքներում: «Նիդերլանդական օրագիր» |